24 ապրիլի 2014 - 15:59 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արտասահմանյան դիվանագետները հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը. Պատմությունը փոխկապակցված է

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալը հնարավորություն է բոլոր երկրների համար, որոնք դեռևս չեն ճանաչել այդ ցեղասպանությունը, որպեսզի անեն դա»,- ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Դեսպանը նշել է, որ Հայոց ցեղասպանության տարելիցն ավելի քան 500 000-ի հասնող ֆրանսահայ համայնքի համար կարևորագույն հարցն է: «Ցեղասպանության փաստը մեր պատմության մի մասն է ոչ միայն այն պատճառով, որ բազմաթիվ փախստականներ իրենց ապաստանն են գտել Ֆրանսիայում, այլ նաև այն պատճառով, որ այդ մարդիկ նաև ֆրանսիացիներ են դարձել»,-նշել է դեսպանը, գրում է «Իրավունքը»:

ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը Ծիծեռնակաբերդ էր բերել 1995 թվականին ՌԴ պետդումայի՝ Ցեղասպանության վերաբերյալ ընդունած հայտարարությունը: Նա դրանից մի հատված է ընթերցել, որում նշված է, թե եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը և նրանց իրենց պատմական հողերից վտարումը նպատակ է ունեցել նաև նախադրյալներ ստեղծել Ռուսաստանի ոչնչացման համար:

«Պատմությունը փոխկապակցված է, և այդ պատճառով մենք պետք է ճիշտ գնահատական տանք անցած դարասկզբի իրադարձություններին և կոչ անենք, որ միջազգային հանրությունն էլ դատապարտի»,- ասել է նա, գրում է Tert.am-ը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին էլ հայտարարել է, թե իրենք բարձր են գնահատում Հայաստանի նախագահի նախաձեռնությունը, ով քաղաքական հեռատեսություն է ցուցաբերել՝ անձամբ նախաձեռնելով երկխոսությունը Թուրքիայի հետ:

Նա նշել է, որ թեև հայ-թուրքական արձանագրություններն այժմ սառեցված են, բայց հավատում է, որ ժամանակի խնդիր է, գրում է Panorama.am-ը: Դեսպանի դիտարկմամբ, տարածաշրջանում խաղաղություն, կայունություն հաստատելու միակ ճանապարահը բանակցություններն են, երկխոսությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ