24 ապրիլի 2014 - 21:12 AMT
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող միջոցառումներ` Բրյուսելից մինչև Հանոյ

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգում են ոչ միայն Հայաստանում և ոչ միայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, այլև Սփյուռքի բոլոր գաղթօջախներում:

ԱԳՆ-ից հայտնում են, որ օրվա խորհուրդով Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի: Հոգևոր արարողությանը հաջորդել է բազմամարդ երթ դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը, որտեղ հոգևոր հայրերը մատուցել են ոգեկոչման արարողություն: Ներկաներին իրենց խոսքն են հղել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենելուքսի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանը և Բելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահ Միշել Մամուրյանը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերը, Բելգիայի կառավարության, քաղաքական և հասարակական շրջանակների ականավոր գործիչներ, հրեական, թութսի, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ, մտավորականներ, բազմաթիվ լրագրողներ: Ծաղկեպսակներ են տեղադրվել Բելգիայի Սենատի նախագահի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Բելգիայում գործող հայկական կազմակերպությունների անունից:

Ավելի վաղ` ապրիլի 23-ին, հայկական խաչքար-հուշակոթողի մոտ հայ երիտասարդության ջանքերով կազմակերպվել էր մոմավառություն:

Տարելիցը հիշատակել են նաև Վիետնամի մայրաքաղաք Հանոյում: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Հո Շի Մինի դամբարանին կից գտնվող անմար կրակի մոտ: Այնուհետև ելույթով է հանդես եկել ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը: Ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման դերը ապագայում նմանատիպ ոճիրների կանխարգելման համար՝ ՀՀ դեսպանը կարևորել է քաղաքակիրթ մարդկության վճռականությունն ու միասնականությունը պատմական արդարության վերականգնման և ժխտողականության դեմ պայքարի հարցերում:

Իսպանիայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է ապրիլի 22-ին Մադրիդում: «Կասա դե Կանտաբրիա» մշակութային համալիրի սրահում տեղի է ունեցել «Անլռելի զանգակատուն. Հայաստան 1915-1918» խորագրով Մեծ եղեռնը վավերագրած լուսանկարների ցուցահանդեսի բացումը և Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված արարողությունը, որին ներկա են եղել բազմաթիվ պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, համալսարանների դասախոսներ, հայ և ազգային այլ փոքրամասնությունները ներկայացնող համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հոգևորականներ:

Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ հոգևոր արարողություններ, ծաղկեպսակների տեղադրում, մոմավառություն, երթեր և ցույցեր են անցկացվել նաև Իսպանիայի մյուս քաղաքներում`Բարսելոնայում, Վալենսիայում և Ալիկանտեում:

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` ապրիլի 24-ին Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում գտնվող խաչքարի մոտ տեղի է ունեցել ծաղիկների և ծաղկեպսակների տեղադրման արարողություն: Արարողությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Գերաշհորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչներ, Ռուսաստանի հայերի միության ղեկավար մարմնի անդամներ, մոսկովյան բուհերի հայ ուսանողներ ու մոսկվաբնակ հայեր: Ծաղկեպսակների և ծաղիկների տեղադրման արարողությունից հետո Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվել է 1915թ.-ի կոտորածներին զոհ դարձած 1,5 միլիոն անմեղ հայերի հիշատակին նվիրված հոգեհանգիստը` Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ:

Նույն օրը Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվել է պատարագ և հոգեհանգստյան կարգ Ցեղասպանության հուշարձանի մոտ, որից հետո Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ են խոնարհել անմար կրակի մոտ:

Տարիներ ի վեր ձևավորված ավանդույթի համաձայն, Սիրիայում ՀՀ դեսպանություն են այցելել սիրիահայ համայնքի ներկայացուցիչները և գրառում կատարել ոգեկոչման հուշամատյանում: Երեկոյան ՍԱՀ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է Դամասկոսի հայ կաթողիկե համայնքի կազմակերպած միջոցառմանը և ծաղկեպսակ դրել կաթողիկե եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռի մոտ:

Նախորդ օրը` ապրիլի 23-ին Քուվեյթի սբ Վարդանանց եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել հսկումի ավանդական արարողությունն ու մոմավառության խորհրդանշական երթը:

Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ Գերապատիվ Տեր Մասիս Ծայրագույն Վարդապետ Զոփույանը, իր խոսքում անդրադառնալով ապրիլքսանչորսյան խորհրդին, պատգամել է միավորել համայն հայության ջանքերն ու նոր ավյուն հաղորդել Ցեղասպանության միջազգային ճանաչման նվիրական պայքարին:

Ելույթով է հանդես եկել նաև Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը` ընդգծելով Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգված և միասնական ուժերով կազմակերպելու, ինչպես նաև` Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և կանխարգելման ուղղությամբ աշխատանքները բազմապատկելու կարևորությունը:

Հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել նաև Բուլղարիայի բոլոր հայաշատ քաղաքներում` Վառնայում, Պլովդիվում, Ռուսեում, Բուրգասում, Դոբրիչում և Սլիվենում: ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանը, Բուլղարիայի նախկին վարչապետ Ռենետա Ինջովան, ՀԸԲՄ ատենապետ Սոնյա Ավագյանը, բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ծաղկեպսակներ են խոնարհել Սոֆիայի հայկական գերեզմանատան՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Տեր Աբգար Վարդապետ Հովակիմյանը մատուցել է հոգեհանգստյան պաշտոն, որից հետո ելույթ է ունեցել դեսպան Սհոյանը, որը, մասնավորապես, դատապարտելով ժխտողականության, իրական փաստերը խեղաթյուրելու և նենգափոխելու քաղաքականությունը, շեշտել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը` ապագայում մարդկության դեմ հանցանքները բացառելու նպատակով: ՀՀ դեսպանը ընդգծել է վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունների ընդունման կարևորությունը Բուլղարիայի չորս քաղաքների համայնքային խորհուրդների կողմից:

Ապրիլի 23-ին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ, այնուհետև Նինոծմինդայի շրջանային մշակույթի տան բակում տեղի է ունեցել հուշակոթողի օծման հանդիսավոր արարողություն, որն անցկացրեցին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության փոխառաջնորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը:

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը նշել է. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրումը Նինոծմինդայում հիրավի պատմական իրադարձություն է: Սա ևս մեկ քայլ է մեր բարեկամ երկրի հասարակության կողմից Հայոց Մեծ Եղեռնի ճանաչման և դատապարտման պատմական անհրաժեշտության ընկալման ուղղությամբ »: