19 ապրիլի 2014 - 13:07 AMT
Ապրիլի 24-ին ընդառաջ․ Միջազգային գիտաժողովի պատրաստություն ու կազմակերպված գործելու հորդոր

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերն ավելի նման են պարտականության և դրա անվան տակ բյուջեից գումարներ կորզելու: Ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Ակօս» թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը` հավելելով, որ իրականում Թուրքիան ավելի բարձր կարծիք ունենալով հայերի մասին, առավել լրջորեն է պատրաստվում:

«Մենք խնդիր ունենք կազմակերպված լինելու: Ունենք տարբեր կառույցներ՝ Ցեղասպանության թանգարանը, Երևանի պետական համալսարանը, Գիտությունների ազգային ակադեմիան, որոնք բոլորն էլ էս ուղղությամբ աշխատանքներ տանում են, բայց նրանց կոորդինացնող մի կառույց չկա, պետությունը հստակ ռազմավարություն չունի: Պետական այրերը այսօր հստակ պատկերացում ու քաղաքականություն չունեն Ցեղասպանության հարցի հետ կապված: Երեք նախագահ ենք ունեցել, երեքն էլ տարբեր դիրքորոշում են հայտնել Ցեղասպանության հարցի շուրջ, իսկ թուրքերը հակառակը»,- ասաց նա, գրում է Tert.am-ը:

«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանն էլ ընդգծել է` ժամանակն է, որ Հայաստանը Հայոց ցեղասպանություն հարցով դիմի միջազգային քրեական դատարաններ՝ հարցն այնտեղ լուծելու. «Մենք կոչ ենք անում ունենալ սեղանին նոր հայեցակարգային մոտեցումներ, և դրանցից մեկը իրավական խողովակներով առաջ շարժվելն է: Քաղաքական ճանապարհով պետություններին կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ խնդրին լուծում չի բերում, քանի որ ցանկացած երկիր առաջնորդվում է իր երկրի շահերից: Ցանկացած հանցագործություն իր պատիժը ստանում է դատարանում»:

Խաչատուր Մարոզյանը նշեց, որ միջազգային դատարան դիմելիս պետք է դիմել միջազգային հանրության օգնությանը՝ միջազգային ցեղասպանագետներին, իրավաբաններին և այլն:

Միևնույն ժամանակ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեղեկացնում է, որ «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» թեմայով միջազգային գիտաժողով է կազմակերպում: Գիտաժողովը տեղի կունենա թանգարան – ինստիտուտի նորակառույց գիտաժողովների դահլիճում ապրիլի 21-ից 22-ը` ժամը 10:30-ին:

Գիտաժողովում զեկույցներով հանդես կգան առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Լեհաստանից և ԱՄՆ-ից: Երկօրյա գիտաժողովի ընթացքում զեկուցողները կանդրադառնան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում կազմակերպված հայերի զորակոչին, նրանց զինաթափմանը , երիտթուրքերի կառավարության կողմից հայ ժողովրդի ցեղասպանությանը , պանթուրքիստական ցանցի գործունեությանը, օտարազգի լրագրողների գործունեությանը, հայերի ինքնապաշտպանական մարտերին, պատերազմող երկրների դիվանագիտության դերին, վկայություններին, հայ կամավորական շարժմանը, հայ գաղթականությանը և վերապրողներին առնչվող հարցերին:

Կովկասյան ռազմաճակատը, որտեղ ծավալվում էին լայնածավալ որոշիչ ռազմական գործողություններ, մոտ լինելով մերձավորարևելյան ճակատին, կենտրոնացրել էր բավական մեծ ռազմական ռեսուրսներ` ըստ այդմ ունենալով որոշակի ազդեցություն պատերազմի վերջնական ելքի վրա:

Երիտթուրքերի կառավարությունը, օգտվելով համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից, իրագործեց հայերի` նախապես ծրագրած ցեղասպանությունը ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլև Օսմանյան կայսրության ողջ տարածքում, ինչպես նաև Կովկասի և Հյուսիսային Իրանի շրջաններում: Կոտորածների ու բռնագաղթի ենթարկվեց տարածաշրջանի հույն, ասորի և եզդի բնակչությունը:

Կովկասյան ճակատի պատերազմական գործողությունների ընթացքում մարդասիրական օգնությանը և փախստականների բազմաթիվ խնդիրներին առնչվող հարցերն առանցքային էին, քանի որ այստեղ էին կենտրոնացել թուրքական կոտորածներից փրկված մեծ թվով փախստականներ, ովքեր գաղթել էին նահանջող ռուսական զորքերի հետ: Մարդասիրության ճգնաժամի պայմաններում գործում էին բազմաթիվ հայկական, ռուսական և ամերիկյան մարդասիրական կազմակերպություններ (Մոսկվայի հայկական կոմիտե, Համառուսաստանյան քաղաքների միություն, Ռուսական «Կարմիր խաչ», Տատյանինյան կոմիտե, Ամերիկյան նպաստամատույց և այլն) :