24 ապրիլի 2014 - 12:55 AMT
Ռուս փորձագետն Էրդողանի հայտարարության մասին. Տանջամահ անել, կեղծիքով ու ստով պատել, հետո մի թեթև ներողությո՞ւն խնդրել

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին ռուսական մամուլում հայտնվեցին հետևյալ վերնագրերը. «Էրդողանը ցավակցել է ХХ դարասկզբի հայերի ցեղասպանության զոհերի ժառանգներին »: Խոստովանեմ, որ առաջին արձագանքս դրական էր. վերջապես, սառույցը կոտրվեց, չէ որ սա միայն առաջին քայլն է…

Մենք՝ այս մոլորակի նորմալ մարդիկ, վաղուց էինք սպասում, որ Ցեղասպանության մեղավորների ժառանգները վերջապես ցույց կտան, որ ունակ են մարդավարի մտածել: Ուստի ադեկվատ վարքագծի ցանկացած ակնարկ հասկանալի հուզում է առաջացնում: Շատ կուզենայի ուրախանալ նրանց համար՝ այն թուրքերի, որոնք վերջապես ընդունեցին իրողությունն ու նույնպես պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի երեխաները, կանայք, անզեն գյուղացիներն այլևս երբեք և ոչ մի տեղ վայրագ ստահակների զոհը չդառնան:

Բայց ուրախալի կանխազգուցումը շուտով հոդս ցնդեց: Այդպես լինում է, երբ առաջ է գալիս տրամաբանությունը: Ի՞նչ է իրականում թաքնված Էրդողանի «ցավակցության» ետևում: Ճիշտն ասած, ես թքած ունեմ քաղաքագիտական վարկածների վրա: Ինձ համար կարևոր չէ, թե դա ժեստ էր ուղղված Օբամային, թե ինչ-որ բազմանշանակ ակնարկ Պուտինին, ներքին վերնախավերի վրա ազդելու փորձ թե արտաքին քաղաքական գործողություն: Կարևոր է մեկ բան՝ նման տիպի հայտարարությունները ոչ մի իրական կապ չունեն Արևմտյան Հայաստանի ու Օսմանյան կայսրության տարածքում XIX դարի վերջում ու XX դարի սկզբում տեղի ունեցած իրական իրադարձությունների հետ: Չեն արտացոլում դրանք ու անկեղծ ցավ չեն պարունակում՝ թե այդ ինչ են արել խելահեղ կատաղության մեջ իրենց ազգակիցները:

«Կիսաճանաչման», «առանձին փաստերի դատապարտման» այս խաղերը, բոլոր այդ մշուշտ «ցավակցություններն», ու ակնարկները, վերապահումները՝ ճշգրիտ, վերլուծական դեպարտամենտների աշխատակիցների մշակած ելույթներ են, բայց այս ամենը տղամարադավարի չէ: Մարդկային չէ:

1,5 մլն գազանաբար սպանվածներ, նահատակներ, խոշտանգվածներ՝ նրանց անհնար է մոռանալ, թաքցնել գրասեղանի դարակում, ջնջել կոշտ սկավառակից: Բայց պարզվում է, որ այս ամենը կարելի է սակարկության հանել ու սակարկել: Չճանաչման խաղերը՝ այստեղ տեսնում են, այնտեղ չեմ տեսնում, փարիսեցի պատմաբանները, որոնք փորձում են մանկան դիակները թաքցնել կեղծ ձևակերպումների պղտոր ջրերում, հարյուր տարվա ընթացքում դարձել են շահավետ ինդուստրիայի մի մասը: Կեղտոտ թուրքական շուկայի պես մի բանի են վերածվել, որտեղ կեղծ ոսկե զարդերի փոխարեն հրամցնում են կեղծ «քաղաքական նպատակահարմարությունը»: Տանջամահ անել, կեղծիքով ու ստով պատել, իսկ հետո մի թեթև ներողություն խնդրե՞լ: Այդպես չեղավ, ընկեր Էրդողան: Նորմալ մարդկանց աշխարհում նման վարքագիծն անվանում են խաբեություն, կամ ավելի բնորոշ բառով՝ վախկոտություն:

Նախօրեին վարչապետ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 99-ամյակին: «Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ», -հայտարարել է նա:

Դենիս Դվորնիկով, «Ռուս-հայկական համագործակցության» անդամ