25 ապրիլի 2014 - 11:43 AMT
Թուրքական ընդդիմությունն Էրդողանին մեղադրել է հակաթուրքական քարոզչության մեջ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտնի հայտարարությունը նպաստում է հակաթուրքական քարոզչությանը Հայոց ցեղասպանության հարցում: Այդ մասին հայտարարել է թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բախչելին:

«Ապրիլի 23-ին իր հայտարարությամբ Էրդողանը փորձեց տուրք տալ հայկական սփյուռքին, նախագահական քարոզարշավ սկսել, նպատակ ունենալով դուր գալ հայկական լոբբիստական խմբերին: Պարզ է, որ նրա ուղերձը պարունակում է թուրք ժողովրդի և Թուրքիայի պատմությունից հեռու, կոսմոպոլիտիկ և չհիմնավորված արտահայտություններ»,– հայտարարել է Բախչելին, գրում է Hurriyet-ը: Բախչելին վստահ է, որ ինչ էլ անի Էրդողանը, որն «իր ուղերձով նվաստացրեց և հանցագործ դարձրեց թուրք ժողովրդին», միևնույն է նախագահ չի դառնա:

Նախօրեին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով:

Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար:

Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. իրադարձությունները գիտական առումով հետազոտելու համար մի միասնական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչ արեց: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների համատեղ հետազոտությունը մեծ դեր կունենա 1915 թվականի իրադարձությունների լուսաբանման ու պատմության ճիշտ մեկնաբանության գործում: Ուստի մենք բացել ենք մեր բոլոր արխիվները հետազոտողների համար: Մեր արխիվներում այսօր պահպանվող հարյուր հազարավոր փաստաթղթերը ներկայացված են պատմաբանների ուսումնասիրությանը: Թուրքիան, վստահորեն նայելով ապագային, միշտ աջակցել է գիտական ու համակողմանի հետազոտություններին՝ պատմության ճիշտ ընկալման համար:

Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»:

Դևլեթ Բախչելին ժամանակակից Թուրքիայի ամենասկանդալային քաղաքական գործիչներից է: 2010 թվականի հոկտեմբերին Վանի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում առաջին պատարագից հետո Դևլեթ Բախչելին և նրա կողմնակիցները նամազ արեցին Անիի Մայր տաճարում: Ըստ իշխող Արդարության ու զարգացման կուսակցության (АКР) պատգամավոր Մուստաֆա Էլիթաշի, իր գործողություններով Բախչելին նվաստացրեց թուրք պետության մեծությունը: Ըստ նրա, Դևլեթ Բախչելին պարսավանքի է արժանի: «Ո՞ւմ դեմ էր ուղղված այդ ուրբաթօրյա աղոթքը: Հայերի դեմ թե Սումելայի վանքում ժամերգության դեմ: Ո՞րն էր թիրախը՝ 1,5-միլիոնանոց Հայաստանը, թե 3-միլիոնանոց հայկական Սփյուռքը: Ուրիշ ժամանակ դուք ասում եք մեծ Թուրքիա, մեծ ազգ, մինչդեռ ի դեմս մի ոտնաչափ հողի վրա ծվարած երկրի, այսինքն Հայաստանի, դուք թշնամու եք տեսնում: Դա նման է տարբեր քաշային կարգերի մարզիկների պայքարին»,- ասել է Էլիթաշը: