29 մարտի 2014 - 11:23 AMT
ԱՄՆ Պետդեպը «խորապես մտահոգված է» Քեսաբի վրա իսլամիստների հարձակումներով

Նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարությունում ամենօրյա ճեպազրույցի ժամանակ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ Պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Սիրիայի հայաշատ հին հայկական Քեսաբ քաղաքում ստեղծված իրավիճակով, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Միևնույն ժամանակ Պետքարտուղարությունը չի դատապարտել Թուրքիայի դերը քաղաքի վրա հարձակման գործում:

«ANCA-ն ողջունում է մտահոգությունը Քեսաբի դեմ հարձակումների վերաբերյալ և մտադիր է շարունակել խորհրդակցություններն այդ հարցի շուրջ Պետքարտուղարության ներկայացուցիչների հետ: Մենք մտադիր ենք մատնանշել հայերի, բոլոր քրիստոնյաների ու այլ փոքրամասնությունների դեմ ուղղված բռնության կոնկրետ փաստերը Քեսաբում, Հալեպում և Սիրիայի այլ շրջաններում: Մենք նախկինի պես մտահոգված ենք իրավիճակով և համարում ենք, որ ԱՄՆ վարչակազմի լռությունը վկայում է Թուրքիայի աջակցության մասին ահաբեկիչներին և կոչ ենք անում Օբամայի վարչակազմին կասեցնել Թուրքիայի մասնակցությունը Սիրիայի հայ բնակչության դեմ գրոհներին, իսկ պետքարտուղար Քերին պետք է հանդես գա Թուրքիային ուղղված ուղերձով»,- հայտարարել է կազմակերպության նախագահ Քեն Խաչիկյանը:

Իր հերթին Մարի Հարֆը նշել է, որ «տուժածների թվում շատ են քաղաքացիական անձիք, բոլոր նրանք և նրանց սրբությունները պետք է պաշտպանված լինեն: Մենք վաղուց ենք մտահոգություն հայտնում Սիրիայի հայ համայնքի հանդեպ ծայրահեղականներից բխող սպառնալիքի վերաբերյալ»:

Ամերիկայի երիտասարդական ֆեդերացիան ուրբաթ օրը մամուլի ասուլիս էր կազմակերպել ԱՄՆ հայ համայնքի անդամների մասնակցությամբ, որից հետո բողոքի ցույց տեղի ունեցավ Լոս Անջելեսում թուրքական հյուպատոսության դիմաց: Բողոքի ակցիային մասնակցել է նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը և Կալիֆորնիայի հայ համայնքի առաջնորդները:

Հիմնական իրադարձությունները ծավալվում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում: Մարտի 21-ին «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցող ծայրահեղական «Ջաբհաթ ան Նուսրա» և «Ահրար աշ Շամ» մի քանի հազար հոգանոց խմբավորումները հարձակում են ձեռնարկել Քեսաբի շրջանի վրա՝ Թուրքիայի սահմանի մոտ, որտեղ բնակչության մեծ մասը հայեր են: Անօրինական զինված խմբավորումների հարձակումը, որն ըստ Դամասկողի հավաստման, կատարվել է հրետանային աջակցությամբ, այդ թվում՝ Թուրքիայի տարածքից տանկային համազարկերով, հանգեցրել է մի շարք բնակավայրերի, այդ թվում Քեսաբի ժամանակավոր կորստին: Ահաբեկիչների բարբարոսություններից խուսափելու համար Քեսաբի, Սամրայի, Նաբու ալ Մուրի հայ բնակչությունը լքել է տները և սիրիացի զինվորականների պաշտպանությամբ տեղափոխվել Լաթաքիա:

Քեսաբ քաղաքի գրավումն արժանացել է ամբողջ աշխարհի հայության քննադատական արձագանքին: Երևանում ՄԱԿ-ի ներկայացուցչության մոտ ցույց է եղել՝ Սիրիայում անօրինական զինված խմբավորումների կողմից ազգային և կրոնադավանական փոքրամասնությունների հետապնդմանը վերջ դնելու պահանջով: Միաժամանակ Հայաստանի ղեկավարությունը երախտագիտություն է հայտնել Սիրիայի իշխանություններին հայ բնակչության պաշտպանության համար: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին կոչ է արել ճնշում գործադրել Անկարայի վրա և նրան ստիպել դադարեցնել աջակցությունը զինյալներին, որոնք հարձակվել են Քեսաբի խաղաղ բնակչության վրա:

Ծայրահեղականները շարունակում են ահաբեկել Սիրիայի խաղաղ բնակչությունը, մշտական հրետակոծության ենթարկելով երկրի քաղաքներն ու բնակավայրերը: Դամասկոսում 2 ուսանող է զոհվել, 15-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հոմսում հարձակումների արդյունքում 5 մարդ է զոհվել, Դամասկոսում՝ 6, 9-ը վիրավորվել են: Լաթաքիայի գնդակոծության հետևանքով 8 բնակիչ կզոհվի: Ըստ Դամասկոսից ստացվող տեղեկությունների, գրոհայինների գրաված հողերում տարածվել է մարդկային օրգանների ապօրինի առևտուրը: Շատ դեպքերում այդ գործողությունների զոհ են դառնում երեխաները: ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ ծայրահեղականները մի քանի ճամբարներ են բացել դեռահասների համար, որտեղ երեխաներից մահապարտ ահաբեկիչների են պատրաստում:

Պղծվում են կրոնական սրբությունները, ինչպես քրիստոնեական, այնպես էլ մահմեդական: Ռակկա քաղաքի արվարձանում ահաբեկիչները քանդել են Մուհամմեդ մարգարեի կողմնակիցներ Ամմար իբն Յասինի ու Ուվայսա ալ Քարնիի շիրիմները:

Քեսաբի դեպքերի կապակցությամբ հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարարությունը, ըստ որի Սիրիայում վերջին օրերին իրադրությունը բնութագրվում է լարվածության կտրուկ սրմամբ կառավարական ուժերի և անօրինական զինված խմբավորումների միջև, որոնք փորձում են վրեժխնդիր լինել վերջերս կրած պարտությունների շարքի համար: Ռուսաստանի արտգործնախարարությունը խստորեն քննադատում է «ահաբեկչական գործողությունները և խաղաղ բնակչության նկատմամբ այլ հանցագործությունները, այդ թվում սիրիական քաղաքների բնակելի թաղամասերի վրա ոչ թիրախային կրակոցները»:

Արդեն մի քանի օր է սիրիական հայաբնակ Քեսաբում ողբերգական իրադարձություններ են կատարվում: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ: Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Շաբաթվա սկզբին ինտերնետում զետեղվել է Թուրքիայի պաշտոնյաների մասնակցությամբ գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում քննարկվում են Թուրքիայի գաղտնի ծրագրերը Սիրիայի վերաբերյալ: Սիրիայում քաղաքացիական պատերազմի տարիներին 70 հայ է զոհվել:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ մոտ 20 հազար հայ հեռացել է Սիրիայից, հիմնականում մեկնելով Հայաստան, Լիբանան ու ԱՄՆ: