18 ապրիլի 2014 - 15:28 AMT
Նախարարի պաշտոնակատարը հերքել է իր իսկ հայտարարությունը. ՀՀ-ն ապրիլի 29-ին ՄՄ-ին չի միանա

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանն ապրիլի 18-ին հերքել է իր իսկ կողմից մեկ օր առաջ արված հայտարարությունը, ըստ որի Հայաստանն ապրիլի 29-ին Մինսկում Եվրասիական տնտեսական Գերագույն խորհրդի նիստում Մաքսային միությանը միանալու մասին պայմանագիր կստորագրի։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ապրիլի 29-ին ՄՄ-ին միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրում չի նախատեսվում։ Նմանատիպ ապատեղեկատվության տարածման մեղավորությունը վերցնում եմ ինձ վրա և այսուհետ, պատասխանելով հարցերին, կհստակեցնեմ, թե կոնկրետ որ պայմանագրերի ստորագրումն են նկատի ունեցել», – ճեպազրույցում ասել է Ավանեսյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Ավանեսյանն ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթը: Նա նաև նշել էր, որ դեռևս ավարտված չեն բացառությունների վերաբերյալ բանակցությունները:

Նախարարի պաշտոնակատարը հայտնել է, որ ապրիլի 29-ին Մոսկվայում նախատեսվում է հնչեցնել ՄՄ–ին Հայաստանի միանալու մասին որոշումը, որը վերաբերում է ինչպես անդամակցության պայմանագրի, այնպես էլ ՄՄ–ին Հայաստանի միանալու «Ճանապարհային քարտեզի» հիման վրա ժամկետների մասին որոշման նախապատրաստմանը։

Ավանեսյանը հայտնել է նաև, որ ապրիլի 25-ին նախատեսվում է ՄՄ-ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» ստեղծման աշխատանքային խմբի վերջին նիստը, որի կազմում են Մաքսային միության անդամ երեք երկրների և Հայաստանի ներկայացուցիչները։ Աշխատանքային խումբը կամփոփի «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ կատարած աշխատանքները. «Կախված ամփոփումներից` խումբն իր վերջնական դիրքորոշումը կներկայացնի ապրիլի 29-ին Մոսկվայում»,– ասել է նախարարի պաշտոնակատարը։

Ըստ նրա` Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը ՄՄ երեք անդամ երկրների միջև ծրագրվում է ստորագրել մայիսի վերջին։

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն իր հերթին հայտնել է, որ ներկա պահին ընթանում են Հայաստանի` ՄՄ–ին և Եվրասիական տնտեսական միությանը միանալու բանակցությունները. «Գործընթացը շատ արագ է շարժվում, և մենք նաև շատ օպերատիվ բանակցում ենք այն մասին, որ անհրաժեշտության դեպքում միանգամից միանանք Եվրասիական տնտեսական միությանը»։

Միևնույն ժամանակ Կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին աշխատանքներն իրականացնել՝ բացառելով որևէ շեղում սահմանված ժամանակացույցից, իսկ խնդիրների ի հայտ գալու դեպքում այդ մասին զեկուցել անձամբ իրեն:

Իսկ ԱԱԽ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի և ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հետ: Հանդիպմանը քննարկվել են Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա ընթացքին, տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարատության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 24-ին, Ծաղկաձորում միջազգային գիտաժողովում հայտարարեց, որ Հայաստանը կատարել է Մաքսային միությանը միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործողությունների մեծ մասը և սպասվում է, որ մայիսին արդեն կստորագրվի ՄՄ-ին ու Միասնական տնտեսական գոտուն միանալու պայմանագիրը։ Նախկին վարչապետի խոսքով՝ հունիսին չորս երկրների (Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի) խորհրդարանները պետք է հաստատեն այդ փաստաթուղթը, և 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Մարտի 5-ին բացելով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ են ձեռնամուխ լինել ԵՏՀ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստմանը: «Հայկական կողմն ընդունել և հաջողությամբ իրականացնում է միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանն անդամակցելու համար ու ԵՏՀ պահանջներին ու նորմերին համապատասխանելու համար»,- ասել էր Ռուսաստանի նախագահը` հավելելով, որ արդեն հնարավոր է անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ապրիլի կեսին կավարտվի ՄՄ-ին անդամակցելու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործընթացը: Նա հավելեց, որ զուգահեռ նախապատրաստվում է նաև համաձայնագիրը: «ՄՄ անդամ երկրներն ու Հայաստանը պետք է համաձայնության գան համաձայնագրի վերաբերյալ, որից հետո այն կներկայացվի ԱԺ վավերացմանը: Այժմ բարդ է ասել, թե հատկապես երբ այն կներկայացվի խորհրդարանին»,- ասել էր նա: Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր «Ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը: