18 ապրիլի 2014 - 21:14 AMT
«Դ!ԵՄ ԵՄ»-ի ցույցը նախագահականի դիմաց. Վարչապետը վստահություն ու ժամանակ է խնդրել

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների դեմ հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն ապրիլի 18-ին նախագահական նստավայրի դիմաց ցույց էր կազմակերպել: Նախաձեռնության անդամներն ավելի վաղ հայտարարել էին. «ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: Այսօր, երբ Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը Կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջն ու կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը»:

Քաղնախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նախհայտարարեց, որ հավաքը կրելու է խաղաղ բնույթ և կոչ արեց ոստիկաններին գործել բացառապես օրենքի սահմաններում և սադրանքների չդիմել։ Ի պատասխան նախագահականի դիմաց հավաքվածներին միացած Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ թեպետ ակցիան արտոնված չէ, ոստիկանությունը հասկանում է` հավաքը խաղաղ նպատակ ունի և այդ պատճառով հավաքվածների «կողքին կանգնած է», գրում է Panorama.am-ը:

«Սակայն այսպիսի ակցիաները հետագայում հանկարծ պրակտիկա չլինեն: Ամեն օր արեք, բայց օրենքի շրջանակում ու այնպես չլինի, որ մենք հավաքի մասին իմանանք կայքերից: Ակցիաների ու հավաքների մասին նախապես պետք է ծանուցել Երևանի քաղաքապետարանին»,- հայտարարեց է փոխոստիկանապետը:

«Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը հստակեցրեց նախաձեռնության պահանջը երկրի նախագահից. «Եկել ենք պահանջելու հետևել Սահմանադրությանը, քանի որ նա Սահմանադրության թիվ մեկ երաշխավորն է ու պետք է հետևի կառավարության ու օրենսդիր մարմնի գործունեությանը, չթողնի ոտնահարել Սահմանադրությունը: Նա պետք է պահանջի օրենսդիրից օր առաջ կասեցնել հակասահմանադրական համակարգով պահվող գումարների համակարգը»:

Նախագահական նստավարի դիմաց «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակցիայի մասնակիցներին այցելեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նրան ներկայացրեց խմբի պահանջները, գրում է Tert.am-ը։

Հովիկ Աբրահամյանը նշեց, թե յուրաքանչյուր հարցի, որը բարձրացվել է, փորձելու են լուծում տալ։ «Իմ մոտեցումն է՝ չսպասել մինչը սեպտեմբերի 30-ը։ Առաջին քայլն արված է: Չգիտեմ` կարող ենք վաղը բոլոր կետերի պատասխանը տալ, թե` չէ, մեզ ժամանակ է պետք, բայց որ քայլեր ենք անելու` այդպես է, հավատացեք, խնդրում եմ»,- ասաց վարչապետը։ Նախաձեռնության անդամները նրա խոսքերին արձագանքեցին «հիմա, հիմա» կոչերով։

Կառավարության ապրիլի 17-ի նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն է եղել, որի արդյունքում վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետում օրենքի նախագիծ նախապատրաստել, որով մինչև Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովը կկասեցնի տույժերի հաշվարկը: Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի՝ ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյայում:

Դավիթ Մանուկյանն ի պատասխան նշեց. «Առավոտյան ակնկալում ենք իրավական ակտ, պաշտոնական հրապարակում, պարոն Աբրահամյան: Ակնկալում ենք ձեր կողմից նշված բոլոր կետերի կատարում, ու կգանք նոր օրենքի քննարկումներին»:

Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ մինչև ԱԺ ապրիլի 28-ին մեկնարկելիք քառօրյան նոր օրենքի նախագիծը կներկայացվի հանրությանը, այնուհետև` ԱԺ, և հեռացավ:

Վարչապետը հրավիրեց շաբաթ օրը` ապրիլի 19-ին, հանդիպել ու քննարկել օրինագիծը, սակայն նախաձեռնության անդամները նշեցին, որ բանակցությունների կգնան միայն կառավարության կողմից ՍԴ որոշումները կատարելուց հետո:

Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո իրավաբան Մերի Խաչատրյանը նշեց, թե, ըստ վարչապետի, ՊԵԿ-ի և ոլորտի մյուս ֆինանսական մասնագետները քննարկում են հաշվետվության ձևում փոփոխություն կատարելու տարբերակները, որ վերացվի պարտադիր պահումների դաշտը.

«Ակնկալում ենք իրավական ակտի հրապարակում: Որքան հասկացա, վաղը պետք է գոնե այդ մասը հրապարակեն»:

Իսկ հաշվապահ Մանե Թանդիլյանն էլ վստահություն հայտնեց, որ գործատուները դեռ տույժերից ապահովագրված չեն. «Պետք է սպասենք օրենքի նախագծին ու դրա հաստատմանը ԱԺ-ում, մինչ այդ գործատուն չի կարող հանգիստ լինել»:

Ցույցի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ ամփոփեցին ցույցի արդյունքները:

«Դ!ԵՄ ԵՄ» քաղնախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է վարչապետի որոշմանը՝ նշելով, որ այն դրական է, բայց ոչ բավարար․ «Այն, որ կառավարության կողմից տույժերի կիրառման կասեցում սահմանող օրենսդրական նախաձեռնությամբ ԱԺ մտնելու պատրաստակամություն կա, մի քայլ է, որ լավ է, բայց ընդամենը առաջինն է, որ նույնիսկ ավելի շուտ պիտի լիներ: Բայց միայն այս քայլը բնավ բավարար չէ, ասեմ՝ ինչու.

Ա. օրեր առաջ կառավարությունը գործատուներին ի գիտություն իր պաշտոնական դիրքորոշումն էր արտահայտել, որով նշում էին, թե գանձումները պիտի կատարվեն մինչ սեպտեմբերի 30-ը: Հիմա այս պաշտոնական դիրքորոշումն ու նշված մտադրությունն իրար հետ համահունչ չեն, ուստի՝

Բ. կառավարությունը պիտի պաշտոնապես նոր դիրքորոշում տարածի գործատուներին ուղղված, հատկապես առ այն, որ ոչ մի գործատու չպիտի կատարի պարտադիր կուտակային կենսաթոշակային պահում, եթե աշխատողը գրավոր կամք չի արտահայտել մասնակցելու այս համակարգին:

Գ. եթե հիշում եք, ՍԴ առաջին աշխատակարգային որոշմամբ էլ կասեցված էր տույժերի հոդվածը, ու գործատուների մի զգալի մասը խառնաշփոթի մեջ էր, գործում էին ճնշման մեխանիզմներ. ի՞նչ երաշխիքներ, որ հիմա էլ նույնը չի լինի,կառավարության կողմից իրականացվող քայլերը նաև պիտի լինեն.

Դ. հստակ պահանջ կա. նախ՝ փոխել ՊԵԿ ներկայացվող էլեկտրոնային հաշվետվությունների ձևը. կուտակային վճարների դաշտը չպիտի լինի ինքնաշխատ,

Ե. անհապաղ կասեցնել ծրագրային մոդուլով ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ ընտրելու ապօրինի գործարքները, քանի որ այն ուղղակիորեն հակասում է ՍԴ որոշմանը. արհամարհվում է անձի ազատ կամարտահայտման իրավունքը,

Զ. մշակել իրավական մեխանիզմներ գումարները հետ վերադարձնելու համար»,- նշել է երիտասարդը: