20 մարտի 2014 - 13:49 AMT
Ղարաբաղում մարտական խնդիր կատարելիս զինվոր է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել (թարմացված)

Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի սպա Մերի Սարգսյանն ավելի ուշ հայտնել է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում 1 զինծառայողի մահվան և 1 զինծառայողի վիրավորվելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ», գրում է Panorama.am-ը:

Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար շարքային Արման Ղուկասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Երեկվանից նաև տեղեկատվություն է շրջանառվում հակառակորդի կողմից Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ ակտիվ կրակահերթ արձակվելու մասին:

Ըստ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, նման կրակոցները հաճախակի բնույթի են և անհրաժեշտության դեպքում հայ դիրքապահները հակառակորդին լռեցնելուն ուղղված քայլերի են գնում:

«Չինարի գյուղի ուղղությամբ հակառակորդն իսկապես խախտել է հրադադարի ռեժիմի կանոնները, սակայն կրակահերթն այդքան էլ ինտենսիվ չի եղել»,- նշել է Հովհաննիսյանը:

Հունվարի երկրորդ կեսից թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել էին նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ: Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել էր Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել էին Բերդի հոսպիտալ։

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով: