26 ապրիլի 2014 - 11:41 AMT
Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ` Վիլնյուսից մինչև Հալեպ

Այս օրերին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում և հայաբնակ այլ քաղաքներում անցկացվում են Մեծ Եղեռնի հիշատակի միջոցառումներ: Ոճրագործությունը դատապարտող հայտարարություններ են հնչեցվում օրենսդիր և տեղական իշխանությունների, ազգային փոքրամասնությունների կողմից: Հարյուրամյա տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թեման լայնորեն լուսաբանվում է ռումինական մամուլում:

Ապրիլի 23-ին Ռումինիայի խորհրդարանի վերին և ստորին պալատներում Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Ռումինիայի Հայոց Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը և Պատգամավորների պալատի անդամ, Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը: Պատգամավորն իր ելույթում, վկայակոչելով միջազգային տարբեր սուբյեկտների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, կոչ է արել 100 ամյակի նախաշեմին համատեղել ջանքերը Թուրքիային ժխտողականության ճանապարհից դարձնելու համար: Ռումինիայի TVR1 հանրային հեռուստատեսությունն ապրիլի 24-ի երեկոյան ուղիղ եթերով մեկուկես ժամանոց հաղորդում էր նվիրել Հայոց ցեղասպանությանը:

Միաժամանակ հիշատակի ցույց է տեղի ունեցել Բուխարեստի Հեղափոխության հրապարակում, որտեղ ներկաներին իրենց խոսքն են ուղղել սենատոր Վարուժան Ոսկանյանը, Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի հունական միության պատագավոր Դրագոշ Գաբրիել Զիսոպոլը և գրող Վարդան Առաքելյանը: Մինչև այդ՝ առավոտյան, Բուխարեստի Սբ Միքայել և Գաբրիել Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի արարողություն, որին ներկա են եղել Բուխարեստում պապական պատվիրակ մոնսենյոր Ֆրանչիսկո-Խավիեր Լոզանոն, Ռումինիայի ուղղափառ, կաթոլիկ, ղպտի և հրեական կրոնական համայնքների ներկայացուցիչներ: Արարողության ավարտին ծաղկեպսակներ են դրվել Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին:

Եղեռնի 99-րդ տարելիցը նշվել է նաև Ռումինիայի հայաբնակ մյուս քաղաքներում: Ապրիլի 16-ին ՌՀՄ Յաշի մասնաճյուղը կազմակերպել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված կոնֆերանս՝ քաղաքի համալսարանականների ակտիվ մասնակցությամբ: Բոտոշանի շրջանային գրադարանում ապրիլի 24-ից մեկնարկել է երկշաբաթյա ցուցահանդես, որտեղ ներկայացված են Ցեղասպանության թեմայով ռումինահայ Ararat հանդեսի տարբեր տարիների համարները, արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ: Կլուժի հայ համայնքի ջանքերով Տրանսիլվանիայի էթնոգրաֆիկ թանգարանում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում, որի ընթացքում թեմատիկ զեկույցներով հանդես են եկել պատմաբան Լորան Մադլին և դոկտորանտ Կլաուդիա Դարաբանը: Քննարկմանը հաջորդել է հիշատակի երեկո` ուղեկցված Ֆլաուտո Դոլչե խմբի դասական համերգով:

Բակաու քաղաքում Ռումինիայի Հայոց միության կազմակերպմամբ «Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շաբաթի» շրջանակում Եռագույնի հրապարակում ելույթ են ունեցել պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը և ռումին գրող Միրչա Բոստան: Քաղաքի ֆիլհարմոնիայում անցկացվելու է սիմպոզիում, որի ընթացքում զեկույցներով հանդես են գալու Վարուժան Ոսկանյանը, գրող-հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը, ռումին պրոֆեսորներ:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կազմակերպվել են նաև Դանիայում և Նորվեգիայում: Օսլոյում միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության, Նորվեգիայում Հայ մշակութային միության և Հայ առաքելական եկեղեցական խորհրդի կողմից: ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը և հայ համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակներ են դրել հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի շիրմաքարին, որից հետո միջոցառումը շարունակվել է Սնարոյա եկեղեցում:

Իսկ Կոպենհագենում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունը տեղի է ունեցել Սբ Ստեփանոս եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ, որտեղ ՀՀ դեսպանության և հայ համայնքի կողմից դրվել են ծաղկեպսակներ և ծաղիկներ, կատարվել մոմավառություն: Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիմնական միջոցառումը կանցնի ապրիլի 26-ին Դանիայի Գյուլինգ ավանում:

Մի շարք միջոցառումներ ապրիլի 24-ին կազմակերպվել էին նաև Լիտվայում: Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը սկսվել է Լիտվայի ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղկեպսակների տեղադրման արարողությամբ: Այնուհետև Լիտվայի ցեղասպանության և դիմադրության կենտրոնում տեղի է ունեցել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օր» վեպի լիտվերեն հրատարակության շնորհանդեսը:

Նույն օրը երեկոյան, ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Լիտվայի Կաթոլիկ արքեպիսկոպոսարանն առաջին անգամ ՎիլնյուսիՍբ Պողոս Պետրոս Կաթոլիկ եկեղեցում Հայ Առաքելական եկեղեցու հետ համատեղ մատուցել են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի համար սուրբ պատարագ՝ Լիտվայում ներկայացված լյութերանական, ուղղափառ և բողոքական եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` ապրիլի 24-ի առավոտյան ՀալեպիՍբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է պատարգ և հոգեհանգստի կարգ։ Նույն օրը հայ առաքելական, կաթողիկե և ավետարանական կրոնական առաջնորդների հովանավորությամբ և հալեպահայ մշակութային միությունների կազմակերպությամբ տեղի է ունեցել ոգեկոչման հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։

Պատարագ է մատուցվել նաև ՀռոմիՍբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցում: Արարողությանը մասնակցել են կաթոլիկ, ղպտի ուղղափառ, հույն ուղղափառ և մարոնիտ կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Իտալիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, իտալական հասարակության և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:

Արարողության ավարտին եկեղեցու բակում Հայոց եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ Սուրբ աթոռի արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի մեծավոր Գերհարգելի հայր Գևորգ վարդապետ Նորատունկյանը կատարել է Մեծ եղեռնի անմեղ զոհերի հոգեհանգստյան արարողություն:

Ապրիլի 24-ին Իտալիայի սենատի լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Էմիլիա Դե Բիազին, որը Ցեղասպանության անմեղ զոհերին հարգանքի տուրք մատուցելով, մասնավորապես կարևորել է ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարը` այն որակելով համամարդկային հիմնարար արժեք:

Նույն օրը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուղերձ է տարածել Իտալիայի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիեր Ֆերդինանդո Կազինին` հայտարարելով. «Մեր պատմությունը հարգելու բազում միջոցներ կան, որոնցից առաջինն է վառ պահել հիշողությունը: Այսօր, հիշելով Հայոց ցեղասպանությունը, խորապես մոտ ենք զգում մեզ հայ ժաղովրդին: Մի ցեղասպանություն, որը նորագույն պատմության ամենագորշ էջերից մեկն է: Բոլոր իտալացիները, անկախ իրենց քաղաքական, մշակութային, կրոնական հայացքներից, հայության կողքին են, որը մեծ դեր ունի մարդկության պատմության մեջ»:

ԿահիրեումՀայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները մեկնարկել են ապրիլի 23-ի երեկոյան ավանդական մոմավառությամբ և «Ցեղասպանության որբերը» ֆիլմի ցուցադրությամբ: Այնուհետև, որպես հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշ, եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը ծառ են տնկել ակումբի բակում։

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին սուրբ պատարագ է մատուցվել և հոգեհանգստյան արարողություն կատարվել Կահիրեի Սբ Գրիգոր Լուսավորիչ, Ալեքսանդրիայի Սբ Պողոս Պետրոս և Հելիոպոլիսի հայ կաթողիկե Սբ Թերեզ եկեղեցիներում: Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և դեսպան Մելքոնյանը համայնքային կազմակերպությունների ղեկավարների և եգիպտահայ համայնքի բազմաթիվ անդամների ընկերակցությամբ ծաղկեպսակներ են դրել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում գտնվող խաչքարին:

Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի դեսպանության և Բելառուսի հայկական համայնքային կազմակերպությունների նախաձեռնությամբ ապրիլի 24-ին Մինսկի Սբ Ալեքսանդր Նևսկի եկեղեցու բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Մասնակիցների առջև ելույթ են ունեցել ԲՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Գագիկ Հայրապետյանը և Մինսկի քաղաքային հայկական մշակութա-լուսավորչական «Հայաստան» կազմակերպության ղեկավար Գ.Եղիազարյանը:

Նույն օրը ԺնևիՍբ Հակոբ եկեղեցում մատուցվել է զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ: Եկեղեցու բակում տեղադրված հայկական խաչքար-հուշակոթողի և Շվեյցարիայում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ Ժան Կլոդ Վուդրոյի հուշաքարի մոտ կազմակերպվել է մոմավառություն:

Ելույթ են ունեցել Հայ առաքելական եկեղեցու Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդ Գուսան վարդապետ Ալճանյանը և Շվեյցարիայի հայկական միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանը: Շվեյցարիայում ՀՀ դեսպանության լիազոր նախարար և արտակարգ դեսպանորդ Սաթենիկ Աբգարյանը փոխանցել է ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի ուղերձը, որում, մասնավորապես, նշվում էր, որ Ցեղասպանությունից 99 տարի անց անգամ չկա արդարադատություն, ճանաչում և իրավունքների վերականգնում: Արդարադատությունն անհրաժեշտ է, քանի որ ցեղասպանությունը հանցագործություն է, որ պետք է պատժվի, և միայն ճանաչման ու զոհերի իրավունքների վերականգնման մեջ են զոհերի սերունդները տեսնում իրենց զոհված նախնիների հիշատակի հարգումը:

Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են նախատեսվում նաև Բեռնում, Լոզանում, Ցյուրիխում, Աարաույում և այլ քաղաքներում: