18 ապրիլի 2014 - 12:57 AMT
Եվրախորհրդարանը դատապարտել է Քեսաբի վրա հարձակումները (թարմացված)

Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև են ընդունել Սիրիայի վերաբերյալ, որտեղ ասվում է, որ միայն երկխոսության միջոցով սիրիացիները ելք կգտնեն ճգնաժամից: Բանաձևում անդրադարձ կա նաև հարձակումներին հայաբնակ Քեսաբի վրա:

Եվրախորհրդարանականներն ափսոսանք են հայտնել, որ «փաստորեն չի հաջողվում խաղաղ բանակցություններ սկսել իշխանության կողմից խոչընդոտների պատճառով»: Նրանք կոչ են արել բոլոր ներքաշված կողմերին ու միջազգային հանրությանը բոլոր ջանքերը գործադրել բռնությանը վերջ տալուն կոչված բանակցություններ կազմակերպելու համար:

«Եվրախորհրդարանը դատապարտել է մարդու իրավունքների ու միջազգային նորմերի խախտումները ինչպես իշխանությունների, այնպես էլ զինյալ ընդդիմադիրների կողմից: Պատգամավորները հիշեցրել են վերջին արյունալի հաշվեհարդարները Սիրիայի որոշ ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, մասնավորապես, քրիստոնյաների, հայերի ու քրդերի պարագայում:

Խորհրդարանականները նաև կոչ են արել հակամարտող կողմերին դադարեցնել ազգամիջյան ու տարբեր դավանանքի ներկայացուցիչների միջ պառակտմանն ուղղված ցանկացած գործողություն: Ըստ պատգամավորների, Սիրիայի իշխանություններն ու ապստամբները պետք է հումանիտար մուտք ապահովեն հակամարտության գոտի ու դադարեցնեն բնակավայրերի պաշարումը:

Եվրոպայի Հայերի հանուն արդարության ու ժողովրդավարության համադաշնության ղեկավար Կասպար Կարապետյանը նշել է, որ Թուրքիայի պարագայում բանաձևը մեղմ է, չնայած որ Թուրքիան է սահմանը բացել ջիհադիստների համար, որոնք գրոհել են Քեսաբը: Սակայն բանաձևում ասվում է, որ Թուրքիան պատասխանատու է քրիստոնեական ու քրդական քաղաքների վրա սահմանային հարձակումների համար և խոչընդոտում է հումանիտար օգնությանը:

«Հայերը երախտապարտ են Սիրիայի ժողովրդին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ նախնիներին ապաստան տալու համար և մենք մեր ցավակցությունն ենք հայտնում սիրիացի ժողովրդին: Հուսով ենք, որ առաջիկայում վերջ կդրվի բռնությանը և Սիրիայի բոլոր համայնքները կսկսեն վերականգնել երկիրն առանց օտարերկրյա միջամտության: EAFJD-ն նաև օգնություն է ցուցաբերում Սիրիայի հայ համայնքին», -ասել է Կարապետյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը կարծիք է հայտնել, թե Թուրքիայի կողմից Քեսաբի շուրջ տեղի է ունենում հոգեբանական ահաբեկչական գործողություն: Ըստ նրա, ցեղասպանություն իրագործած ոճրագործ պետության իրավահաջորդը շարունակում է նույն ցեղասպան գործողություններն իրականացնել, գրում է Panorama.am-ը:

«Նման գործողությունների հիմնական նպատակն է՝ Թուրքիան հոգեբանորեն ահաբեկում է համայն հայությանը Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմին: Դա ինքնանպատակ չէ, քանի որ ցանկանում են ճշգրտել մի քանի հանգամանք՝ որքանով է հայությունը միասնաբար հանդես գալիս այս հարցում, ինչքան է մեր ներուժը հասնել նրան, որ միջազգային լսարանը հանդես գա դատապարտման հայտարարություններով»,- ասել է Դեմոյանը:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չկան:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն:

Հայերը Սիրիայում հիմնականումբնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ մոտ 20 հազար հայ հեռացել է Սիրիայից, հիմնականում մեկնելով Հայաստան, Լիբանան ու ԱՄՆ:

Photo: Asbarez