22 ապրիլի 2014 - 15:44 AMT
Կուտակայինի հարցով վարչապետ-պատգամավորներ հանդիպումը․ Պարտադիրի կասեցման հարցում պատրաստակամ են

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր` ապրիլի 22-ին, քննարկել են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը։ Գործադիրի ղեկավարի հետ քննարկման էին եկել Հանրապետականի, «Բարգավաճ Հայաստանի», «Օրինաց Երկրի», ՀՅԴ-ի և «Ժառանգությանն» ներկայացուցիչները:

Հանդիպմանը ընդգծվել է քաղաքական գործակցության նման ձևաչափի անհրաժեշտությունը և կարևորվել դրա շարունակականությունը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել ուրվագծել խորհրդարանական ուժերի և Կառավարության բաց, անկաշկանդ գործակցության ուղիները, այդ թվում տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ, ինչը կնպաստի երկրում վստահության ամրապնդմանը:

Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ կարևորում է խորհրդարանական խմբակցությունների հետ գործակցությունը և պատրաստ է հետագա երկխոսության` տարբեր ձևաչափերով, տեղեկացնում են գործադիրի մամուլի ծառայությունից: Երկխոսության շրջանակում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումներն են արտահայտել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ և տարբեր առաջարկություններ ներկայացրել:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ սեղմ ժամկետում նախապատրաստվելու է օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:

Վարչապետը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները պատգամավորների և շահարգիռ կողմերի հետ՝ կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների համակողմանի լուծմանը հասնելու համար:

Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դրական գնահատելով հանդիպումը, նշել է, որ վարչապետը ներկայացրել է կուտակային համակարգի վերաբերյալ այն մոտեցումները, որոնք հրապարակել էր «Դ!ԵՄ ԵՄ» շարժման հետ հանդիպմանը, գրում է «Երկիր»-ը: Նրա խոսքով` Կառավարության կողմից պատրաստված օրենքի նախագիծը պատրաստ կլինի առաջիկա երկու օրերին, ինչից հետո միայն հնարավոր կլինի վերջնական եզրակացություն տալ: «Կարևորում այն, որ վարչապետը պատրաստակամ է խնդիրները լուծել և բարձրացված հարցերին լիարժեք պատասխաններ տալ»,- նշել է պատգամավորը:

«Դ!ԵՄ ԵՄ» քաղնախաձեռնությունն ապրիլի 18-ին նախագահական նստավայրի դիմաց ցույց էր կազմակերպել: Նախաձեռնության անդամներն ավելի վաղ հայտարարել էին, որ ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: «Այսօր, երբ Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը Կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջն ու կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը»,- ասվում էր նրանց հայտարարության մեջ:

Նախագահական նստավարի դիմաց «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակցիայի մասնակիցներին էր այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նախաձեռնության անդամները գործադիրի ղեկավարին էին ներկայացրել խմբի պահանջները։

Հովիկ Աբրահամյանը նշել էր, թե յուրաքանչյուր հարցի, որը բարձրացվել է, փորձելու են լուծում տալ։ «Իմ մոտեցումն է՝ չսպասել մինչը սեպտեմբերի 30-ը։ Առաջին քայլն արված է: Չգիտեմ` կարող ենք վաղը բոլոր կետերի պատասխանը տալ, թե` ոչ, մեզ ժամանակ է պետք, բայց որ քայլեր ենք անելու` այդպես է, հավատացեք, խնդրում եմ»,- ասել էր վարչապետը՝ հավելելով, որ առաջիկայում հարցը կքննարկեն Կառավարությունում ու ԱԺ խմբակցությունների հետ ու կներկայացնեն իրենց անելիքները։

Արծվիկ Մինասյանի խոսքով, խնդիրը բաժանվում է երկու փուլի՝ առաջինն այս կարճաժամկետ հատվածն է, որպեսզի հասարակության վստահությունը վերականգնվի:

«Համակարգային տարրերն այնպիսի փոփոխությունների պետք է ենթարկվեն, որ քաղաքացիները դրանց մասնակցեն կամարտահայտությամբ, որևէ պարտադրանք չի լինելու: Երկրորդ փուլը վերաբերում է արդեն նոր օրենքի մշակմանը, որը ենթադրում է հասարակական բոլոր շերտերի հետ քննարկումներ և ավելի երկար ժամանակ է պահանջում»,- ասել է նա:

Պատգամավորը կարևորել է նաև այն, որ պարտադրանքի կասեցման ուղղությամբ կոնկրետ քայլեր է կառավարությունը պատրաստ իրականացնել, գրում է Panorama.am-ը:

Իր հերթին ԲՀԿ-ական Նաիրա Զորհաբյանը հանդիպումից հետո նշել է, որ Միքայելը Մելքումյանի հետ ներկայացրել են ԲՀԿ տեսակետը՝ նշելով խմբակցության հիմնարար պնդումները, որոնք որևէ փոփոխություն չեն կրել․ «այն է՝ պարտադիրը պիտի հանվի և սկզբունքը լինի կամավոր, կամավորության դեպքում հանրությանը պետք է հստակ իրազեկվի, որովհետև մինչև հիմա վստահություն չկա համակարգի նկատմամբ», գրում է Tert.am-ը:

Զոհրաբյանի համոզմամբ, վստահության գործակից պետք է լինի ֆոնդերի հանդեպ, նրանք պիտի անպայմանորեն ունենան պետական երաշխիքներ, եթե ոչ՝ լինեն պետական, նշել է պատգամավորը:

Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պազաբանելով, թե ինչի Հայ ազգային կոնգրեսը չի մասնակցել խորհրդակցությանը, նշել է, թե իրենցբոլոր առաջարկները ներկայացրել են և բացի այդ, ստորագրել այն դիմումի տակ, որն ուղարկել են Սահմանադրական դատարան:

«Այսինքն, ՍԴ ուղարկված մեր դիմումի բովանդակության մեջ որևէ փոփոխություն չկա: Հիմա թե Կառավարությունն ինչ կորոշի, ինչ առաջարկով կմտնի խորհրդարան, դա իրենց գործն է: Մենք քննարկելու բան չունենք, իրենք պետք է ներկայացնեն առաջարկ»,- նշել է Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի մեջ հայտնած դիրքորոշումը, որով իրենք մերժում են պարտադիր կուտակային բաղադրիչի սկզբունքը, որևէ փոփոխության չի ենթարկվել: Հետևաբար, այդ առումով, ըստ Մանուկյանի, չեն ցանկացել գնալ Կառավարություն:

Ապրիլի 17-ին Կառավարությունում խորհրդակցությանը վարչապետը հանձնարարել էր շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետում օրենքի նախագիծ նախապատրաստել, որով մինչև Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովը կկասեցնի տույժերի հաշվարկը: Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի՝ ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյայում: