22 ապրիլի 2014 - 13:17 AMT
Ցեղասպանության 99-ամյակին նվիրված միջոցառումներ կանցնեն Երուսաղեմում, Կալիֆորնիայում, Մոսկվայում և այլուր(թարմացված)

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի կունենան Կալիֆորնիայի բոլոր համայնքներում: Ֆրեսնոյում նախատեսված է Քեյ Մուրադյանի «Մորս ձայնը» ֆիլմի ցուցադրւթյունը, հետո տեղի կունենա «լուռ բողոք» ակցիան ու սգո հանրահավաք , որտեղ ելույթով հանդես կգան կոնգրեսականներ Ջիմ Կոստան ու Ուորի Սանդերսոնը:

Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Սեն Գաբրիել Վելլիում (ANCA-SGV), Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ տեղի կունենա սգո արարողություն, որտեղ հոգեհանգստի կարգը կկատարի քահանա Վազգեն Մովսեսյանը:

ANCA-SGV-ն հրավիրում է հայ համայնքի անդամներին մասնակցել հիշատակի արարողությանը: «Շատ կարևոր է, որ մենք ամեն տարի հավաքվում ենք և հիշում անմեղ նահատակներին, սակայն մենք պետք է պահանջենք նաև Հայոց ցեղասպանության ճանաչում», -ասել է ANCA-SGV ներկայացուցիչ Վիգեն Բագրատունին:

Մոսկվայում ապրիլի 24-ին, առավոտյան 10-ին ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ կսկսվի ռուսաստանյան հասարակայնության ներկայացուցիչների պիկետը, որի մասնակիցները կպահանջեն, որպեսզի Թուրքիան պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Միջոցառումը նաև նպատակ ունի նպաստել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Ըստ ՌԴ օրենսդրության Ռուսաստանի Հայերի միությունը պիկետը համաձայնեցրել է Մոսկվայի իշխանությունների հետ: Ակցիան կտևի 1,5-2 ժամ: Օրինականությունը պիկետի կազմակերպիչների հետ միասին կապահովեն իրավապահները:

ՌԴ Պետդուման 1995 թվականին միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Պետդումայի հայտարարության մեջ ասվում էր, որ «եղբայրական հայ ժողովրդի բնաջնջումը իր պատմական հայրենիքում կատարվել է Ռուսաստանի փլուզման համար պայմաններ ստեղծելու նպատակով»:

Այսօր՝ ապրիլի 22-ին Երուսաղեմի հրեական համալսարանում տեղի կունենա հուշ երեկո և սիմպոզիում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Միջոցառմանը կմասնակցեն ՀԱԵ Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, Երուսաղեմում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը և համալսարանի հումանիտար գիտությունների բաժնի դեկան, պրոֆեսոր Ռեուվեն Ամիթին: Երեկոյի ընթացքում կհնչի հայկական երաժշտություն, հայտնում է IzRus-ը:

Ինչպես նշում է պորտալը, վերջին տարիներին ցեղասպանության թեման ավելի հաճախակի է արծարծվում Իսրայելում և հասարակական քննարկումների առարկա դառնում, չնայած Թուրքիայի ու Ադրբեջանի ցավագին արձագանքներին: Այնուամենայնիվ, հրեական պետությունը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ավելի վաղ Ադրբեջան-Իսրայել միջազգային ասոցիացիայի ղեկավար Ալեքս Միլլերը խիստ քննադատության ենթարկեց Պետախ Տիկվայի քաղաքապետ Իցհակ Բրավերմանի քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու որոշումը:

Ապրիլի 21-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հոգեհանգստի պատարագ է մատուցվել, որից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողություն: Խաչքարի օծման արարողությունը նախագահել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը` Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության փոխառաջնորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և թեմի հոգևոր դասի ընկերակցությամբ: Խաչքարի օծումից հետո Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը՝ խաչքարի տեղադրման հովանավոր, պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանի հետ միասին բացել են խաչքարը՝ հեռացնելով սպիտակ քողը:

Ուկրաինայում Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանն էլ տեղեկացրել է, որ ապրիլի 24-ին Ուկրաինայի տարածքում գտնվող բոլոր հայկական եկեղեցիներում կանցկացվեն հոգեհանգստյան արարողություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։