11 ապրիլի 2014 - 12:30 AMT
Դավութօղլուն «դժգոհ է» ԱՄՆ Սենատի կոմիտեում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումից

«ԱՄՆ դիրքորոշումը վաղուց հայտնի է՝ ճանաչում ենք այդ պատմական փաստը և սգում 1,5 մլն հայի սպանությունն Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին: ԱՄՆ-ն ճանաչում է, որ այդ իրադարձությունները ցավի աղբյուր են ամբողջ հայ ժողովրդի համար: Ավելին չեմ կարող ասել»,- ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին: Չնայած բազմաթիվ հարցերին, Փսակին ձեռնպահ մնաց Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը բացահայտ դեմ լինելու Պետքարտուղարության ավանդական քաղաքականությունից, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Մինչդեռ, ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայի դժգոհությունն է հայտնել 1915-ի իրադարձություններին վերաբերող օրինագիծը Սենատի քննարկմանը ներկայացնելու, Սենատի արտաքին գործերի կոմիտեում բանաձևն ընդունելու վերաբերյալ: Ըստ Դավութօղլուի, թուրքական կառավարությունը միջոցներ կձեռնարկի նախաձեռնությունների դեմ, որոնք «մտահոգում են» Թուրքիային: Նա հավելել է նաև, թե հուսով է, որ բանաձևը կարգելափակվի Սենատում ու Ներկայացուցիչների պալատում:

Նախօրեին քվեարկությունից հետո Ներկայացուցիչների պալատի քննարկմանը ներկայացրած Հայոց ցեղասպանության մասին բանաձևի համահեղինակ Ադամ Շիֆը հույս է հայտնել, որ Սենատն ամբողջ կազմով կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որին կհաջորդի Ներկայացուցիչների պալատը: Իր հերթին Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունն ասել է. «Այսօրվա քվեարկությունը Սենատի արտաքին գործերի կոմիտեում կարևոր փուլ է ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործում: Ժամանակն է նույն կերպ գործել նաև Ներկայացուցիչների պալատում և կոչ անել ԱՄՆ նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իրողությունն ու Ցեղասպանության մինչ օրս շարունակվող հետևանքները»:

Վերջին գրեթե 25 տարում առաջին անգամ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է S.Res.410 բանաձևը Հայոց ցեղասպանության մասին՝ այդ մարմնին կոչ անելով միանալ բանաձևին և հասնել նրան, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլի Սենատի դիրքորոշումը: Բանաձևում նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանությունը մինչև օրս անպատիժ է մնում: Բանաձևին կողմ է քվեարկել 12 սենատոր, դեմ՝ 5:

Ապրիլի 4-ին Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Մարկ Քըրքն ԱՄՆ Կոնգրես ներկայացրին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, որով կոչ է արվում նախագահ Օբամային պայքարել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցով: Բանաձևում մասնավորապես ասվում է.

1. Անհրաժեշտ է հիշել ու նշել Հայոց ցեղասպանության տարելիցը 2014-ի ապրիլի 24-ին:

2. Նախագահը պետք է պայքարի արդար, կառուցողական, կայուն ու ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար, որոնք ներառում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչումը:

3. Նախագահը պետք է ապահովի, որպեսզի ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականությունը հիմնված լինի մարդու իրավունքների պաշտպանության և մարդկայնության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների ու ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում, ընդունված ընկալումների վրա:

Նմանատիպ բանաձև է ներկայացվել նաև Ներկայացուցիչների պալատ Դևիդ Վալդաոյի և Ադամ Շիֆի կողմից՝ Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի և Մայքլ Գրիմի հետ համատեղ: Պալատի բանաձևն արդեն 50 կողմնակից ունի: