17 ապրիլի 2014 - 16:58 AMT
Ապրիլի 29-ին Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթը

Ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթը: էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանն ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ դեռևս ավարտված չեն բացառությունների վերաբերյալ բանակցությունները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ռուսաստանի մաքսային օրենսգրքի հիման վրա ձևավորված Մաքսային միությունում ապրանքների մոտ 60 տոկոսի դեպքում մաքսատուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում: Միության մաքսային օրենսգրքում ներառված է 11 553 տող ապրանք: Բռնելով Մաքսային միությանը անդամակցելու ճանապարհը՝ պաշտոնական Երևանը բանակցություններ սկսեց մոտ 900-ի շուրջ բացառություններ ստանալու նպատակով, որպեսզի այդ ապրանքների մաքսազերծումը շարունակվի Հայաստանում գոյություն ունեցող ավելի ցածր դրույքաչափերով:

Փաստորեն, Հայաստանը անդամակցելու է այդ միությանը՝ վերջնականապես չհստակեցնելով իր անդամակցության պայմանները:

«Դա այդպես չէ, մենք հիմա բանակցում ենք թեմայի շուրջ և, բնականաբար, ստորագրության ժամկետը որոշված է՝ ամսի 29-ին, բայց ամսի 28-ին վերջնական բանակցությունների արդյունքը կլինի։ Մենք չենք կարող ասել՝ բանակցությունները կավարտվեն ամբողջովին, թե՝ ոչ, բայց հույս ունենք, որ կավարտվեն։ Դա նորմալ պրակտիկա է, զարմանալի բան չկա դրա մեջ»,- ասել է նախարարը.- «Ցանկացած բանակցության դեպքում լինում է ստորագրման օր և բանակցությունների ավարտի օր»:

էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը, ըստ էության, չի հերքել տեղեկությունն այն մասին, որ բանակցությունների ընթացքում բացառությունների ենթակա ապրանքների ցանկը 900-ից կրճատվել է՝ հասնելով 400-ի: Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, Մաքսային միության անդամ դառնալուց հետո Հայաստանը կկարողանա ավելի քիչ ապրանքներ մաքսազերծել այժմ գոյություն ունեցող մաքսային ցածր դրույքաչափերով:

«Թույլ տվեք այսօր չպատասխանել այդ հարցին, ասեմ, որ բավականաչափ ինտենսիվ բանակցություններ են գնում, որովհետև իրականում կան տարբեր շահեր»,- ասել է Ավանեսյանը։

Միևնույն ժամանակ Rosbalt.ru-ն հայտնում է, որ ՄՄ անդամակցելու կամ դրա հետ ակտիվ բանակցելու մտադրություն է հայտնել 30 պետություն: Դրանց թվում են Հնդկաստանը, որը մտադիր է մասնակից-պետությունների հետ ստեղծել ազատ առևտրի ՄՄ: Այդ մասին «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խոչհրդի անդամ Տատյանա Վալովայան:

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 24-ին, Ծաղկաձորում միջազգային գիտաժողովում հայտարարեց, որ Հայաստանը կատարել է Մաքսային միությանը միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործողությունների մեծ մասը և սպասվում է, որ մայիսին արդեն կստորագրվի ՄՄ-ին ու Միասնական տնտեսական գոտուն միանալու պայմանագիրը։ Նախկին վարչապետի խոսքով՝ հունիսին չորս երկրների (Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի) խորհրդարանները պետք է հաստատեն այդ փաստաթուղթը, և 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Մարտի 5-ին բացելով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ են ձեռնամուխ լինել ԵՏՀ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստմանը:

«Հայկական կողմն ընդունել և հաջողությամբ իրականացնում է միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանն անդամակցելու համար ու ԵՏՀ պահանջներին ու նորմերին համապատասխանելու համար»,- ասել էր Ռուսաստանի նախագահը` հավելելով, որ արդեն հնարավոր է անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ապրիլի կեսին կավարտվի ՄՄ-ին անդամակցելու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործընթացը: Նա հավելեց, որ զուգահեռ նախապատրաստվում է նաև համաձայնագիրը: «ՄՄ անդամ երկրներն ու Հայաստանը պետք է համաձայնության գան համաձայնագրի վերաբերյալ, որից հետո այն կներկայացվի ԱԺ վավերացմանը: Այժմ բարդ է ասել, թե հատկապես երբ այն կներկայացվի խորհրդարանին»,- ասել էր նա: Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր «Ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը: