5 մայիսի 2006 - 15:30 AMT
Ավիավթարի ամբողջական պատկերը կպարզվի «սեւ արկղերը» բարձրացնելուց հետո
Ավիավթարի ամբողջական պատկերը կպարզվի, երբ հնարավոր լինի «սեւ արկղերը» հանել ծովի հատակից, որոնք ֆրանսիացի մասնագետները եւ ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչները հայտնաբերել են 680 մ խորության վրա: Այդ մասին հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, համաշխարհային պրակտիկայում դեռեւս դեպք չի եղել, որ նման խորությունից բարձրացվի որեւէ սարք, թեեւ այդ հարցով փորձագետները դիմել են աշխարհի առաջատար երկրներին:
«Ներկայումս հստակ կարելի է ասել, որ ինքնաթիռը եղել է տեխնիկապես սարքին վիճակում եւ հասել է Սոչիի դիսպետչերական ծառայության պատասխանատվության գոտի եւ հարցում է արել վայրէջքի վերաբերյալ: Դիսպետչերը պատասխանել է, որ եղանակը անբարենպաստ է, որից հետո ինքնաթիռը պտույտ է գործել եւ ուղղություն վերցրել դեպի Երեւան: Արդեն բավական հեռանալով Սոչիից եւ մտնելով վրացական դիսպետչերական ծառայության պատասխանատվության գոտի, օդաչուն եւս մեկ անգամ հարցում է արել Սոչի: Պատասխան ստանալով, որ եղանակը բարելավվել է եւ նրանք կարող են վայրէջք կատարել, ինքնաթիռը, կրկին մտնելով Սոչիի դիսպետչերական ծառայության պատասխանատվության գոտի, գնացել է վայրէջքի: Երբ բարձրությունն արդեն եղել է 300 մ, դիսպետչերը եւ օդերեւույթաբանական ծառայությունը հայտնել են, թե եղանակը կտրուկ վատթարացել է եւ հարկ է կատարել եւս մեկ շրջան եւ վայրէջք կատարել մյուս թռիչքուղու վրա: Անմիջապես դրանից հետո կապն ինքնաթիռի հետ ընդհատվել է եւ, ինչպես պարզվեց հետագայում, ինքնաթիռը ծովն է ընկել»,-ասել է Սարգսյանը: