17 ապրիլի 2014 - 12:39 AMT
Ապրիլի 24-ը կարող է հիշատակի օր հայտարարվել Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի քննարկմանը երկու օրինագիծ է ներկայացվել՝ առաջարկվում է քաղաքի տարածքում հիշատակի օրեր հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն ու Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրը: Տոների և հիշատակի օրերի մասին տարածաշրջանային օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը ներկայացրել է պատգամավոր Վիտալի Միլոնովը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Քաղաքային խորհրդարանի օրակարգում այս օրինագծերի ընդգրկման հարցը կքննարկվի օրենսդիր կոմիտեի առաջիկա նիստում, որը տեղի կունենա ապրիլի 18-ին, ասել է գործակալության զրուցակիցը: Օրինագծերի համաձայն հունվարի 27-ը՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրը և ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կներառվեն օրենքում 2015 թվականից:

Ապրիլի 10-ին վերջին գրեթե 25 տարում առաջին անգամ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին S.Res.410 բանաձևը՝ կոչ անելով Սենատին միանալ դրան և հասնել նրան, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլի Սենատի դիրքորոշումը: Բանաձևում նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանությունը մինչև օրսմնում է անպատիժ: Կողմ է քվեարկել 12 սենատոր, դեմ՝ 5-ը:

Բանաձևում մասնավորապես ասվում է.«1. Անհրաժեշտ է հիշել ու նշել Հայոց ցեղասպանության տարելիցը 2014 թ. ապրիլի 24-ին: 2. Նախագահը պետք է պայքարի արդար, կառուցողական, կայուն ու ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար, որոնք ներառում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչումը: 3. Նախագահը պետք է ապահովի, որպեսզի ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականությունը հիմնված լինի մարդու իրավունքների պաշտպանության և մարդկայնության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների ու ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում, ընդունված ընկալումների վրա»:

Ավելի վաղ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայի դժգոհությունն էր հայտնել 1915-ի իրադարձություններին վերաբերող օրինագիծը Սենատի քննարկմանը ներկայացնելու, Սենատի արտաքին գործերի կոմիտեում բանաձևն ընդունելու վերաբերյալ: Ըստ Դավութօղլուի, թուրքական կառավարությունը միջոցներ կձեռնարկի նախաձեռնությունների դեմ, որոնք «մտահոգում են» Թուրքիային: Նա հավելել է նաև, թե հուսով է, որ բանաձևը կարգելափակվի Սենատում ու Ներկայացուցիչների պալատում:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է հատուկ խումբ ձևավորել կառավարության կազմում, որը հակաքարոզչություն կտանի հայկական սփյուռքի դեմ ակադեմիական ու քաղաքական շրջանակներում: Միջոցառումները վերաբերելու են Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ. իրադարձություններին: Ինչպես հայտնում է TurkishNY, խմբի ղեկավարը լինելու է Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալինը: Խումբը կոչված է քննարկումներ, խորհրդաժողովներ ու սիմպոզիումներ անցկացնել 1915 թվական իրադարձությունների վերաբերյալ «Ի՞նչ է տեղի ունեցել իրականում» ընդհանուր թեմայով:

2014 թվականի հունվարին Անկարայում Թուրքիայի դեսպանների ամենամյա հավաքում վարչապետ Էրդողանն ու ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն որպես Թուրքիայի դիվանագիտական գործունեության գլխավոր ուղղություն նշեցին հակազդեցությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Photo: assembly.spb.ru