3 մայիսի 2006 - 15:59 AMT
Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Ա-320 ինքնաթիռի վթարից զոհվածների ընտանիքներին
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցություն է հայտնել Երեւան-Սոչի չվերթը կատարող Ա-320 ինքնաթիռի վթարից զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին: Կաթողիկոսի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Խոր վշտով տեղեկացանք Երեւան-Սոչի ուղերթի օդանավի կործանման - բազմաթիվ զոհերի մասին: Սգում ենք այս մեծ ու անսպասելի կորուստը աղետից զոհվածների հարազատների եւ համայն մեր ժողովրդի հետ: Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության եւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի` Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների բոլոր հարազատներին ու մերձավորներին: Աղոթում ենք առ Աստված, որ Իր երկնային բարձունքներում լույսերի մեջ ընդունի զոհվածների հոգիները եւ պարգեւի երանական խաղաղություն: Հայցում ենք, որ Տերը Սուրբ Հոգու շնորհով համբերություն եւ մխիթարություն պարգեւի հանգուցյալների հարազատներին` վերապրելու կորստյան վիշտը: Մշտահունչ աղոթք եւ աստվածային օրհնություն աղետից զոհվածների հիշատակին»,-հաղորդում է Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը: