29 մարտի 2014 - 12:26 AMT
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն ապրիլին կհանդիպեն Մոսկվայում

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը նախապատրաստելու համար երկու երկրների արտգործնախարարներն ապրիլի սկզբին կհանդիպեն Մոսկվայում: Այս մասին համատեղ հայտարարության մեջ տեղեկացրել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) ու Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)՝ Հաագայում մարտի 23-24-ին երկու երկրների նախագահների հետ հանդիպումների արդյունքում։ Դրանց մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները Հայաստանի Ադրբեջանի նախագահներին ներկայացրել են արտգործնախարարների հետ իրականացված աշխատանքներն այն խնդիրների շուրջ, որոնք բարձրացվել էին նախորդ տարվա նոյեմբերին Վիեննայում կայացած երկու երկրի ղեկավարների հանդիպմանը:

Միջնորդներն ընդգծել են սահմանին ու շփման գծում հրադադարի խախտման ռեժիմը պահպանելու անհրաժեշտությունը և կողմերին կոչ արել խուսափել ամպագորգոռ հռետորաբանությունից, ինչը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում:

Մարտի 26-ին Հաագայում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել էին, Twitter-ի իր էջում ավելի ուշ գրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները զրուցել են Հաագայում: Արդյո՞ք նրանք իրականում որոնում են ղարաբաղյան կարգավորման ուղիներ»,- գրել էր նա:

Հաագայում այդ օրերին անցնում էր Միջուկային անվտանգության երրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել է մոտ 5000 պատվիրակ, այդ թվում նաև աշխարհի 58 երկրի առաջնորդ:

Ավելի վաղ Նիդերլանդներում հանդիպել էին երկու երկրների ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: Ուորլիքի հերթական գրառման համաձայն, հանդիպումը դրական էր եղել, «հաստատուն խաղաղությունն էլ հնարավոր է»:

Եվս մեկ գրառման մեջ ամերիկացի համանախագահը գրել է․ «Ինձ այսօր ուղղեցին՝ դա հակամարտություն է Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև: Մենք խաղաղ գոյակցություն ենք ցանկանում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի համար»:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փետրվարի 22-ից մարտի 11-ը մի շարք հանդիպումներ էին ունեցել Փարիզում ու Մոսկվայում, այդ թվում ՌԴ պաշտոնատար անձանց հետ: Ըստ դրանց տարածած հաղորդագրության, համանախագահները երկու երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումներում շարունակել էին աշխատանքը 2013-ի նոյեմբերին տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ: Նախարարները հաստատել էին գոյություն ունեցող հարցերը լուծելու ու գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունը: