13 մարտի 2014 - 18:27 AMT
Հայաստանը կմասնակցի ՄՄ մաքսային նոր օրենսգրքի մշակմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 13-ին, ընդունել է մաքսային գործակցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինին, ում հետ քննարկել են Մաքսային միությանը և Եվրասիական միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության գործընթացի շրջանակում մաքսային գործակցությանը և մաքսային օրենսդրությանը վերաբերող հարցեր: Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին զեկուցել են այդ ուղղությամբ անցկացված քննարկումների արդյունքների մասին: Վլադիմիր Գոշինը մանրամասներ է ներկայացրել ՄՄ մաքսային նոր օրենսգրքի մշակման վերաբերյալ, որը ուժի մեջ կմտնի հաջորդ տարի:

Գործընթացը համակարգում է ՄՄ անդամ երեք երկրների փոխնախարարների մակարդակով գործող աշխատանքային խումբը, որի աշխատանքներին այսուհետ կողմերի պայմանավորվածությամբ կմասնակցեն նաև հայկական կողմի ներկայացուցիչները:

Նախօրեին վարչապետն ընդունել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմանովին, ով համակարգում է կառույցի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերը:

Հանդիպմանը քննարկվել էին «ճանապարհային քարտեզի» իրականացման աշխատանքային խմբերի գործունեությունը: Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների և ներդրումների, հարկային ու մաքսային քաղաքականության, մաքսատուրքերի, ինչպես նաև մտավոր սեփականության հարցերի առնչությամբ անցկացվող քննարկումների վերաբերյալ: Կողմերն ամփոփել են իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և պատրաստակամություն հայտնել շարունակել խորհրդակցությունները՝ մոտ ապագայում տվյալ ուղղություններով համաձայնեցված մոտեցում մշակելու նպատակով: Նախանշվում է աշխատանքային խմբերի ձևաչափով քննարկումներն ավարտել մինչև մարտի վերջ:

Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր «Ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը:

Մարտի 5-ին բացելով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ են ձեռնամուխ լինել ԵՏՀ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստմանը:

«Հայկական կողմն ընդունել և հաջողությամբ իրականացնում է միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանն անդամակցելու համար ու ԵՏՀ պահանջներին ու նորմերին համապատասխանելու համար»,- ասել էր Ռուսաստանի նախագահը` հավելելով, որ արդեն հնարավոր է անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանը։

Մարտի 1-ին մամուլի ասուլիսին ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ ապրիլի կեսին ավարտին կմոտենա ՄՄ-ին անդամակցության «Ճանապարհային քարտեզի» իրագործումը: Նա հավելել էր, որ զուգահեռ մշակվում է նաև համաձայնագիրը:

Հարցին, թե ինչու է Հայաստանն այդքան շտապում անդամակցել ՄՄ-ին, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը նշել էր, որ Հայաստանը չի արագացնում անդամակցության գործընթացը, այլ ուղղակի շատ երկար ու լուրջ ճանապարհ է անցել մինչ այս որոշման կայացումը:

Շավարշ Քոչարյանն իր հերթին նշել էր, որ շուտով կսկսվի բանակցային գործընթացը ՄՄ անդամ երկրների հետ Հայաստան երրորդ երկրներից ներկրվող ապրանքների մաքսային տուրքեր չփոխելու շուրջ: Նա հավաստիացրել էր, որ ՀՀ ու ՄՄ տնտեսական տարածքի միջև ֆիզիկական սահմանի բացակայությամբպայմանավորվածբոլոր խնդիրները կկարգավորվեն։