25 ապրիլի 2014 - 21:35 AMT
Պարտադիր կուտակայինը. Քառյակի հանդիպումը, վարչապետի անակնկալ այցն ու «Դ!ԵՄ ԵՄ»-ի հայտարարությունը

Ապրիլի 25-ին ԱԺ ԲՀԿ խմբակցությունում տեղի ունեցած ԱԺ ոչ իշխանական ուժերի հերթական քննարկմանն առանց նախապես զգուշացնելու ներկայացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ:

Գործադիրի ղեկավարը չի հստակեցրել, թե կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ինչ մտադրություն ունի:

Վարչապետը ոչ իշխանական ուժերի հետ փակ քննարկմանը մոտ մեկ ժամ մասնակցելուց հետո լրագրողներին խոստացել է բոլոր հարցերին անդրադառնալ կառավարության վերջնական ձևավորումից հետո և հորդորել մի քիչ սպասել:

Նա միայն նշել է, որ չորս ուժերի հետ քննարկվել է կուտակայինի հարցը, և որ նրանք փոխանցել են այդ հարցով իրենց նախագիծը, որը կառավարությունը պետք է քննարկի, գրում է Tert.am-ը:

«Հովիկ Աբրահամյանը եկել էր մեզ հետ զրուցելու, ասելու իրենց մտադրությունների մասին, որ մենք սա ունենք, և ասելու, ինչու են այդպես մտածում և ինչ են ուզում բերել Ազգային ժողով: Կառավարությունում հանդիպումից հետո ինչ-որ հարցեր էին մնացել, և եկել էր դրանք ներկայացնելու», - հանդիպումից հետո հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, գրում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, պարտադիր կուտակայինից բացի քառյակը քննարկել է նաև Երևանի փողոցներում ավտոկայանման համար կարմիր գծերի ու արագաչափերի հարցը: Բացի այդ, քննարկվել է նաև երրորդ հարցը.

«Դա ապագա համատեղ միջոցառումների ծրագիրն է, որը ներառում է համատեղ օրենսդրական նախաձեռնություններ հասարակական մեծ հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ: Եվ չի բացառվում նաև հանդիպումներ հանրահավաքների տեսքով` Երևանում և մարզերում»:

Այսօր ավելի վաղ «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ դիմել է ՀՀ կառավարությանը` չկրկնել նախորդ կառավարության գործելաոճը, չգործել ի հակառակ ժողովրդի կամքի և ՀՀ Սահմանադրության ու ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Բազմիցս ներկայացնելով հասարակության լայն շերտերի պահանջներն արդեն ՀՀ նախկին կառավարությանը՝ հարկ ենք համարում այս անգամ ևս ներկայացնել մեր պահանջները ձևավորվող կառավարությանը՝ միաժամանակ հորդորելով վերջինիս գտնվել խելամիտ, չկրկնել նախորդ կառավարության գործելաոճն ու թույլ տված սխալները, չգործել ի հակառակ ժողովրդի կամքի և ՀՀ Սահմանադրության ու ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման։

Հուսով ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման շուտափույթ կատարումը ՀՀ կառավարության կողմից կընկալվի ոչ թե «քաղաքական կամքի դրսևորման», այլ բացառապես բարձր իրավագիտակցության տեսանկյունից, քանզի այն այլևս գտնվում է բացառապես իրավական հարթության մեջ, որի չկատարումը կարող է հանգեցնել համապատասխան պաշտոնատար անձանց պատասխանատվության։

Ուստի, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը, ի կատարումն ՀՀ Սահմանադրական դատարանի 02.04.2014թ. թիվ ՍԴՈ-1142 որոշման 6-րդ կետի պահանջի, անհապաղ ձեռնարկել հետևյալ քայլերն ամբողջությամբ, այլ ոչ թե մասնակիորեն․

1. Օր առաջ բոլոր գործատուներին (անկախ նրանից՝ գործատուն փոխհատուցել է իր աշխատողների պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը, թե ոչ) պատշաճ կերպով ծանուցել կառավարության՝ հստակ ու առանց ենթատեքստերի պաշտոնական դիրքորոշման մասին առ այն, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարներ կարելի է գանձել միայն այն աշխատակիցներից, ովքեր գրավոր կամք կարտահայտեն մասնակցելու ներկայիս համակարգին:

2. Համապատասխան իրավական ակտով կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի դրույթների գործողությունը։

3. Համապատասխան իրավական ակտով փոփոխություններ կատարել եկամտային հարկի մասով ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում՝ դադարեցնելով հաշվետվության ծրագրային մոդուլի՝ ինքնաշխատ եղանակով կուտակային վճարների դաշտի կիրարկումը։

4. Ծրագրային մոդուլով կուտակային ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ ընտրել միայն այն անձանց համար, ովքեր գրավոր կամք են հայտնել մասնակցել ներկայիս համակարգին, իսկ նրանց համար ովքեր գրավոր կերպով այդ կամքը չեն հայտնել դադարեցնել ծրագրային մոդուլով կուտակային ֆոնդ ու ֆոնդի կառավարչի ընտրությունն ու չեղարկել նրանց համար մինչ օրս ֆոնդերի ու ֆոնդերի կառավարիչների ավտոմատ եղանակով ընտրության՝ ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի ապօրինի գործողությունները։

5. Համապատասխան իրավական ակտով ապահովել անցած ամիսների համար վերահաշվարկ կատարելու և գումարները վերադարձնելու գործընթացը»։

Նախաձեռնության անդամները նշում են, որ արանք այն պահանջներն են, որոնք ամբողջությամբ, և ոչ թե մասամբ, պետք է անհապաղ և օր առաջ լուծում ստանան: Հակառակ դեպքում նշված պահանջների բավարարման ուշացումը հանգեցնելու է հանրային ընդվզման նոր և ավելի ուժեղ ալիքի՝ խորացնելով կառավարության հանդեպ անվստահության առանց այն էլ ծայրաստիճան բարձր մակարդակը:

«Տեխնիկական բնույթի աշխատանքների կամ ցանկացած այլ պատճառներով ՀՀ Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման կատարումը ձգձգելու դեպքում մեր պայքարը վերցնելու է ավելի լայն շրջանակ և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մեր կողմից բարձրացված ու Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված բոլոր հարցերը չեն ստացել իրենց լուծումները»,-ասված է հայտարարության մեջ:

Ապրիլի 23-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը նոր օրենքով դե ֆակտո կասեցրել է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդունումը: Այս մասին գործադիրի նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ վստահություն հայտնելով, թե այն կազմակերպությունները, որոնք աշխատավարձերի բարձրացման ճանապարհով իրենք են ստանձնել աշխատողների վճարումների բեռը՝ կշարունակեն կատարել վճարումները:

Այսպիսով, գործադիրը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու օրենքի նախագծին: Այն կասեցվում է մինչև ՀՀ սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը: Գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետում պարտադիր կենսաթոշակային վճար չկատարելու դեպքում անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված տույժ՝ յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոս: Հաջորդ որոշմամբ Կառավարությունն անհետաձգելի է համարել վերը նշված օրինագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Ներկայացնելով որոշումը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին օրերին մանրամասն ծանոթացել է կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ առկա բոլոր մտահոգություններին, զրուցել «Դ!ԵՄ ԵՄ» շարժման երիտասարդների հետ, խնդիրը քննարկել խորհրդարանական ուժերի հետ, մանրամասն ուսումնասիրել հրապարակված բոլոր հիմնավորումները: Մանրամասն խորհրդակցել է հանրապետության նախագահի, իշխող Հանրապետական կուսակցության գործընկերների հետ և այժմ պատրաստ է հնչեցնելու այն հիմնական 7 դրույթը, որոնք, իր կարծիքով, պետք է հիմք հանդիսանան կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը կազմակերպելու համար:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներն ապրիլի 22-ին քննարկել են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը։ Գործադիրի ղեկավարի հետ քննարկմանը չի մասնակցել միայն ՀԱԿ-ը։ Հանդիպմանը ընդգծվել է քաղաքական գործակցության նման ձևաչափի անհրաժեշտությունը և կարևորվել դրա շարունակականությունը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել ուրվագծել խորհրդարանական ուժերի և Կառավարության բաց, անկաշկանդ գործակցության ուղիները, այդ թվում տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ, ինչը կնպաստի երկրում վստահության ամրապնդմանը:

Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ կարևորում է խորհրդարանական խմբակցությունների հետ գործակցությունը և պատրաստ է հետագա երկխոսության` տարբեր ձևաչափերով, տեղեկացնում են գործադիրի մամուլի ծառայությունից: Երկխոսության շրջանակում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումներն են արտահայտել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ և տարբեր առաջարկություններ ներկայացրել:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ սեղմ ժամկետում նախապատրաստվելու է օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:

Վարչապետը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները պատգամավորների և շահարգիռ կողմերի հետ՝ կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների համակողմանի լուծմանը հասնելու համար:

Իսկ մինչ այդ ՊԵԿ-ն արձագանքել է պարտադիր կուտակային վճարների համար նախատեսված դաշտն անջատելու մասին տեղեկությանը։ Հարցմանը, թե որքանով է իրականությանը համապատասխանում տեղեկությունը, որ մինչև շաբաթվա վերջ Պետեկամուտների կոմիտեն կանջատի գործատուների կողմից ՊԵԿ-ին ներկայացվող եկամտային հարկի հաշվետվության ավտոմատ համակարգի այն դաշտը, որը նախատեսված է պարտադիր կուտակային վճարների համար և եթե իրականությանը համապատասխանում է, ապա ե՞րբ է նախատեսվում այդ գործընթացը,ՊԵԿ լրատվական ծառայությունից պատասխանել են.

«Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի հաշվարկներն ընդունելու և մշակելու, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար համակարգչային ծրագիրը նախագծվել է (մշակվել է) համապատասխան տեխնիկական առաջադրանքի հիման վրա, որը հաստատվում և փոփոխվում է Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի կողմից, հետևաբար, ՊԵԿ-ն ինչպես այդ հարցին, այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից բխող պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող այլ հարցերի կարող է անդրադառնալ Կառավարման խորհդի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո, որի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի»: