26 մարտի 2014 - 13:51 AMT
Պուտինին է ներկայացվել ՀՀ հետ ռազմատեխնիկական գործակցության զարգացման մասին պայմանագիրը

ՌԴ կառավարությունը վավերացման համար նախագահ Վլադիմիր Պուտինի հաստատմանն է ներկայացրել Հայաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության զարգացման մասին պայմանագիրը: Պայմանագիրը վերաբերում է գործակցությանը սպառազինության ու ռազմական տեխնիկայի մշակման, արտադրության, շահագործման, վերանորոգման, արդիականացման, շահագործման ժամկետների երկարացման ոլորտում, ինչպես նաև ուտիլիզացիայի վերաբերյալ, հայտնում է «Նովոստի Արմենիա» գործակալությունը:

ՌԴ նախարարների կաբինետը հավանություն էր տվել պայմանագրին և փոխանցել է այն նախագահին վավերացման ներկայացնելու համար փետրվարի 28-ին:

«Պայմանագրով նախատեսվում է բարենպաստ ռեժիմ սահմանել կողմերի համագործակցության համար սպառազինության և ռազմատեխնիկայի մշակման, արտադրության, շահագործման, վերանորոգման, արդիականացման, օգտագործման ժամկետների երկարացման, ինչպես նաև ոչնչացման ոլորտներում»,-ասվում էր հաղորդագրության մեջ:

ՀՀ խորհրդարանը վավերացրել էր ամռանը ստորագրված պայմանագիրը 2013 թվականի դեկտեմբերի 4-ին:

2013-ի հունիսին ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ-ն ու ու ՌԴ-ն ստորագրել էին ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանագիրը:

ՌԴ կողմից փաստաթուղթը ստորագրեց Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը, իսկ հայկական կողմից՝ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը:

Պայմանագրով նախատեսվում է, որ կողմերը միմյանց ռազմական նշանակության արտադրանքը կառաքեն նույն բնութագրերով և նույն համալրմամբ, ինչ սեփական ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զինվորական ստորաբաժանումների, իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների համար: Բացի այդ, պայմանագիրը իրավունք է վերապահում ռազմական նշանակության արտադրանք առաքող կողմին վերահսկել նրա առկայությունն ու կիրառումն ըստ նշանակության, որի կարգը կողմերը կսահմանեն լրացուցիչ համաձայնագրով:

Բացի այդ կողմերը պայմանավորվել են, որ քայլեր կձեռնարկվեն ՀՀ ռազմական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը: Կստեղծվեն նաև սահմանապահների ու ԱԻՆ մասնագետների պատրաստման կենտրոններ: Հայաստանի ՊՆ-ն Ռուսաստանի օգնությամբ կստեղծի վերանորոգման բազա ոչ միայն ցամաքային զորքերի, այլև ՀՕՊ և ՌՕՈւ սպառազինության համար:

Ըստ որոշ տվյալների, ուղիղ գնումներ են նախատեսվում ՌԴ ռազմական գործարաններից: 2013 թ. հոկտեմբերի 4-ին Երևանում ՀԱՊԿ ծրագրի շրջանակում բացվեց «Կամազ-Հայաստան» սպասարկման կենտրոնը, որտեղ զինտեխնիկա է վերանորոգվելու: «ՀԱՊԿ շրջանակներում գործակցության հիմնական ուղղություններից այսուհետ կլինի կազմակերպության անդամ երկրների տարածքում սպառազինության ու զինտեխնիկայի վերանորոգման սպասարկման կենտրոնների բացումը»,- նախօրեին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: