22 ապրիլի 2014 - 11:50 AMT
Ֆրանսիայում Թուրքիայի նոր դեսպանը 2015-ի համար «հատուկ ծրագիր» չունի

Ֆրանսիայում Թուրքիայի նոր դեսպան Հաքքի Աքիլը հայտարարել է, որ պատրաստ է «անկողմնակալ երկխոսություն» սկսել ֆրանսահայերի հետ 2015 թվականին՝ «օսմանցի հայերին 100 տարի առաջ պատուհասած ողբերգության մասին»: Ինչպես գրում է Hürriyet Daily News-ը, Աքիլն այդ թեման «սրտաճմլիկ» է անվանել:

«Այդքան նման երկու ժողովուրդները պետք է վերջապես հաշտվեն: Մենք պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկենք»,- ասել է Աքիլը Փարիզում:

Աքիլը հավելել է, որ երեք հիմնական թեմա է տեսնում իր առաքելության համար՝ Անկարա-Փարիզ հարաբերություններն, անդամակցությունը ԵՄ-ին, հայկական հարցն ու թուրքական համայնքը Ֆրանսիայում:

«Հայկական հարցը ընդհանուր առմամբ է պետք է դիտարկել, ոչ թե միայն Ֆրանսիայի պարագայում: Ցեղասպանության հարցը պետք է քննել միջագային դատարաններում», -ասել է դեսպանը: Ըստ նրա, խաղաղության ու հաշտեցման ժամանակն է: «Տեսնելով երկու ժողովրդների, որոնք շուրջ 10 դար միասին են ապրել, նույն երաժշտությունն են լսել, նույն մշակույթն են ունեցել, իսկ հիմա բաժանված են ատելությամբ, սիրտս կոտրվում է: Իմ նախապապի երկրորդ կինը հայուհի է եղել, ես միևնույն է հանդիպում եմ իմ հայ ընկերների հետ, չնայած, որ ԱՍԱԼԱ-ն սպանել է թուրք դիվանագետների: Մենք պետք խաղաղ ապրելու հնարավորություն տանք մեր ժողովրդներին»,- ասել է Աքլիը:

Նոր դեսպանը նաև խոստովանել է, որ «հատուկ ծրագիր» չունի 2015 թվականի համար: «Լինի դա 2014 թվականը, թե 2016-ը, ես առաջարկում եմ. թողեք իրավական ու պատմական բանավեճերն իրավաբաններին: Մեր առաքելությունն ատելության քարոզչությունից հրաժարվելն է»,-հավելել է Աքիլը: ASALA –ն՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (Armenian Secret Army for the Liberation of Armenia) հայկական ռազմաքաղաքական գաղտնի կազմակերպություն է, որը ակտիվ գործունեություն է ծավալել 1975-1997թ.։ Կազմակերպության նպատակն էր զինյալ գործողությունների միջոցով Հայկական հարցը կրկին մտցնել միջազգային քաղաքական, իրավական հարթություն, միջազգային հանրության կողմից ճանաչման ներկայացնել 1914-1923թթ.-ին թուրքերի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանի ազատագրման նախադրյալներ ստեղծել։ ASALA-ի ռազմական գործողությունները հիմնականում ուղղված էին թուրքական դեսպանատների, հյուպատոսարանների, դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, զինվորական և ոստիկանական հաստատությունների, թուրքական բիզնես միջավայրի դեմ: ASALA-ն իր գոյության մասին առաջին անգամ հայտնեց, երբ ստանձնեց 1975թ.-ի հունվարի 20-ին Բեյրութում Եկեղեցիների համաշխարհային միության գրասենյակի ռմբահարման պատասխանատվությունը։ Առավել մեծ արձագանք են ստացել գաղտնի կազմակերպության կողմից իրականացված Օրլիի օդանավակայանի ռազմագործողությունը, «Վան» գործողությունը, «Կարին – Էրզրում» գործողությունը և Շուկայի վրա հարձակումները։

ԱՄՆ պետդեպարտամենտը 1980-ականներին ընդգրկել էր կազմակերպությունը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, սակայն հետագայում հանեց ցուցակից: Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը իր ակտիվ ռազմական գործողությունների շնորհիվ կրկին միջազգային քաղաքական և իրավական ասպարեզ բերեց Հայց ցեղասպանության ճանաչման հարցը։ Աշխարհի առաջատար լրատվական ընկերություները, անդրադառնալով ՀԱՀԳԲ-ի գործունեությանը, անպայման բովանդակալից անդրադարձ էին կատարում Հայոց ցեղասպանությանն ու հայկական պահանջատիրությանը։

1991թ.-ին գաղտնի բանակը հրապարակել է իր վերամշակված ծրագիրը, որտեղ զորակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ առանց փոփոխության ենթարկելու իր ռազմավարական նպատակները։