26 ապրիլի 2014 - 16:43 AMT
Հայ ռեժիսորի «Մեկը ձեզ սիրում է» ֆիլմը Կաննի արտամրցութային ծրագրում է

Երիտասարդ պետերբուրգցի ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Մեկը ձեզ սիրում է» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Short film corner» արտամրցութային ծրագրում Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը» Պետերբուրգում», դեռ մի քանի տարի առաջ Էվելինա Բարսեղյանը չէր էլ մտածում Կաննի մասին: Նա հոդվածներ էր գրում թերթի համար և սցենարներ՝ հեռուստատեսության և երբեմն երազում էր կինոյի մասին: Առաջին կարճամետրած ֆիլմը՝ «Գործարարը» նա նկարահանեց 2010 թվականին, հետո «Ճանաչում» ֆիլմն էր, որն էլ առաջին հաղթանակը բերեց: Կինոնկարը մասնակցեց Պետերբուրգի «Մետրոպոլիս» կինոֆորումին, որի ղեկավարն էր ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը: Իսկ հետո այն հայտնվեց «ՏՎ երկիր» ազգային մրցանակաբաշխության եզրափակչում:

«Այդ ժամանակ էլ որոշեցի մի լիրիկական ֆիլմ նկարահանել սիրո և երազանքների համար պայքարելու մասին: Ես երկու տարի մտածում էի այդ ֆիլմի մասին, նկարահանումների համար միջոցներ փորձում գտնել: Չէ որ կինոն թանկ հաճոյք է»,- ասել է նա:

Էվելինա Բարսեղյանը որոշեց ֆիլմը նկարահանել Սևանից ոչ հեռու գտնվող Դդմաշեն փոքրիկ գյուղում: «Այդ պատմությունը կարող էր տեղի ունենալ ցանկացած քաղաքում, այդ թվում և Պիտերում, բայց խնդիրն էլ ավելի սրելու համար որոշեցի գործողությունները տեղափոխել ավելի պահպանողական միջավայր: Գլխավոր հերոսուհի Անին ուզում է ինքն ընտրի իր կյանքի ուղին` հաշվի չառնելով շրջապատի կարծիքը, բայց դժվար է, քանի որ խուլ գյուղում երիտասարդի ամբողջ կյանքը նախապես կանխորոշված է ծնողների ու հարևանների կողմից: 24-ամյա Անին, որն ըստ տեղի բարքերի արդեն «պառաված օրիորդ» է համարվում, սիրահարվում է մի տղամարդու, որն իրեն համապատասխան չէ. ավելի հարուստ ու գեղեցիկ է: Բայց Անին պայքարում է հանուն իր երազանքի, թեև ոչ միշտ հաջողությամբ», -ասում է ռեժիսորը: Դերասաններին, ինչպես և նկարահանող խմբի անդամներին Էվելինան արդեն Հայաստանում էր փնտրում: Ամենադժվարը գլխավոր դերակատարին գտնելն էր:

«Ես շրջում էի բոլոր գործակալություններով ու ցույց տալիս Դանիլա Կոզլովսկու լուսանկարը և ասում, որ ինձ ճիշտ այսպիսի դերասան է պետք: Ի դեպ, Հայաստանում ռուս դերասաններին լավ են ճանաչում ու սիրում են: Արդյունքում ես ընտրեցի գեղեցիկ սևահեր Կառլոս Մուրադյանին, որն էլ կատարեց Արտյոմի դերը: Նա շատ պատասխանատու գտնվեց՝ նկարահանումների եկավ իր հարսանիքի հաջորդ օրը առավոտյան ժամը 7-ին: Իսկ գլխավոր դերի համար դերասանուհուն ես, հավանաբար, Պետերբուրգի շնորհիվ գտա: Պարզվեց, որ Արևիկ Գևորգյանը, արդեն բավականին հայտնի դերասանուհի, Պետերբուրգի իսկական ֆանատ է: Պարզվեց, որ Պետերբուրգը շատ են սիրում Հայաստանում: Ընդհանրապես, Հայաստանում շատ լավ են վերաբերվում ռուսաստանցիներին, բոլորը ռուսերեն են խոսում, քանի որ ռուսաց լեզուն դասավանդվում է առաջին դասարանից:

Ինձ համար անսպասելի էր, որ Հայաստանում դերասանուհիները չեն համբուրվում կադրում: Ընդհանրապես: Հայկական սերիալներում շատ են խոսում սիրո մասին, բայց ոչ մի կրքոտ համբույր այնտեղ չեք տեսնի: Բարեբախտաբար, իմ ֆիլմում ևս չկան շատ բաց տեսարաններ, իսկ որոնք կան, դերասանուհին համաձայնեց մարմնավորել: Իմ բախտը բերեց», -ասել է Բարսեղյանը: ֆիլմում խաղում են ոչ միայն պրոֆեսիոնալ դերասաններ, այլև գյուղի բնակիչները: Ֆիլմի նկարահանումները տևել են 4 օր, 4 ամիս էլ կատարվել են մոնտաժային աշխատանքները, գրվել է երաժշտությունը:

«Ֆիլմն ուղարկեցի միջազգային կինոփառատոներ, այդ թվում Կանն: Շուտով եկավ պատասխանը, որ իմ ֆիլմն ընդգրկվել է ծրագրում: Չեմ կարող ասել, որ վստահ էր, որ կընդգրկվեմ, բայց հուսով էի, որ շանս այնուամենայնիվ ունեմ»,- խոստովանել է Էվելինա Բարսեղյանը:

Կաննի միջազգային կինոփառատոնի հիմնադիրն է Ֆրանսիայի կրթության ու մշակույթի նախարար Ժան Զեյը, ով երազում էր, որ Ֆրանսիան դառնա համաշխարհային մասշտաբի մշակութային իրադարձության անցկացման վայր և կարողանա մրցել Վենետիկի կինոփառատոնի հետ: Լուի Լումյերի նախագահությամբ Կաննի առաջին կինոփառատոնը նախատեսված էր 1939-ին, սակայն հանդիսավոր բացումը կայացավ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946-ին: Ամենամյա կինոստուգատեսն անցնում էր սեպտեմբերին, իսկ 1952-ից՝ մայիսին: 1960-ականներին պաշտոնական մրցութային ծրագրից բացի երկու անկախ բաժին է բացվում՝ Կինոքննադատների միջազգային շաբաթ և Ռեժիսորների երկու շաբաթը: Մինչ 1972-ը հավակնորդ ֆիլմերի ընտրությունը կատարում էին արտադրող երկրները, իսկ այդ տարվանից կինոփառատոնն անկախություն ստացավ և իրավունք ինքնուրույն ընտրելու մրցութային ծրագրի մասնակիցներին:

1978-ից կինոփառատոնի գործադիր տնօրեն է նշանակվում Ժիլ Ժակոբը: Նա բացել է «Հատուկ հայացք» ծրագիրն ու սահմանել «Ոսկե կինոխցիկ» մրցանակը լավագույն դեբյուտային ֆիլմի համար: 1998-ի Ժիլ Ժակոբը բացել է «Սինեֆոնդասիոն» ծրագիրը կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրության համար: Ծրագիրը զարգացում ստացավ 2000-ի La Résidence նախագծի շնորհիվ, որը կոչված էր բարենպաստ պայմաններ ստեղծել երիտասարդ ռեժիսորների համար:

2004-ից Կաննի կինոփառատոնում թեմատիկ հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվում կինոարվեստի «ոսկե ֆոնդից»: Այս տարի բացվեց «Դասական Կանն» ծրագիրը, որի շրջանակում ցուցադրվում են վերականգնված հին ֆիլմեր, հետահայաց ցուցադրություններ կազմակերպվում, նվիրված տարբեր երկրների կինեմատոգրաֆին, ցուցադրվում են փաստագրական ֆիլմեր կինոյի մասին: