24 ապրիլի 2014 - 12:52 AMT
ԱՄՆ կոնգրեսականները Ծիծեռնակաբերդում էին․ Թուրքիային կոչ են անում ճանաչել Ցեղասպանությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 24-ին, ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լոյս Ֆրենկելը։ Մինչ Հայաստան գալը պատվիրակությունն այցելել է Ադրբեջան և Ուկրաինա:

Ողջունելով պատվիրակությանը` նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ կոնգրեսականների այցը Հայաստան այսօր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, և հանդիպումը Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում առանձնահատուկ խորհուրդ ունի: Սերժ Սարգսյանի խոսքով, դա առաջին հերթին վկայում է, որ հայ ժողովուրդը միայնակ չէ իր համազգային ողբերգության մեջ, ինչը մեր ժողովրդի համար կարևոր նշանակություն ունի: Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի բարեկամներին, այդ թվում՝ Հայաստան այցելած պատվիրակության անդամներին, Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի օրն անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը հայ ժողովրդի կողքին լինելու և 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար, տեղեկացնում են նախագահականի մամուլի ծառայությունից:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ Հայաստանի տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարության կայացմանն ու ամրապնդմանը տարիներ շարունակ աջակցելու, ինչպես նաև մեր տարածաշրջանում կայունության պահպանմանը նպաստելու, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում ակտիվ ներգրավվածության համար: ԱՄՆ կոնգրեսականներին նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու խորացնել և զարգացնել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները:

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և նրա գլխավորած պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Հանրապետության նախագահին՝ գնահատանքի ու ջերմ խոսքերի համար և նշել, որ պատվիրակության կազմում գտնվող և՛ Դեմոկրատական, և՛ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների համար ևս չափազանց կարևոր է հենց այսօր Հայաստանում գտնվելը՝ լավ հասկանալով օրվա խորհուրդը: Էդ Ռոյսի խոսքով, եթե պատմությունը ճիշտ ընթացք չի ունենում, եթե դասագրքերում այն ճիշտ չի ներկայացվում, ապա, միանշանակ, զարգացումները վտանգված են: Հանձնաժողովի նախագահի հավաստմամբ, նաև այդ նկատառումով, Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության թեման ներառված է պատմության դասագրքերում և դասավանդվում է:

ԱՄՆ կոնգրեսականները պատրաստակամություն են հայտնել շարունակելու իրենց ջանքերն ի նպաստ Հայաստանի զարգացման և հայ ժողովրդի բարեկեցության:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններին, տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Մենք այստեղ ենք ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար: Այդ մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը։

Նրա խոսքով, եթե ճիշտ գնահատական չտրվի 1915-ի դեպքերին, ապա ապագայում ճիշտ քայլեր ակնկալել չի կարելի:

«Կարևորում ենք Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի վերաբերյալ գնահատականը: Դա նախորդ դարի առաջին ցեղասպանությունն էր, երբ Հիտլերը ծրագրում էր իր ցեղասպանությունը, նա հիմնվում էր հենց հայերի բնաջնջման փաստի վրա»,- նկատել է Ռոյսը:

ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակության անդամ Էլիոթ Լանս Էնգելն իր հերթին նշել է, որ Հայաստանում է` համերաշխության ձայն բարձրացնելու համար, գրում է Panorama.am-ը:

«Մեր համերաշխության ձայնն ենք բարձրացնում` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Թուրքիային կոչ ենք անում անմիջապես ճանաչել այն»,- նշել է Էնգելը:

Ավելի վաղ կոնգրեսականների պատվիրակությանն ընդունել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը ևս կարևորել է նրանց հետևողական ջանքերը Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամական գործընկերության զարգացման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել պատվիրակության անդամների շարունակական քայլերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ կոնգրեսականները ընդգծել են, որ այցելությունը լավ հնարավորություն է առաջին ձեռքից տեղեկանալու տարածաշրջանային խնդիրների մասին և վստահեցրել, որ շարունակելու են նպաստել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների զարգացմանը:

Զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ վստահությունը տարբեր բնագավառներում փոխգործակցությունն ընդլայնելու լավ երաշխիք է:

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային ու միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Կոնգրեսականների այցի շրջանակում նախատեսվում է նաև այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում կաթողիկոսի հետ, ինչպես նաև` շրջայց Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայում և քննարկում Ամերկայի առևտրի պալատի հետ: Ապրիլի 24-ին Երևանում պատվիրակությունը կմասնակցի հիշատակի օրվան նվիրված արարողությանը:

ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Մայքլ Գրիմը, Դևիդ Վալդաոն ու Ֆրենկ Փալոունը մայիսին ԱՄՆ Կոնգրես ներկայացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահին աշխատել կառուցողական և արդար հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ, որոնք հենված կլինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստերի ու հետևանքների ճանաչման, ինչպես նաև մարդկայնության դեմ այդ ոճրագործության միջազգային ճանաչման ու արդար հանգուցալուծման վրա:

Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը նաև ներկայացվել էր ԱՄՆ Սենատ 2013-ի ապրիլին սենատոր Մարկ Քըրքի կողմից: Այն հիմնված էր ԱՄՆ կառավարության 1951 թվականի մայիսի 28-ի հայտարարության վրա, որով Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է որպես մարդկայնության դեմ հանցագործություն, նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981-ի ապրիլի 22 -ի հայտարարության, ինչպես նաև 1975 և 1984 թթ. Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վրա:

Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան ընդունվել է 1948-ին Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից և ուժի մեջ է մտել 1951-ի հունվարին: Այն հանդիսանում է ցեղասպանության իրավական սահմանումը և հանդիսանում է իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից իրականացվող բազմամյա կամպանիայի հանգուցակետը, ով ստեղծեց «գենոցիդ» եզրը` հենվելով ասորիների կոտորածների, Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության վրա: Բոլոր մասնակից երկրներին խորհուրդ էր տրվում կանխել և պատժել ցեղասպանության գործողությունները պատերազմական և խաղաղ իրավիճակներում: Կոնվենցիան վավերացրած պետությունների թիվը ներկայումս 141 է: