29 ապրիլի 2014 - 14:24 AMT
Գյուլը պնդում է, որ Եվրամիությունը չպետք է հապաղի Թուրքիայի անդամակցության հարցում

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացում տատանումներ չպետք է լինեն, քննարկման համար պետք է բաց լինեն բոլոր բաժինները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հետ հանդիպմանը, որն Անկարայում է գտնվում պաշտոնական այցով: Ինչպես գրում է Daily Sabah-ը, Գյուլը շեշտել է, որ 53 տարի առաջ Գերմանիա արտագաղթած թուրքերը կարևոր տեղ են զբաղեցնում Թուրքիայի ու Գերմանիայի հարաբերություններում: «Այդ մարդկանց հայրենիքը, որոնք բարեկամության կամուրջներ կապեցին մեր երկրների միջև, Գերմանիան է»,-ասել է նա:

Թուրքիայի նախագահը բաժինների քննարկումն անվանեց «տեխնիկական» գործընթաց՝ կոչ անելով ԵՄ 28 անդամներին չարգելափակել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: «ԵՄ-ն որոշում է կայացրել Թուրքիայի անդամակցության մասին միաձայն, և, ես գտնում եմ, որ անհրաժեշտ է այս գործընթացն ավարտին հասցնել»,-ասել է Գյուլը:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները վերջերս քաոսային բնույթ են ստացել, վերջին 3 տարիներին բանակցությունները սառեցված էին, մինչև որ անցյալ տարվա նոյեմբերին բանակցությունների համար բացվեց նոր՝ 22-րդ գլուխը:

Իր հերթին Գերմանիայի նախագահ Գաուկը նշեց, որ մոտ 3 միլիոն թուրք ներգաղթյալներ են ապրում Գերմանիայում և աշխատում են հանուն երկրի բարգավաճման, որը դարձել է նրանց հայրենիքը: