18 մարտի 2014 - 22:44 AMT
Հունգարիայի ՄԻՊ-ը Սաֆարովի գործով զեկույցում դատապարտել է նրա արտահանձնումը

Օրերս Հունգարիայի օմբուդսմեն Լասլո Սեքեյը Հայաստանի ՄԻՊ Կարեն Անդրեասյանին է ներկայացրել հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ իր արտահերթ զեկույցը: Հունգարիայի օմբուդսմենը քննադատել է հունգարական կառավարության, մասնավորապես՝ արդարադատության նախարարի գործողությունները՝ կապված Սաֆարովի արտահանձնման հետ:

Զեկույցում, մասնավորապես, նշված է. «Երբ խոսքը վերաբերում է նման դեպքերին, պետությունը պետք է ավելի աչալուրջ լինի և պահանջի հստակ երաշխիքներ, այնինչ արդարադատության նախարարը՝ էքստրադիցիայի համաձայնությունը տալիս, որևէ գրավոր երաշխիք չի պահանջել ադրբեջանական կողմից այն մասին, որ հայրենիքում Սաֆարովը կշարունակի իր պատիժը կրել ամբողջ խստությամբ: Արդարադատության նախարարը պետք է հաշվի առներ, որ Հունգարիայի և Ադրբեջանի հասարակությունները ամբողջապես տարբեր մոտեցումներ ունեին ինչպես դատապարտյալի, այնպես էլ նրա կատարած հանցանքի վերաբերյալ»:

Զեկույցում շեշտվում է նաև, որ «նման կերպ վարվելով՝ նախարարն ուղղակիորեն վտանգել է օրենքի գերակայության սկզբունքի կիրառությունը և դրանից բխող իրավական որոշակիությունը: Արդյունքում, համաձայնելով էքստրադիցիային, նա թուլացրել է իր իսկ երկրի քաղաքացիների հավատը սեփական երկրում արդարության և վստահության նկատմամբ»:

Բուդապեշտում Լասլո Սեքեյի հետ վերջին հանդիպմանը Կարեն Անդրեասյանը կարևորել է երկու երկրների ՄԻՊ գործակցությունը՝ նշելով, որ օմբուդսմենի ինստիտուտն ապաքաղաքական մարմին է, և անկախ իրենց երկրների վարած քաղաքականությունից կամ դիվանագիտական հարաբերություններին, այդ կառույցները պիտի շարունակեն գործակցել հանուն մարդու իրավուքների պաշտպանության, տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից։

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի քաղաքային դատարանի կողմից դատապարտել էր մարդասպանին ցմահ ազատազրկման 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի: 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին էր արտահանձնել ոճրագործին: Հայրենիքում Սաֆարովին ներում և հերոսի կոչում էին շնորհել, ինչպես նաև բնակարան տվել ու վճարել 8 տարվա համար նախատեսված աշխատավարձը: Ի պատասխան Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Ինչպես պնդում է Բուդապեշտը, մինչև Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանը Հունգարիային երաշխիքներ էր տվել, որ նրա ցմահ ժամկետը դատարանը կարող է փոխել ազատազրկման այլ ժամկետով կամ պայմանական պատիժով միայն առնվազն 25 տարի բանտում անցկացնելուց հետո: Համաշխարհային հանրությունը խիստ քննադատության է ենթարկել Բուդապեշտին Սաֆարովի արտահանձնման համար, իսկ Բաքվին՝ նրան ապօրինի ազատելու համար:

Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովն արտահանձնվել էր 2-3 մլրդ եվրո գումարի հունգարական պետպարտատոմսերը գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը հերքում է այդ մեղադրանքները:

Ավելի ուշ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փակ կուսակցական նիստում խոստովանել էր, որ որոշում է կայացրել մարդասպանին Ադրբեջանին արտահանձնելու մասին, թեև գիտեր, որ վաղ թե ուշ նրան ազատելու են: Կուսակցական նիստում Օրբանը հայտարարել էր, որ կուսակիցներն ու խորհրդականներն իրեն բազմիցս զգուշացրել են քայլի ռիսկերի մասին, սակայն հունգարացի վարչապետը դիտարկել էր այդ որոշոմը որպես ադրբեջանցիների օգտին ժեստ հետագայում Հունգարիայի բյուջեի համար նոր վարկատուների ապահովելու համար: Օրբանը նաև խոստովանել էր, որ գիտեր հնարավոր հետևանքների մասին, սակայն կարծում էր, թե Սաֆարովին մի քանի ամիս անց կազատեն «առողջական վիճակի պատճառով»: