25 ապրիլի 2014 - 11:09 AMT
Իսրայելում, Ֆրանսիայում ու Չինաստանում հիշատակել են Հայոց ցեղասպանության զոհերին

Ապրիլի 24-ին Իսրայելում մեծ հանրահավաք էր կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս տարի հանրահավաքը, ի տարբերություն նախորդ տարիների, բազմամարդ էր, մոտ 500 մասնակից կար: Հանրահավաքին, որն անցնում էր Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան մոտ, մասնակցում էին հայ համայնքների ներկայացուցիչներ Իսրայելի բոլոր քաղաքներից: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է պատմել «Նոյան տապան» հայկական մշակութային կենտրոնի մամուլի քարտուղար Մեդել Կորսունսկին: Ըստ նրա, ցուցարարներին են միացել նաև Իսրայելի երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ցեղասպանության դեմ պայքարի կոմիտեի անդամներ, հայտնի գրող ու լրագրող Յաիր Օրոնը, ինչպես նաև «Մերեց» սոցիալ-ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչներ: Ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել նաև ԱՄՆ դեսպանատան առջև:

Յարոն Վայսը, որն Իսրայելում հայտնի է որպես հայամետ գործիչ, հանդես է եկել ելույթով, որտեղ մեղադրել է Թուրքիայի իշխանություններին պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու համար և կոչ է արել Իսրայելի խորհրդարանին դադարեցնել ռազմական գործակցությունն Ադրբեջանի հետ: Հանրահավաքից հետո Յաֆֆայի հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ: Պետախ Տիկվայում, քաղաքապետարանի դիմաց առաջին անգամ բողոքի ցույց է տեղի ունեցել, որին մասնակցել են ոչ միայն քաղաքի բնակիչները, այլ նաև Երուսաղեմի հոգևորականներ ու հայ համայնքի ներկայացուցիչներ: Քաղաքապետարանից միջոցառմանը մասնակցել է Ռամի Գրինբերգը, քաղաքապետի պաշտոնի նախկին թեկնածուն: Իր ելույթում նա ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին և կոչ է արել հրեաներին, որոնք Հոլոքոսթ են վերապրել, կարեկից լինել ու ցավակցել հայերի վշտին: «Քաղաքի բնակիչները մոտենում էին մեզ, հետաքրքվում էին հայ ժողովրդի պատմությամբ, աջակցություն էին հայտնում Ցեղասպանության ճանաչման համար պայքարում»,-ասել է Կորսունսկին:

Մինչդեռ «Մերեց» կուսակցության ղեկավար Զախավա Գալյոնը գրում է. «Ուղիղ մեկ տարի անց՝ 2015 թվականի ապրիլի 24-ին, աշխարհը կնշի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Տարիներ շարունակ կուսակցության խմբակցության ներկայացուցիչներ Յաիր Ցաբանը, Յոսի Սարիդը, Հաիմ Օրոնն ու ես Քնեսեթի օրակարգ ենք մտցնում այդ իրադարձությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկը:

Ես անկեղծորեն հավատում եմ, որ դա մեր պարտքն է: Իսրայելի խորհրդարանը պետք է հստակ դիրքորոշում ունենա այս հարցում: Դա հատկապես կարևոր է Իսրայելի կառավարության բազմամյա լռության ֆոնին:

Միանգամից ասեմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական հարց չէ: Դա մեր բարոյական պարտքն է, որը ոչ մի կապ չունի մեր քաղաքական համակարգի աջ կամ ձախ թևի հետ: Տարիներ շարունակ հայ ժողովրդի ողբերգությունն Իսրայելի արտաքին քաղաքականության գործիքներից մեկն է եղել: Մեր կառավարությունները գերադասում էին զոհերի հիշատակը զոհաբերել նեղ ու ցինիկ շահերին: Իսրայելը գերադասում է թուրքական դիրքորոշումը որդեգրել և հրաժարվում է ճանաչել ցեղասպանության փաստը:

Պետք է խոստովանեմ, որ ինձ համար դժվար է հասկանալ, թե ինչու թուրքերը մինչ օրս հրաժարվում են ստանձնել ողբերգության համար պատասխանատվությունը: Ես նաև գիտակցում եմ մեր դիվանագիտական կապերի կարևորությունը Թուրքիայի հետ: Միևնույն ժամանակ, ես չեմ ընդունում այն վերապահումները, որոնք մշտապես ներկայացնում է մեր կառավարությունը՝ «չկան համապատասխան քաղաքական պայմաններ», «դա պատմաբանների հարց է» և այլն, և այլն»: Այս ամենը մեկ նպատակ ունի՝ խուսափել ճիշտ որոշումից: Բայց ամենավատն այն է, որ, ինչպես գրում է պրոֆեսոր Յաիր Օրոնն իր «Ժխտում» գրքում, մեր կառավարությունն ու ԱՄՆ հրեական կազմակերպությունները համատեղ ջանքեր են գործադրում կասկածի տակ դնելու համար Հայոց ցեղասպանությունը: Հաշվի առնելով այս ցինիզմը, ես, որպես Հոլոքոսթը վերապրած ծնողների դուստր, չեմ կարող լռել: Ես հավատում եմ, որ հրեա ժողովուրդը, որն անցել է զանգվածային ոչնչացման միջով, պարատավոր է զգայուն լինել այլ ժողովրդների ողբերգության հանդեպ: Դա մեր բարոյական պարտքն է: Մենք դա պետք է բարձրաձայն ասենք. Իսրայելն այլևս չի մասնակցելու հայերի ցեղասպանության ժխտմանը: Դա չի նշանակում, որ ես հավասարության նշան եմ դնում Եվրոպայի հրեաների Աղետի ու հայ ժողովրդի ցեղասպանության միջև: Չեմ կարծում, որ մարդկության պատմության մեջ եղել է հրեաների ողբերգության նման իրադարձություն: Բայց մենք չենք կարող ժխտել փաստերը: Ժողովրդների զանգվածային սպանություններ նախկինում էլ են եղել, ցավոք, այժմ էլ շարունակվում են: Ուստի, ելնելով սեփական դառը փորձից, մենք պետք է զգոն լինենք, զգուշացնենք ու միջազգային հանրության ուշադրությունը գրավենք ցեղասպանության ցանկացած դրսևորման վրա:

Մենք պետք է հասկացնենք մեր թուրք գործընկերներին, որ ցեղասպանության ճանաչումը մարտահրավեր կամ սադրանք չէ: Այդ քայլը հրեա ժողովրդի բարոյական պարտքն է»:

Միևնույն ժամանակ Ստրասբուրգի Հայ համայնքի երտասարդներն առաջին անգամ ապրիլի 24-ի կապակցությամբ երթ էին կազմակերպել քաղաքի կենտրոնից դեպի Թուրքիայի դեսպանատուն, որին մասնակցել է մոտ 450-500 մարդ: Ցուցարարները երգել են հայրենասիրական երգեր, ծածանելով եռագույնը, բողոքի բազմաթիվ պաստառներով 2 ժամ անդընդմեջ Թուրքիայի դեսպանատան առջև պահանջել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և վերականգնել արդարությունը, այնուհետև երթը շարունակվել է Ստրասբուրգի Հանրապետության հրապարակ, որտեղ ելույթ են ունեցել բազմաթիվ պաշտոնյաներ։ Հավաքվածները ծաղկեպսակներ են դրել անմահ զինվորի հիշատակին, այդ թվում նաև քաղաքապետը, հայ երտասարդությանը միացել են նաև քուրդ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները:

Անմիջապես ելույթից հետո մասնակիցները երթով հասել են Ստրասբուգի Հայ առաքելական եկեղեցի, որտեղ տեղի հոգևոր հայր տեր Վաչեն անմեղ զոհերի հիշատակին պատարագ է մատուցել:

Մոլորակի մեկ այլ անկյունում` Չինաստանում ՀՀ դեսպանությունում, Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հավաք-ընդունելություն է կազմակերպվել:

Դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ ծաղիկներ են խոնարհել և խնկարկման արարողություն կատարել: Այնուհետև դեսպանության ընդունելությունների սրահում ներկաներին ողջունել է և ելույթ ունեցել ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, որը նաև ներկայացրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իրականացվելիք հիմնական ծրագրերը: Դրանց շուրջ տեղի ունեցան շահագրգիռ քննարկումներ:

Միջոցառմանը մասնակել են նաև ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, Պեկինի տարբեր համալսարանների հայ ուսանողներ, գործարարներ:Ելույթների ավարտին ցուցադրվել է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ փաստավավերագրական ֆիլմ:Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև ՉԺՀ Շանհայ և Հոնկոնգ քաղաքներում:

Photo: Sofia Mkrtchyan