5 ապրիլի 2014 - 16:31 AMT
20 տարի առաջ սկսվեց Ռուանդայի ցեղասպանությունը

1994-ի ապրիլի 6-7-ի հեղաշրջման արդյունքում Ռուանդայում իշխանության եկած ժամանակավոր կառավարությունը, կազմված երկրում մեծամասնություն կազմող խութու ազգության ներկայացուցիչներից, ցեղասպանություն իրագործեց երկրում: Ցեղասպանության զոհ դարձան երկրի ազգային փոքրամասնություն կազմող թութսիները, ինչպես նաև չափավոր քաղաքական հայացքներ ունեցող խութուների ներկայացուցիչները: Ցեղասպանության նպատական էր ամբողջությամբ բնաջնջել երկու խմբերին, ինչպես նաև պատասխան գործողությունները ռազմաքաղաքական Ռուանդայի հայրենասիրական ճակատի դեմ, որի գործողություններն ուղղված էին խութուների դեմ, որոնք իրագործում էին թութսիների սպանությունները: 100 օրում սպանվեց տարբեր տվյալներով 500 հազարից մինչև 1․030․000 մարդ, որոնց 10 տոկոսը խութուներ էին: Թութսիների կողմից սպանությունները իրականացնում էին Ռուանդայի հայրենասիրական ճակատը, և, հավանաբար, թութսիների ռազմականացված կազմավորումները:

Սպանությունների արագությունը Ռուանդայում 5 անգամ գերազանցել է երկրորդ համաշխարհայինի տարիներին գերմանական համակենտրոնացման ճամբարներում սպանությունների հաճախականությունը: Թութսիների սպանություններին վերջ տվեց թութսիների Ռուանդայի հայրենասիրական ճակատի առաջխաղացումը:

Խութուներն ու թութսիները Ռուանդայում, Ուգանդայում, Բուրունդիում և մի քանի այլ երկրներում բնակվող սոցիալական խմբեր են: Տարածաշրջանի բնիկ ժողովուրդը տվա ազգությունն է, որն այժմ բացարձակ փոքրամասնություն է կազմում՝ մոտ 1,5 տոկոսը: Խութուները, որոնք սոցիալ-տնտեսական զարգացման ավելի բարձր աստիճանի վրա են և զբաղվում են հողագործությամբ, այստեղ են հայտնվել մ.թ.ա II հազարամյակի սկզբում: Անասնապահ թութսիները, որոնք եկել են հյուսիսից XVI դարում, իրենց իշխանությունն են տարածել խութուների ու տվաների վրա՝ ստեղծելով սեփական պետությունը: Թութսիները հանրության վերնախավն էին, առավել ունեվոր հատվածը, գոյություն ունեին նաև մարդաբանական ու լեզվական տարբերություններ:

Աշխարհազորի մասնակիցները տարբեր զենքեր են օգտագործել, այդ թվում հրազեն, որը նրանց էին բաժանում բանակի զինվորները: Սակայն որպես հիմնական զենք օգտագործվել են կացիններ, դանակներ, փայտեր, երկաթյա ձողեր: Երբեմն մարդասպանները կտրել են զոհերի ձեռքերը, ոտքերը, և հետո միայն կտրել գլուխը: Վկաները պատմել են, որ հաճախ զոհերը խնդրել են դահիճներին և փող առաջարկել նրանց, որպեսզի իրենց գնդակահարեն, ոչ թե մաչետեով մորթեն: Աշխարհազորայիններին անհրաժեշտության դեպքում օգնության էին գալիս բանակի զինվորները, որոնք ավելի ծանր զենք ունեին՝ նրանք պայթեցնում էին դռները, նռնակներ գցելով: Հաճախ սպանություններից հետո էլ պղծվում էին զոհերի դիակները՝ մասնատվում էին և այլն: Սպանությունները շատ դաժան են եղել: Ըստ գնահատականների, ցեղասպանության ժամանակ մոտ 250 հազար կին է բռնաբարվել:

Ըստ Ռուանդայի կառավարության պաշտոնական տվյալների, զոհվել է 937 հազար մարդ, ՄԱԿ-ի կողմից ընդունված այլ տվյալներով՝ մոտ 800 հազար մարդ: Արտագաղթել է մոտ մեկ միլիոն մարդ երկրի ներսում և սահմաններից դուրս: Փախստականների ճամբարներում հակասանիտարական պայմանների պատճառով խոլերայի համաճարակ բռնկվեց, չէր բավարարում դեղորայքը, սննդամթերքը: 1994 թվականի ապրիլ-հունիսի իրադարձությունների հետևանքով հարևան երկրները ստիպված եղան հազարավոր փախստականների ընդունել:

1994-ի նոյեմբերին Տանզանիայում աշխատանքը սկսեց Ռուանդայի գծով միջազգային տրիբունալը, որը դատապարտեց Ռուանդայի քաղաքացիների զանգվածային ոչնչացման կազմակերպիչներին ու նախաձեռնողներին, որոնց թվում հիմնականում իշխող ռեժիմի պաշտոնյաներն էին:

2008-ի դեկտեմբերի 18-ին տրիբունալը դատապարտեց Ռուանդայի բանակի նախկին գնդապետ Տեոնեստե Բագոսորային ցմահ բանտարկության ցեղասպանության համար, ռազմական հանցագործությունների ու մարդկայանության դեմ հանցագործությունների համար: Պարզվեց, որ երբ 1994 թվականի ապրիլի 6-ին ավիավթարի հետևանքով զոհվեց նախագահ Խաբիարիմանը, Բագոսորան զավթեց ամբողջ քաղաքական ու ռազմական իշխանությունը երկրում, ուստի լիովին պատասխանատու է տեղի ունեցած իրադարձությունների համար: Բագոսորան նաև ճանաչվեց Ինտերեհամբե աշխարհազորի կազմակերպիչ:

2011-ի մայիսի 17-ին Ռուանդայի ԶՈւ նախկին գեներալ Օգյուստեն Բիզիմունգուն դատապարտվեց 30 տարվա ազատազրկման ցեղասպանությանը մասնակից լինելու համար: Տրիբունալի իրավասությունից դուրս մնացած անձանց համար երկրում ստեղծվել է տեղական դատարանների համակարգ, որը շուրջ 100 մարդու մահապատժի է դատապարտել: