4 ապրիլի 2014 - 11:18 AMT
ՀԱՊԿ արտգործնախարարները Քեսաբի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 3-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։ Նախարարական հանդիպման օրակարգում էին միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրները, Կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական համադրման հարցերը, հայտնում են ԱԳՆ-ից։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության առաջնայնությունների իրականացման ընթացքը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։ Հանդիպման մասնակիցները Հայաստանի նախաձեռնությամբ համատեղ հայտարարություն են ընդունել Սիրիայում շարունակվող ճգնաժամի և երկրի հյուսիս-արևմուտքում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները խորը մտահոգություն են հայտնել և խստորեն դատապարտել Ալ-Քաիդայի հետ կապված ծայրահեղական խմբավորումների կողմից Քեսաբ քաղաքի գրավումը, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի և մեծամասնություն կազմող հայ բնակչության հարկադրված տեղահանմանը։

«Խստորեն դատապարտում ենք ահաբեկչական գործողությունները և խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառումը։ Հանդես ենք գալիս բռնությունների շուտափույթ դադարեցման և փախստականների անվտանգ վերադարձի ապահովման օգտին։ Համոզված ենք, որ իրավիճակի կայունացումը հնարավոր է դրսից միջամտության բացառման և բռնության դադարեցման ու անկախ ազգային և կրոնական պատկանելիությունից բոլոր սիրիացիների շահերը հաշվի առնող լայն քաղաքական երկխոսության միջոցով։

Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին գործել միջագզային իրավունքին խիստ համապատասխան՝ արյունահեղության շուտափույթ դադարեցման և 2012թ. հունիսի 30-ի Ժնևյան կոմյունիկեի հիման վրա Սիրիայում խաղաղ քաղաքական կարգավորման հասնելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ Լաթաքիայի հյուսիսում սիրիական բանակը դաժան մարտեր է մղում «Ջաբհաթ ան-Նուսրա» և «Իսլամական ճակատ» խմբավորումների դեմ: Սիրիական «Սուրիա ալ-էն» գործակալությանը հղումով` ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը գրում է, որ զինծառայողները զինյալ ծայրահեղականներին դարձյալ դուրս են մղել Քեսաբի մերձակայքում երկու շաբաթ առաջ գրավված ռազմավարական «45» բարձունքից։

Այդ դիրքից սիրիական հրետանին և տանկերը կրակում են Էլ Կոուզ տեղանքի վրա։ Թուրքիայի հետ սահմանամերձ գագաթները վերջին օրերին ձեռքից ձեռք են անցնում։ Դեռևս կառավարական ուժերին չի հաջողվում վերահսկողություն սահմանել Նասր լեռան, Էս-Սահա բարձունքի և Նաբա ալ Մուրր շրջանի նկատմամբ։ Հրամանատարությունը Քեսաբի ուղղությամբ Հալեպից և Իդլիբից ռազմական ստորաբաժանումներ է ուղարկում։

Դամասկոսի հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Լաթաքիայի հյուսիս է մեկնել Սիրիայի ԶՈՒ գեներալ Ալի Այուբը։ Ելույթ ունենալով զինվորների և սպաների համար, որոնք հավաքվել էին «45» կոչվող բարձունքի վրա, նա վստահություն է հայտնել, որ շուտով հակառակորդ խմբերը պարտություն կկրեն։

«Աս-Սաֆիր» թերթը հաղորդում է, որ երկու օր առաջ Քեսաբում և զինյալների բազայում հայտնվել է Ազգային ընդդիմադիր և հեղափոխական ուժերի առաջնորդ Ահմեդ ալ Ջաբրան, որը լուսանկարվել է զինյալների հետ և հայտարարել, որ «խմբավորումներին կտրամադրեն անհրաժեշտ ամենը՝ Քեսաբն ու հարևան շրջանները պահելու համար»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը լրագրողներին հայտնել է, որ Քեսաբի ավելի քան 1.500 ընտանիք գրանցվել է որպես հարկադիր տեղահանված դեպի Լաթաքիա: Նրա խոսքով՝ փախստականներին անհրաժեշտ մարդասիրական օգնություն է ցուցաբերվում: «ՄԱԿ-ը երկու առաքելություն է իրականացրել Լաթաքիայում՝ բնակչության գաղթի սկզբից ի վեր: Շուրջ 1.550 ընտանիք Քեսաբից գրանցվել է որպես ներքին տեղահանված և օգնություն է ստանում», – ասել է Հաքը:

ԵՊՀ-ն 1 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի բացած հատուկ հաշվեհամարին, որտեղ արված հանգանակություններն ուղղվելու են քեսաբահայերին օգնելու գործին: 500.000 դրամի չափով նվիրատվություն էլ կատարել է ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տեղեկացնում են ԵՊՀ մամուլի բաժնից:

Հիմնադրամից հայտնում են, որ գործադիր վարչությունը 14 545 ԱՄՆ դոլար է փոխանցել Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: Գումարն առձեռն կբաժանի տեղահանված հայ ընտանիքներին, որոնք իրենց առաջնային կարիքներից զատ, ֆիզիկական անվտանգության խնդրի առջև են կանգնած:

Մարտի 21-ին «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցող ծայրահեղական «Ջաբհաթ ան Նուսրա» և «Ահրար աշ Շամ» մի քանի հազար հոգանոց խմբավորումները հարձակում են ձեռնարկել Քեսաբի շրջանի վրա՝ Թուրքիայի սահմանի մոտ, որտեղ բնակչության մեծ մասը հայեր են: Անօրինական զինված խմբավորումների հարձակումը, որն ըստ Դամասկողի հավաստման, կատարվել է հրետանային աջակցությամբ, այդ թվում՝ Թուրքիայի տարածքից տանկային համազարկերով, հանգեցրել է մի շարք բնակավայրերի, այդ թվում Քեսաբի ժամանակավոր կորստին: Ահաբեկիչների բարբարոսություններից խուսափելու համար Քեսաբի, Սամրայի, Նաբու ալ Մուրի հայ բնակչությունը լքել է տները և սիրիացի զինվորականների պաշտպանությամբ տեղափոխվել Լաթակիա: Այժմ այնտեղ ապաստան է գտել մոտ 1800 հայ: Հայկական եկեղեցու խաչի փոխարեն կանգնեցվել է իսլամիստների սև դրոշը:

Այժմ գրեթե բոլոր քեսաբահայերը տեղափոխվել են Լաթակիա: Քաղաքում մնացած 38 հայերից 20-ն արդեն Լաթակիայում են, մյուսներին կտեղափոխեն առաջիկայում: