24 ապրիլի 2014 - 12:27 AMT
Ամերիկայի Հրեաների կոմիտեն և Եվրոպայի հասարակական գործիչները հիշում են Meds Yeghern-ը՝ Հայոց ցեղասպանությունը

Ամերիկայի Հրեաների կոմիտեն (AJC) հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի վերաբերյալ: «Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանից մեկ ամիս անց և Հոլոքոսթի ամենամյա հիշատակումից առաջ մենք սգում ենք 1,5 մլն հայերի հիշատակը, որոնք զոհ գնացին Meds Yeghern-ին, Հայոց ցեղասպանությանը, որն իրագործվեց Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին»:

Կոմիտեն կոչ է անում Թուրքիայի կառավարությանը վերջապես բացել բոլոր պատմական արխիվները, որոնք վերաբերում են զանգվածային սպանությունների, բռնագաղթի, մահվան երթերի այդ մութ շրջանին` այդպիսով լուծելով նաև սեփական խնդիրները: «Գրեթե մեկդարյա վաղեմության վերքի բուժման գործընթացը կարող է սկսվել միայն այն դեպքում, երբ կհաղթանակի այդ տխուր դարաշրջանի վերաբերյալ ճշմարտությունը: Մեր կազմակերպությունը վկայել է և գրել է, որ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված վայրագություններն աննկարագրելի հանցագործություն են մարդկության դեմ:

Այդ սարսափները ցավագին հիշեցում են մեզ, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք պահպանել հիշողությունը որպես անհրաժեշտ քայլ նման երևույթները ապագայում կանխելու համար: Մենք միանում ենք բարի կամքի բոլոր մարդկանց, որոնք 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Meds Yeghern-ի 99-րդ տարելիցի օրը հիշում են այդ զոհերին», -ասել է AJC գործադիր տնօրեն Դևիդ Հարիսը:

Մի շարք ֆրանսիացի, հայ և թուրք հասարակական գործիչներ, արվեստի ու մտավորականության ներկայացուցիչներ, կոչ են հրապարակել Le Monde-ում՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը նշելու վերաբերյալ:

Համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «1915 թվականին ըստ նախապես մշակված ծրագրի 1,5 մլն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրությունում, որի վերջնական նապատակն էր ոչնչացնել նրանց քաղաքակրթությունը: Հայերը զոհ գնացին ցեղասպանության, որը պետք է սարսափելի հիշեցում լինի բոլոր հետնորդների համար: Այդ օրվանից ի վեր Թուրքիայում իրար հաջորդող կառավարությունները պայքարում են` մոռացության մատնելու իրենց երկրի պատմության այդ մութ էջը:

Նույնիսկ այսօր, հատկապես Թուրքիայում, այդ պատմական իրողության բարձրաձայնումը կատաղի դիմադրություն է առաջացնում, հանգեցնում ֆիզիկական սպառնալիքների ու նույնիսկ սպանությունների: Ոմանք ցանկանում են ստիպել, որ մարդիկ հավատան, թե Հայոց ցեղասպանության ճանաչումն ուղղված է թուրքերի ու «թուրքականության» դեմ, այնինչ այն ուղղված է մերժողականության դեմ և քայլ է դեպի արդարություն ու ժողովրդավարություն:

Այս տարի մենք բոլորս ապրիլի 24-ին Թուրքիայում կհիշենք Հայոց ցեղասպանության զոհերին, որոնք ներկայի մաս են կազմում, թեև մենք գտնվում ենք այդ իրողության արդեն 100-ամյակի շեմին: Մեր ընդհանուր մոտեցումը ձգտում է ճանաչման, համերաշխության, արդարության ու ժողովրդավարության»:

Ուղերձը ստորագրել են Շառլ Ազնավուրը, փիլիսոփա Բերնար-Անրի Լևին , Ֆրանսիայի բռնագաղթված հրեաների որդիների ու դուստրերի ասոցիացիայի նախագահ Սերժ Կլարսֆելդը, Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Բերնար Քուշները, լեհական «Համերաշխություն» միավորման առաջնորդ Ադամ Միխնիկը, Եվրոպայի հակառասիստական շարժման գործադիր տնօրեն Փոլ Մորենը, Մարդու իրավունքների ասոցիացիայի Ստամբուլի բաժանմունքի նախագահ Այշե Գյունայսուն, Դիարբեքիրի շրջանի նախկին ղեկավար Աբդուլլահ Դեմիրբաշը, թուրքական Durde կազմակերպության մամուլի քարտուղար Լևենթ Շենսեվերը, Հայ ընդհանուր բարեգործական միության եվրոպական բաժանմունքի նախագահ Ալեքսիս Գովչյանը, թուրքական «Դարավոր մերժողականության դեմ քարոզարշավ» պլատֆորմի մամուլի քարտուղար Այշե Օքտեմը, Nouvelles d'Arménie ամսագրի տնօրեն Արա Թորանյանը, Վանի Փաստաբանների կոլեգիայի նախագահ Մուրադ Թիմուրը: