28 ապրիլի 2014 - 13:46 AMT
Մինսկում կանցնի Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստը

Ապրիլի 29-ին Մինսկում կանցնիԵվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, հայտնում է ԲԵԼՏԱ-ն: Միջոցառումը տեղի կունենա Բելառուսի նախագահ Ալեքնսարդ Լուկաշենկոյի նախագահությամբ:

Օրակարգում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վրա աշխատանքի ընթացքի քննարկումն է, ինչպես նաև Մաքսային միությանն ու Բելառուսի, Ղազախստանի ու ՌԴ-ի Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») իրականացումը:

Բացի այդ, նախատեսվում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը հավանաբար կկնքվի մայիսին: Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանն ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթը: Նա նաև նշել էր, որ դեռևս ավարտված չեն բացառությունների վերաբերյալ բանակցությունները:

Սակայն ապրիլի 18-ին նա հերքեց իր իսկ կողմից մեկ օր առաջ արված հայտարարությունը: Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն իր հերթին հայտնել էր, որ ներկա պահին ընթանում են Հայաստանի` ՄՄ–ին և Եվրասիական տնտեսական միությանը միանալու բանակցությունները. «Գործընթացը շատ արագ է շարժվում, և մենք նաև շատ օպերատիվ բանակցում ենք այն մասին, որ անհրաժեշտության դեպքում միանգամից միանանք Եվրասիական տնտեսական միությանը»։ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 24-ին, Ծաղկաձորում միջազգային գիտաժողովում հայտարարեց, որ Հայաստանը կատարել է Մաքսային միությանը միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործողությունների մեծ մասը և սպասվում է, որ մայիսին արդեն կստորագրվի ՄՄ-ին ու Միասնական տնտեսական գոտուն միանալու պայմանագիրը։ Նախկին վարչապետի խոսքով՝ հունիսին չորս երկրների (Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի) խորհրդարանները պետք է հաստատեն այդ փաստաթուղթը, և 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ:

Մարտի 5-ին բացելով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ են ձեռնամուխ լինել ԵՏՀ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստմանը: «Հայկական կողմն ընդունել և հաջողությամբ իրականացնում է միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանն անդամակցելու համար ու ԵՏՀ պահանջներին ու նորմերին համապատասխանելու համար»,- ասել էր Ռուսաստանի նախագահը` հավելելով, որ արդեն հնարավոր է անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանը:

Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց «Ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը: