9 ապրիլի 2014 - 16:19 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Դ!ԵՄ ԵՄ»-ի նստացույցը. Փակ Նալբանդյանը, նախկին վարչապետն ու «քառյակի» հայտարարությունը

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնություն այսօր` ապրիլի 9-ին, կազմակերպել էր երթ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից դեպի Պետական եկամուտների կոմիտե:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմը երթի իրազեկման մասին հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում է. «Սահմանադրական դատարանի ապրիլի 2 թիվ ՍԴՈ-1142 որոշման հրապարակումից հետո ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է էլեկտրոնային հաշվետվությունների ձևը անփոփոխ թողնել և դրանով պարտադրել գործատուներին փոխանցել կուտակային վճարները՝ սպառնալով ենթարկել վարչական պատասխանատվության: Մենք պետք է ստիպենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի վերը նշված որոշման պահանջներին և անհապաղ համապատասխան փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձևում՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել»:

«Անվավեր», «արդարություն», «պահանջում եմ» կոչերով ցուցարարները ֆինասների նախարարության դիմաց պահանջում էին պատասխանել, թե ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգից երբ է հեռացվելու պարտադիր վճարման ինքնաշխատ կետը:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ նախարարությանը 10 րոպե ժամանակ են տալիս, որպեսզի պատասխանեն, թե արդյոք կատարում են իրենց պահանջները` հակառակ դեպքում սպառնալով մտնել նախարարության շենք։ Ակցիայի կազմակերպիչներից մի քանիսին թույլ տվեցին մտնել նախարարություն և հանձնել իրենց դիմում–նամակները։ Ներսում նրանց հետ խոսել էր աշխատակազմի ղեկավարն ու առաջարկել բարձրանալ նախարարի պաշտոնակատարի մոտ, ինչից հրաժարվել էին:

Այնուհետև ակցիայի մասնակիցները, ըստ նախնական ծրագրի, պետք է երթով շարժվեին դեպի Պետեկամուտների կոմիտե, սակայն մտափոխվեցին ու ճանապարհի երկայքնով նստեցին ֆիննախարարության շենքի դիմաց՝ Նալբանդյան փողոցի մեջտեղում` խաթարելով երթևեկությունը:

Երթը նստացույցի վերածած ցուցարարներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը բանակցում էր ակցիայի մասնակիցների և կազմակերպիչների հետ՝ փորձելով նրանց համոզել բացել ավտոճանապարհը։ Նրա խոսքին, թե ակցիայի մասնակիցների քայլերն անօրինական են, ի պատասխան «Դ!ԵՄ ԵՄ»–ի անդամ Դավիթ Մանուկյանն ասաց, որ իրենց գործողությունները լիովին համապատասխանում են Սահմանադրությանը, քանի որ օրենքում ամրագրված են որպես հանրային ընդվզման թույլատրելի տարբերակ:

Ակտիվիստներին մոտեցավ նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը նույնպես փորձում էր համոզել բացել փողոցը. «Հիմա առաջարկում եմ դուրս գաք ճանապարհից, իրար հետ գնանք նախարարություն: Եթե չգան, չիջնեն, ես էլ ձեզ հետ միասին կգամ էստեղ կնստեմ: Ես պարտավոր եմ զգուշացնել, որ պետք չէ օրենքը խախտել, եկեք բոլորս միասին, ես էլ ձեզ հետ, գնանք նախարարի պաշտոնակատարի հետ խոսելու»:

Ակտիվիստները չհամաձայնեցին բացել ճանապարհը և Երևանի ոստիկանապետի հետ գնալ նախարարություն:

«Ճանապարհը պետք է բացեք, չի կարող փակ մնալ: Չենք ուզում ձեզ հետ գնալ ընդհարման: Դուք Դավիթ Սրագսյանին ուզում եք ձեր պահանջները ներկայացնել, բայց հիմա կամայականություն եք դրսևորում»,-ասել է նա:

Ակցիայի մասնակիցներին ընդառաջ էր եկել նաև ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը, որը նշեց` նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը պատրաստ է ընդունել նրանց պատվիրականությանը, սակայն նրա առաջարկն անմիջապես մերժվեց:

«Ժողովուրդը ուրեմն այդքան հարգանք չունի՞, որ նախարարի պաշտոնակատարը բարեհաճի իջնել ներքև»,- ասաց ակտիվիստներից մեկը:

Քաղնախաձեռնության ակտիվիստներիցԳևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ իրենք այլևս ոչինչ չեն խոսելու, երկխոսության չեն գնալու որևէ մեկի հետ, մինչև Դավիթ Սարգսյանը չիջնի և չխոստանա, որ մինչև ապրիլի 12-ն էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելու համար ստեղծված համակարգում կանջատվի կուտակային կենսաթոշակայինի համար գանձվող գումարի ինքնաշխատ համակարգը:

«Պետք է հնարավորություն տալ, որպեսզի գործատուները կարողանան պաշտպանել իրենց աշխատողների իրավունքները»,- ասաց նա: Ակտիվիստներից Դավիթ Մանուկյանն էլ նշեց, որ եթե իրենց պահանջները չբավարարվեն, իրեն քայլերն ավելի անկանխատեսելի կլինեն։

«Մեկ ժամ ժամանակ ենք տվել, որ նախարարությունը հայտարարություն տարածի և հայտարարի, որ վաղը Կառավարության նիստի ժամանակ բարձրացված այս հարցերը և կամուրջ հաշիվներից գումարները հետ վերադարձնելու մեխանիզմների մշակումը լուծվելու է»,- ասաց նա:

«Դ!ԵՄ ԵՄ»–ի բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը վերջիններիս ասաց, որ աշխատանքային խումբ ձևավորեն և բարձրանան ֆինանսների նախարարություն` քննարկելու իրենց հուզող բոլոր հարցերը, նրան միացավ նաև Դավիթ Սարգսյանը:

«Հրավիրում ենք ձեզ երկխոսության։ Պատրաստել ենք ձեզ համար առաջարկություններ, ու այն աշխատանքային խումբը, որին դուք առաջարկություններ ունեք, պատրաստ է լսել ձեզ ու պատասխանել հանցերին։ Եկեք բարձրանանք ֆիննախի դահլիճ, այնտեղ կարող է տեղավորվել 100 հոգի, ու քննարկել ձեր հարցերը, չենք կարող հրապարակում օրենք քննարկել։ Առաջարկում ենք աշխատանքային խումբ ձևավորել»,- ասաց Տիգրան Սարգսյանը, սակայն նրա առաջարկը հավաքվածներն ընդունեցին սուլոցներով:

«Աշխատանքային խմբին դեմ եք, իսկ ի՞նչ եք ուզում»,- հարցրեց նախկին վարչապետը, ինչին ի պատասխան ակտիվիստները ևս մեկ անգամ շեշտեցին, որ պահանջում են, որ ՊԵԿ-ը համապատասխան որոշմամբ իր էլեկտրոնային հաշվետվությունից հանի համապատասխան կետը։

« Ձեզ բացառիկ հնարավորություն է տրվում մասնակցել ձեր հարցի քննարկմանը, ուզո՞ւմ եք լսել պատասխանը»,- հարցրեց նախկին վարչապետը՝ հավելելով, որ դա կարելի է անել դահլիճում, հրավերն ուժի մեջ է, երբ ձևավորվի աշխատանքային խումբ, կարող են գալ. «Սպասում ենք ձեզ Կառավարության դահլիճներում»,- եզրափակեց Տիգրան Սարգսյանն ու հեռացավ:

«Սա սկիզբն է հանրային լայն ճնշման, այսօրվա ակցիան հասավ իր նպատակին»,- հայտարարեցին ցուցարարները: Պարտադիրի դեմ բողոքողների ապրիլի 9-ի ակցիան ավարտվեց:

Հայաստանի Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը` «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը, Հայ Ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը» այսօր Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ հայտարարություն են տարածել, որում ասվում է, թե մի կողմից ՍԴ-ն ընդունել է չորս խորհրդարանական խմբակցությունների պատագամավորների փաստարկների հիմնավորվածությունը և հակասահմանադրական ճանաչել հանրության ընդվզումն առաջացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առանցքային դրույթները, մյուս կողմից Սահմանադրական դատարանի որոշման թերի և երկիմաստ ձևակերպումները իշխանությանը հնարավորություն են տալիս կամայականորեն շարունակել պարտադիր վճարների կիրառումը:

«Ակնհայտ է նաև, որ իշխանությունները չեն հրաժարվել պարտադիր վճարների հիման վրա կուտակային ֆոնդերի ստեղծման ծրագրից և միայն ժամանակ են շահել ապագայում նույն ծրագիրը ձևափոխված և իբր Սահամանադրությանը համապատասխանեցված տարբերակով իրագործելու համար: Ելնելով վերոհիշյալից` պահանջում ենք իշխանություններից՝

1. դադարեցնել Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ոչ իրավաչափ մեկնաբանությունները և դրանց հիման վրա դրսևորվող վարքագիծը,

2. ենթաօրենսդրական ակտերում արագընթաց կարգով իրականացնել փոփոխություններ՝ 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատակիցների հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակումը բացառելու, ինչպես նաև 2014թ. հունվարի 1-ից հետո աշխատակիցների կամքից անկախ պահված կուտակային վճարները աշխատակիցներին հետ վերադարձնելու լիարժեք հնարավորություն ապահովելու համար,

3. խնդրի լուծումն հանրության լայն շրջանակներին տեղեկացնելու համար, հանդես գալ պարզաբանող հայտարարություններով, միաժամանակ գործատուներին հնարավորություն տալով համապատասխան փոփոխություններ կատարել ներկայացված հաշվետվություններում,

կոչ ենք անում 1. գործատուներին՝ առանց աշխատողների համաձայնության նրանց աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի պահում և փոխանցում չկատարել,

2. 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող բոլոր անձանց՝ եթե համաձայն չեք մի կատարեք ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի և կառավարիչների միջև,

3. գործատուների միություններին և արհմիություններին՝ պաշտպանեք Ձեր իրավունքները համախմբված հասարակության հետ, թույլ մի տվեք որևէ մարմնի կողմից Ձեր անդամների նկատմամբ անօրինականության պարտադիր գործադրում,

4. ՀՀ բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին և պայքարող երիտասարդությանը՝ համախմբված, լայն թափով ներգրավվեք Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշմամբ պահանջված օրենսդրական վերանայումների աշխատանքներին»,- նշված է հայտարարության տեքստում:

Հայաստանի Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր է ճանաչել։ 64 էջանոց համախատասխան որոշումը հրապարակել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ էության, դիմող կողմի հայցը բավարարվել է։

Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանը ժամանակ է տվել՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:

ՖՈՏՈՇԱՐՔ