12 ապրիլի 2014 - 14:56 AMT
Վերջին շաբաթ հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 300 անգամ ու ձախողել հերթական դիվերսիան

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 6-ից` 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2.500 կրակոց:

Հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից բացի, հակառակորդը ապրիլի 7-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին, պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում, հակառակորդը տվել է 3 զոհ (որից մեկը` սպա) և 6 վիրավոր:

Իմիջիայլոց, ադրբեջանական լրատվականներն առավոտից տեղեկություններ են տարածում Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ ԼՂՀ ԶՈւ և ադրբեջանական զորքերի շփման գծում ականի պայթյունից 3 զոհի ու 6 վիրավորի մասին, բայց չեն նշում պատճառները:

Վիրավորներին բուժօգնություն ցույց տալու նպատակով Ֆիզուլիի շրջանի Ահմեդբեյլի գյուղ է գործուղվել երկրի ԶՈւ գլխավոր վիրաբույժ վերակենդանացման մասնագետը: Ծանր վիրավորված զինվոր Էմին Թալիբովը ուղղաթիռով տեղափոխվել է Բաքու: Միջադեպի քննության նպատակով այսօր՝ ապրիլի 8-ին, պատահարի վայր է մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Մարտի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Բաբայանը: Ավելի ուշ պարզվել էր, որ զինծառայողը զոհվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից։

Եվս մեկ զինծառայող՝ 1992թ. ծնված Գառնիկ Թորոսյանը, հակառակորդի կողմից արձակված փամփուշտից զոհվել էր մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական առաջադրանք կատարելիս։ Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով, այն է՝ «Սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով»:

Հակառակորդի վերջին դիվերսիոն փորձը հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն էր, երբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էին արձանագրվել: ԼՂՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ անցել էին կազմակերպված պաշտպանության՝ հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը:

Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, ում ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել էր «Արիության համար» մեդալով: