20 մարտի 2014 - 12:46 AMT
Երևանի քաղաքապետ. Ուղեվարձն ապրիլի 1-ից չի թանկանա

Քաղաքապետարանում գումարված հերթական նիստի ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է ավագանու անդամների հարցերին: Անդրադառնալով Երևանի քաղաքային տրանսպորտի թանկացման խնդրին` քաղաքապետը նշել է. «Տևական ժամանակ է, ինչ որոշ լրատվամիջոցներ ժամկետներ են հրապարակում, թե այսինչ օրը ուղեվարձը կթանկանա: Վերջին այդպիսի հրապարակման մեջ ասվում էր, որ ուղեվարձն այս տարվա ապրիլի մեկից թանկանալու է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ուղեվարձն այս տարվա ապրիլի մեկից չի թանկանալու»: Նա հորդորել է նման տեղեկություններ տարածողներին գուշակությամբ չզբաղվել:

2013 թվականի հուլիսի 1-ից Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի սակագինը սահմանվել էր 150 դրամ, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում: Մարդիկ հրաժարվում էին վճարել 150 դրամ, երթեր ու ցույցեր էին կազմակերպում, բոլորին հորդորում շարունակել վճարել 100 դրամ:

Արդյունքում` 2013-ի հուլիսի 25-ին Տարոն Մարգարյանը կասեցրեց քաղաքային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ սահմանելու մասին որոշումը. «Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից և շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասցնի մի քանի ամիսների ընթացքում մշակել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել որոշումը, իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի»:

Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը գումարվեց սեպտեմբերի 27-ին, գրում է «Առավոտը»:

Նիստի ընթացքում Վահե Նիկոյանը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի 2911-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի այն հիմնական չափորոշիչները, որոնք կարող են հիմք հանդիսանալ ուղևորափոխադրումների վարձի ձևավորման համար` երթուղային ցանցի ցուցանիշների ապահովում, շարժակազմի՝ երթուղիներում շահագործվելու թույլատրելի ժամկետի սահմանափակում, անսարք մեքենաների երթուղի դուրս գալը բացառելը, վարորդների վարքագծի կանոնների սահմանումը և ապահովումը (արտաքին տեսք, սպասարկման որակ, վարք, արտահագուստ): Չափորոշիչների շարքում տեղ է գտել նաև հաշմանդամություն ունեցողների համար հասարակական տրանսպորտից (ավտոբուսներից) օգտվելու ապահովումը:

Հանձնաժողովի երկրորդ նիստին, որը գումարվել է հոկտեմբերի 25-ին, ներկայացվել է ծախսերի հաշվարկը, այսինքն՝ այն ծախսերը, որոնք ամսվա կամ տարեկան կտրվածքով անում են երթուղագիծ շահագործող տնտեսվարողները, որից էլ պետք է գոյանա նոր ուղեվարձի հաշվարկը:

Երրերդ նիստին` դեկտեմբերի 26-ին, հանձնաժողովի նախագահ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել էր, որ. «Հանձնաժողովն աշխատում է, և աշխատանքի արդյունքները, բնականաբար, կներկայացվի հանձնաժողովի քննարկմանը, թե ծախսային մասով, օպտիմալացնելու և ուղևորահոսքի հետազոտությունները, որից հետո նոր միայն կարող է խոսք գնալ ինքնարժեքի հաշվարկի, այնուհետև նաև սակագնի ձևավորման մասին, այսինքն՝ այն շահարկումները, որ հունվարի մեկից, կամ չգիտեմ, տարբեր ժամկետներ էին շահարկում, չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է Վահե Նիկոյանը: