25 ապրիլի 2014 - 18:37 AMT
Փարիզի քաղաքապետ. Իրերն իրենց անուններով է պետք կոչել՝ Ցեղասպանության ճանաչումը թուրք ժողովրդին է պետք

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի ընդունելությունների սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական միջոցառումը, որն այս տարի նախաձեռնել էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Միջոցառմանը մասնակցել են քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, քաղաքական, մշակույթի գործիչներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը բացեց Անն Իդալգոն: Իր հայտարարության մեջ նա ասաց, որ երևույթները պետք է կոչել իրենց անուններով և ընդգծեց, որ Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտություն է ողջ թուրք ժողովրդի համար: Փարիզի քաղաքապետը խոսեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շրջանակներում մայրաքաղաքի իշխանությունների կողմից անցկացվելիք միջոցառումների՝ մասին:

Այնուհետև ելույթներով հանդես եկան Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհրդի համանախագահներ Ֆրանկ Փափազյանը և Արա Թորանյանը, որոնք, մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի նախօրեին արված հայտարարությունները, ընդգծեցին Թուրքիայի իշխանությունների կողմից ժխտողական կեցվածքի անարդյունավետ լինելը:

Միջոցառման եզրափակիչ խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Շնորհակալություն հայտնելով Փարիզի նորընտիր քաղաքապետին ավանդական ընդունելության շարունակականությունն ապահովելու համար՝ դեսպան Չիտեչյանը նշեց. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հավատարմությունը, մարդու և ժողովուրդների համընդհանուր իրավունքների և արժեքներին նվիրվածությունը Ֆրանսիայի մեծության վկայություններն են: Աշխարհի մայրաքաղաքներից մեկը՝ Փարիզը, ոգեկոչում է մեր նախնիների հիշատակը: Արդեն տարիներ Ֆրանսիան, որը օրենքի ուժով Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է, նախագահի մակարդակով է հարգանքի տուրք մատուցում զոհերի հիշատակին: Հայաստանը գիտակցում և կարևորում է այս ամենը»: ՀՀ դեսպանն այնուհետև անդրադարձավ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը` փաստելով, որ «Թուրքիայի իշխանությունները այդպես էլ չեն կարողանում առերեսվել անցյալին և շարունակում են օրեցօր ավելի մխրճվել իրականության խեղաթյուրման անօգուտ քաղաքականության մեջ: Ավարտելով իր ելույթը՝ դեսպան Չիտեչյանը հայտնեց, որ Անն Իդալգոն որպես հայ ժողովրդի բարեկամ միշտ սպասված է Հայաստանում և Փարիզի քաղաքապետին հանդիսավոր կերպով փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից նրան ուղղված պաշտոնական հրավերը:

Ավելի վաղ Ֆրանսիայի հայ համայնքը հիասթափություն էր հայտնել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարության առնչությամբ: RFI-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի հայ համայնքի համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ համանախագահ Մուրադ Փափազյանը հայտարարեց. «Մենք հիասթափված ենք այդ ցավակցությունից, ինչպես ընդհանուր առմամբ թուրք վարչապետի ելույթից: Մեր կարծիքով, նրա նպատակն էր ազդել միջազգային հասարակական կարծիքի վրա: Նա հրապարակավ ցավակցություն հայտնեց, սակայն, նրա ելույթի տեքստն ընթերցելիս ակնհայտ է դառնում, որ նրա դիրքորոշումը չի փոխվել»:

Օրերս Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»:

Մուրադ Փափազյանը նշեց, որ թուրքական կառավարությունը միշտ պնդել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կոտորածներ են եղել ինչպես մի կողմից, այնպես էլ մյուս: «Ցավակցական խոսքեր հնչեցին 1915 թ. զոհված հայերի ժառանգներին, սակայն թուրքական կառավարությունը միշտ հերքել է ինչպես զոհերի քանակը, այնպես էլ այն, որ դա ցեղասպանություն էր: Եվ, ավաղ, շարունակում է դա անել: Ցեղասպանությունը ցեղասպանություն է, և պարոն Էրդողանը պետք է այն ճանաչի: Դրան է սպասում ողջ հայ ժողովուրդը, դրան է սպասում միջազգային հանրությունը»:

Ըստ նրա, Ցեղասպանության 100-ամյա տարելիցից մեկ տարի առաջ Էրդողանը հնարավորություն ուներ ճանաչել այն և սկսել հատուցման գործընթացը: «Սակայն, մենք մտավախություն ունենք, որ, հակառակը, դա փորձ էր սաստկացնել ժխտողականությունը: Ամեն դեպքում, այն զգացողությունը կա, որ Թուրքիան ցավակցություն է հայտնել, և դա արդեն մեծ բան է: Թեև ցեղասպանությունը մնում է ցեղասպանություն և այն պետք է ճանաչել»:

Ընթերցելով Էրդողանի հայտարարությունն, ակնհայտ է դառնում, որ այն ոչ մի նոր բան չի պարունակում ցավակցությունից բացի, նշել է Փափազյանը: Նա մտավախություն է հայտնել, որ դա ուղղված էր միջազգային հանրությանը, որպեսզի Ցեղասպանությունը ճանաչելու պահանջը ժամանակավրեպ թվա: «Մեկ տարի է մնացել մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Թուրքիան իրազեկ է, որ միջազգային հանրությունը պատրաստվում է այդ տարելիցին, ուստի իր հայտարարություններով ցավակցությունների մասին ջանում է նսեմացնել այդ տարեթվի կարևորությունը», հայտնում է Armenia Today-ը:

Photo: ndf.fr