24 ապրիլի 2014 - 11:31 AMT
Թուրքիայի Ժողովրդական հանրապետական կուսակցությունը ցավակցել է Ցեղասպանության զոհերի ժառանգներին

Թուրքիայի Ժողովրդական հանրապետական կուսակցության փոխնախագահ Ֆարուկ Լողօղլուն հայտարարել է, որ իրենց կուսակցությունը նույնպես խաղաղություն է մաղթում 20-րդ դարասկզբին զոհված բոլոր քաղաքացիների հոգիներին և ցավակցում է նրանց թոռներին: Ինչպես գրում է Sabah-ը, Թուրքիայի Ժողովրդական հանրապետական կուսակցության փոխնախագահ Ֆարուկ Լողօղլուն, անդրադառնալով վարչապետ Էրդողանի հայտարարությանը, նշել է, որ այն ուշացած է. «Ինչո՞ւ այսքան ուշ: Երկար տարիներ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը՝ Էրդողանը 2014 թվականն ընտրեց: Այս հարցը պետք է ուսումնասիրել», -ասել է Լողօղլուն, որը նաև ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան է եղել:

Նախօրեին վարչապետ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 99-ամյակին: «Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ», -հայտարարել է նա: