5 ապրիլի 2014 - 13:33 AMT
Մարտի 30-ից ապրիլի 5-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին` խիստ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով նաև պատասխան քայլեր:

Մարտի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Բաբայանը: Ավելի ուշ պարզվել էր, որ զինծառայողը զոհվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից։

Եվս մեկ զինծառայող՝ 1992թ. ծնված Գառնիկ Թորոսյանը, հակառակորդի կողմից արձակված փամփուշտից զոհվել էր մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական առաջադրանք կատարելիս։ Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով, այն է՝ «Սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով»:

Մարտի 27-ից լույս 28-ի գիշեր ադրբեջանական դիրքերից ակտիվ գնդակոծվել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղը։ Գյուղապետ Անդրանիկ Այդինյանի խոսքով, կրակոցները սկսվել են կեսգիշերին և շարունակվել մոտ երկու ժամ:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածի մի քանի ուղղություններով հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ու ինտենսիվ կրակել։

Ավելի վաղ ադրբեջանական APA-ն գրել էր, թե «Ադրբեջանի Թովուզի շրջանի ուղղությամբ ՀՀ ԶՈւ կողմից իրականացված ինտենսիվ կրակահերթերի արդյունքում ադրբեջանցի զինծառայող ու քաղաքացիական անձ է վիրավորվել»:

Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղերից մարտի 29-ին էլ տեղեկություններ են եղել, թե ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կրակահերթ է արձակում հայկական գյուղերի ուղղությամբ: Կրակի տակ են հատկապես Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Պառավաքար գյուղերը:

Արծրուն Հովհաննիսյանն այդ տեղեկությունները մեկնաբանելիս նշել է, որ ադրբեջանցիները վերջին օրերին բավականին ակտիվացել է՝ հավելելով, որ կրակ է բացվում ոչ միայն մարտական հենակետերի, այլև բնակավայրերի ուղղությամբ: Հակառակորդը հիմնականում կրակ է բացում խոշոր տրամաչափի զենքերից, ակտիվ են նաև դիպուկահարները: Հայկական ստորաբաժանումները հրաման ունեն ամեն գնով կասեցնելու ադրբեջանական կողմի ագրեսիան, ՊՆ-ն հակառակորդին լռեցնելու ուղղությամբ համապատասխան քայլեր է ձեռնարկում: