4 ապրիլի 2014 - 17:47 AMT
Օլանդը գալիս է Երևան և Բաքու Ղարաբաղի խնդիրը լուծելու համա՞ր

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գալիք ամիս Ադրբեջան կատարելիք այցը կարևոր քաղաքական նշանակություն ունի»,- Բաքվում լրագրողներին է ասել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն: Նա հիշեցրել է, որ նախագահ Օլանդը կայցելի Ադրբեջան, Հայաստան և Վրաստան. «Այցի հիմնական նպատակներից է սատարել ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացին: Այդ հակամարտության հանգուցալուծումը մեծ հնարավորություններ կբացի երկու կողմերի համար: Երկրորդ նպատակն է ցույց տալ, որ տարածաշրջանն ինքնիշխան է և կարող է ինքը որոշել իր ապագան: Մենք տարածաշրջանի երկրների միջև խաղաղության ու բարեկամական հարաբերությունների կողմնակիցներ ենք», գրում է APA-ն:

Օլանդի այցը տարածաշրջան կայանալու է մայիսին: Ինչպես ավելի վաղ խոսում էին, Ֆրանսիայի նախագահի Երևան այցելության ժամանակ պաշտոնապես հայտարարվելու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման նախաձեռնման մասին:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի նախագահի նախընտրական խոստումներից մեկն է:

Հունվարի 27-ին Թուրքիա պաշտոնական այցի առաջին օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանություններն այլևս չպիտի շարունակեն հերքել 1915-ին Օսմանյանն կայսրությունում հայերի կոտորածը:

«Նման իրադարձությունները հիշելը միշտ էլ ցավալի է, բայց անհրաժեշտ»,- ասել էր նա Անկարայում մամուլի ասուլիսում:

Անդրադառնալով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, Օլանդը նշել է, որ «շարժվելու են միայն ճիշտ ուղղությամբ»՝ հավելելով, որ ինչպես Ցեղասպանության փաստը, այնպես էլ դրա ժխտումը, քրեօրեն պատժելի են։

Ֆրանսիան Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդը 2000 թվականին Ցեղասպանություն է որակել։

2011-ի դեկտեմբերի 22-ին ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում: Հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն էր: 2012-ի հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը դրան կողմ քվեարկեց. 213 սենատորից 127-ը «կողմ» էր քվեարկել, 86-ը՝ «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում էր 1 տարվա ազատազրկում ու 45 հազար եվրո տուգանք: Ավելի ուշ՝ 2012-ի փետրվարի 23-ին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծն ոչ սահմանադրական ճանաչեց:

Ավելի ուշ Փարիզի այն ժամանակ դեռ քաղաքապետի թեկնածու, իսկ այժմ ընտրված քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել էր, որ Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին միայն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա, իր համար հայերի կոտորածի ճանաչումը նախապայման է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան ավելի ուժեղ կդառնա, նշել էր նա:

Անն Իդալգոն հայտարարել էր նաև, որ կողմ է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը:

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է ընդունել օրենք, որին Սահմանադրական դատարանը հավանություն կտա»,- ասել էր Փարիզի քաղաքապետի թեկնածուն՝ հավելելով. «Ողբերգական ու դրամատիկ պատմության ժխտումը թույլ չի տալիս նորը կառուցել»:

Մինչ քաղաքապետի պաշտոնը ստանձնելը Իդալգոն խոստացել էր, որ ընտրվելու դեպքում ապրիլի 24-ի ամենամյա հիշատակի միջոցառումները, որոնց 2001 թվականից ի վեր մասնակցում է նաև ինքը, տևական բնույթ կստանան: Իսկ 2015-ին Փարիզի քաղաքապետարանն իր հերթին ֆինանսական աջակցություն կցուցաբերի Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացմանը:

Հավաքելով ձայների 53,3 տոկոսը, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Անն Իդալգոն հաղթել է Փարիզի քաղաքապետի ընտրություններում։ Ֆրանսիայի ԱԳՆ-նդրանց պաշտոնական տվյալները հրապարակել էր մարտի 30-ին։ Այդպիսով նա դարձել էՓարիզիպատմության մեջ առաջին կին-քաղաքապետը։