9 ապրիլի 2014 - 13:30 AMT
Դեթրոյթում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ռամելա Քարմանը երեխա էր 1915 թվականին, երբ թուրքական կառավարությունը սկսեց կոտորել հայերին և արտաքսել նրանց Օսմանյան կայսրության այլ վայրեր: Նրա հայրը վաճառական էր և ստիպված էր փախչել՝ թողնելով ընտանիքը: Ողջ մնալու համար նա որպես թուրք էր ներկայանում: Ավելի ուշ նա միացավ ընտանիքին: Ռամելա Քարմանը տեղափոխվել է Միչիգան Լիբանանից 1960 թվականին, նրա հայրը մահացավ Դեթրոյթ տեղափոխվելուց անմիջապես հետո, գրում է Detroit News-ը:

Ապրիլի 24-ին Դիրբորնի Սբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա 99 տարի առաջ իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունը: Կմատուցվի պատարագ, մոմավառության արարողություն տեղի կունենա նահատակների հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ: «Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է, քանի որ կապված է յուրաքանչյուրիս հետ: Այսպես թե այնպես հենց Ցեղասպանության հետևանքով ենք մենք բոլորս հայտնվել Դեթրոյթում և սփռվել աշխարհով մեկ»,-ասել է եկեղեցու քահանա Հրանտ Գևորգյանը:

Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավոր Կարապետ Կոճակյանը կարևորել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչումը, քանի որ հալածանքները շարունակվում են նաև այսօր, Սիրիայում: «Ցեղասպանության մասին պետք է հիշեն ոչ միայն հայերը, այլ ամբողջ մարդկությունը: Այդ խնդիրը բոլորին է վերաբերում»,- ասել է նա:

Դեթրոյթում ապրում է մոտ 30 հազար հայ: Սբ Հովհաննես եկեղեցու բակում 2013-ին խաչքար կանգնեցվեց ի հիշատակ Ադրբեջանում հայկական ջարդերի զոհերի: Դեթրոյթի հայկական եկեղեցիները պատկանում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: