28 ապրիլի 2014 - 14:41 AMT
Բաքվում ՌԴ դեսպան. Զուգահեռները Ղրիմի ու Ղարաբաղի միջև տեղին չեն

Զուգահեռները Ղրիմի ու Ղարաբաղի միջև անտեղի են: Այն ամենն, ինչ ասվել է այդ առիթով, արհեստական զուգահեռներ են: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը: «Այն, ինչ կատարվեց Ղրիմում, եզակի դեպք է, կապված Ուկրաինայի ներքին վիճակի հետ: Ղրիմը կատարվածը Կիևում համարեց պետական հեղաշրջում և չճանաչեց նոր իշխանությունների օրինականությունը: Ղրիմի խորհրդարանն որոշում կայացրեց անկախության մասին: Անցկացված հանրաքվեի արդյունքում բնակչության մեծ մասը քվեարկեց ՌԴ-ին միանալու օգտին: Հետևեց արձագանքը, և այդպիսով շտկվեց այն մեծ սխալը, որ կատարվել էր 1954 թվականին, երբ Ռուսաստանի պետական հողերը հանձնվել էին մեկ այլ պետության:

Ըստ նրա, Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգային փաստաթղթերի շրջանակում: «Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դա այնքան պարզ է, որ կրկնելու հարկ չկա: Լեռնային Ղարաբաղն առանձին խնդիր է, որը լուծում է պահանջում և մենք մասնակցում ենք այդ գործընթացին», -ասել է Դորոխինը:

Անդրադառնալով Մինսկի խմբի գործունեությանը՝ դեսպանն ասել է, որ բոլոր ենթադրություններն այդ կազմակերպությունում լարվածության վերաբերյալ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև դիմակայության համատեքստում, արդարացված չեն: «Հնարավոր է, դիվանագետներին ավելի հեշտ կլիներ աշխատել ավելի կայուն իրավիճակում, սակայն խումբն աշխատում է նախկին ռեժիմով և կատարում է իր առաքելությունը: Այդ կազմակերպության փլուզման վտանգ դեռ չկա: Կան նրա գործունեության տարբեր գնահատականներ, ոմանք այդ աշխատանքն արդյունավետ են համարում, մյուսները՝ ոչ, բայց այսօրվա դրությամբ դա խնդրի կարգավորման միակ ձևաչափն է: Մենք բազմիցս ենք հայտարարել, որ հավատարիմ ենք ԵԱՀԿ ՄԽ հետ աշխատանքին և ամեն ինչ անում ենք, որպեսզի խմբի աշխատանքն արդյունավետ լինի ու օգնի կողմերին լուծում գտնել», -հայտարարել է դիվանագետը, հայտնում է «Նովոստի Ազերբայջան»-ը:

Մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե կայացավ տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ: Բնակիչների ճնշող մեծամասնությունը, որը մասնակցել է հանրաքվեին, քվեարկեց Ռուսաստանին թերակղզու միանալու օգտին: Ավելի ուշ Գերագույն խորհուրդն անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի ղեկավարներն ու Սևաստոպոլի քաղաքապետը պայմանագիր կնքեցին, որով Ղրիմն ու Սևաստոպոլը մտան ՌԴ կազմի մեջ: Ուկրաինայի ու մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն համարում են ապօրինի:

Ղրիմի իրադարձությունների ու Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի իրավիճակների միջև անմիջական զուգահեռներ չկան: Այդ մասին ապրիլի 14-ին հայտարարեց ՌԴ փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզին: Նա հիշեցրեց, որ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնտեղ կան համանախագահներ ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի, որոնք ձգտում են աջակցել ադրբեջանցիների ու հայերի անմիջական երկխոսությանը: «Վերջերս տեղի ունեցավ ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստը, որի շրջանակում հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները, իսկ վերջերս տեղի ունեցավ նաև նախագահների հանդիպումը: Կա նաև մերձդնեստրյան կարգավորման ձևաչափ՝ 5+2: Աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է», -ասաց ռուս դիվանագետը: