12 մարտի 2014 - 15:26 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Աշխատանքային խմբերի միջև «Ճանապարհային քարտեզի» քննարկումները հավանաբար կավարտվեն մարտի վերջին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 12-ին, ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմանովին, ով համակարգում է կառույցի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերը:

Հանդիպմանը քննարկվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման աշխատանքային խմբերի գործունեությունը: Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների և ներդրումների, հարկային ու մաքսային քաղաքականության, մաքսատուրքերի, ինչպես նաև մտավոր սեփականության հարցերի առնչությամբ անցկացվող քննարկումների վերաբերյալ: Կողմերն ամփոփել են իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և պատրաստակամություն հայտնել շարունակել խորհրդակցությունները՝ մոտ ապագայում տվյալ ուղղություններով համաձայնեցված մոտեցում մշակելու նպատակով: Նախանշվում է աշխատանքային խմբերի ձևաչափով քննարկումներն ավարտել մինչև մարտի վերջ:

Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր «Ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը:

Մարտի 5-ին բացելով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ են ձեռնամուխ լինել ԵՏՀ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստմանը:

«Հայկական կողմն ընդունել և հաջողությամբ իրականացնում է միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանն անդամակցելու համար ու ԵՏՀ պահանջներին ու նորմերին համապատասխանելու համար, ուստի հնարավոր ենք համարում անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանը»,- ասել էր Ռուսաստանի նախագահը:

Մարտի 1-ին մամուլի ասուլիսին ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ ապրիլի կեսին ավարտին կմոտենա ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրագործումը: Նա հավելել էր, որ զուգահեռ մշակվում է նաև համաձայնագիրը:

«ՄՄ անդամ երկրներն ու Հայաստանը պետք է համաձայնության գան համաձայնագրի շուրջ, որից հետո այն վավերացման կներկայացվի ԱԺ-ին: Այժմ դժվար է ասել, թե երբ այն կներկայացվի խորհրդարան»,- ասել էր նա:

Հարցին, թե ինչու է Հայաստանն այդքան շտապում անդամակցել ՄՄ-ին, պատասխանել էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը՝ ասելով, որ Հայաստանը չի արագացնում անդամակցության գործընթացը, այլ ուղղակի շատ երկար ու լուրջ ճանապարհ է անցել մինչ այս որոշման կայացումը:

Շավարշ Քոչարյանն իր հերթին նշել էր, որ շուտով կսկսվի բանակցային գործընթացը ՄՄ անդամ երկրների հետ Հայաստան երրորդ երկրներից ներկրվող ապրանքների մաքսային տուրքեր չփոխելու շուրջ: Նա հավաստիացրել էր, որ ՀՀ ու ՄՄ տնտեսական տարածքի միջև ֆիզիկական սահմանի բացակայությամբպայմանավորվածբոլոր խնդիրները կկարգավորվեն։

ՖՈՏՈՇԱՐՔ