1 ապրիլի 2014 - 12:08 AMT
Շփման գծում ականի պայթյունից ավագ լեյտենանտ է մահացել. Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով (թարմացված)

Մարտի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել 1987թ. ծնված Հարություն Գառնիկի Սաֆարյանը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար, ավագ լեյտենանտ Հարություն Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից հայտնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Մարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Թորոսյանը: Զինվորի մահվան պատճառը հակառակորդի կողմից արձակված փամփուշտն էր։ Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով, այն է՝ «Սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով»:

Հունվարի երկրորդ կեսից թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով: