31 մարտի 2014 - 15:06 AMT
Փարիզի նոր քաղաքապետը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ակտիվ կողմնակից է

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Անն Իդալգոն կդառնա Փարիզի նոր քաղաքապետը և պատմության մեջ առաջին կինը, որը կզբաղեցնի այդ պաշտոնը: Այդպիսին են պաշտոնական տվյալները, որոնք կիրակի օրը հրապարակել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկրում կայացած տեղական ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Իդալգոն, հավաքելով ձայների 53,3 տոկոսը, հաղթեց մրցակցուհուն՝ աջերի ներկայացուցիչ, նախկին նախարար Նատալի Կոստյուշկո-Մորիզեին գրեթե 10 տոկոսի առավելությամբ, չնայած, որ առաջին տուրում զիջել էր նրան:

Պաշտոնապես քաղաքապետի ընտրությունները կկայանան ապրիլի 5-ին քաղխորհրդի նիստում, որը ձևավորվում է քաղաքացիների քվեարկության արդյունքների համաձայն:

Անն Իդալգոն երկար տարիներ զբաղեցրել է Փարիզի փոխքաղաքապետի պաշտոնը Բերտրան Դելանոեի պաշտոնավարման ընթացքում, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը 2001 թվականից:

Փետրվարի 8-ին այն ժամանակ դեռ քաղաքապետի թեկնածու Անն Իդալգոն հայտարարեց, որ Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին միայն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Cihan Haber-ը: Ըստ նրա, իր համար Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան ավելի ուժեղ կդառնա, ասել է նա:

Անն Իդալգոն հայտարարել է նաև, որ կողմ է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը: «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է ընդունել օրենք, որին Սահմանադրական դատարանը հավանություն կտա»,-ասել է Փարիզի քաղաքապետի թեկնածուն՝ հավելելով. «Ողբերգական ու դրամատիկ պատմության ժխտումը թույլ չի տալիս նորը կառուցել»:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկն է: Օրինագծի մասին պաշտոնապես կհայտարարվի նրա Թուրքիա կատարած այցից չորս ամից անց՝ 2014 թվականի մայիսին Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարելիք այցի ժամանակ:

Ըստ Անն Իդալգոյի, իր ընտրվելու դեպքում ապրիլի 24-ի ամենամյա հիշատակի միջոցառումները, որոնց 2001 թվականից ի վեր մասնակցում է նաև ինքը Իդալգոն, տևական բնույթ կստանան: Իսկ 2015 թվականին Փարիզի քաղաքապետարանն, իր հերթին, ֆինանսական աջակցություն կցուցաբերի Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացմանը:

Հունվարի 27-ին Թուրքիա պաշտոնական այցի առաջին օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ Թուրքիայի իշխանություններն այլևս չպիտի շարունակեն հերքել 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական սպանդը: «Նման իրադարձությունները հիշելը միշտ էլ ցավալի է, բայց անհրաժեշտ»,- ասել է նա Անկարայում մամուլի ասուլիսում, գրել էր Agence France-Presse-ը: Անդրադառնալով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, Օլանդը նշել է, որ «շարժվելու են միայն ճիշտ ուղղությամբ», նշելով, որ ինչպես ցեղասպանության փաստը, այնպես էլ դրա ժխտումը քրեօրեն պատժելի են։ Ֆրանսիան 2000-ին Ցեղասպանություն է որակել Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական կոտորածը:

2011-ի դեկտեմբերի 22-ին ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում: Հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն էր: 2012-ի հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը դրան կողմ քվեարկեց: Օրինագիծը մերժման համար նախատեսում էր 1 տարվա ազատազրկում ու 45 հազար եվրո տուգանք: Ավելի ուշ՝ 2012-ի փետրվարի 23-ին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծն ոչ սահմանադրական ճանաչեց:Արդեն 2013-ի փետրվարին պատգամավորն երկրորդ անգամ Ֆրանսիայի խորհրդարան ներկայացրեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: