30 ապրիլի 2014 - 17:00 AMT
Միջազգային մամուլ. Թուրքիան կամա թե ակամա ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունն առիթ հանդիսացավ համաշխարհային մամուլում բազմաթիվ հրապարակումների: Այդպես, Հանուն ժողովրդական շարժման միությունից (UMP) Ֆրանսիաի Ազգային ժողովի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը Էրդողանի ցավակցությունը 1915 թվականին սպանված հայերի ժառանգներին «առաջին քայլն է» համարում, որին Թուրքիային ստիպեցին գնալ թուրքական ու միջազգային հանրությունը: Ինչպես գրում է բելգիական La Libre-ն, AFP-ին տված հարցազրույցում Դևեջյանը հայտարարեց. «Գուցե, այդ բառերն ավելի հեռուն տանեն, քան նա պատկերացնում է: Անհերքելի փաստ է, որ 99 տարվա մեջ առաջին անգամ Թուրքիան ցավակցություն հայտնեց զոհվածների ժառանգներին: Ուստի սա առաջին քայլն է դեպի ճանաչում: Բացի այդ, նա ընտրեց ապրիլի 24-ը՝ Մեծ եղեռնի տարելիցի օրը, երբ Թուրքիայի ամբողջ հայկական վերնախավը ձերբակալվեց, իսկ հետո սպանվեց: Ճիշտ է, նա հրաժարվում է որակել այն, փորձում է թաքնվել բառերի ետևում, բայց ընտրել է մի ամսաթիվ, որն անխախտելիորեն կապված է ցեղասպանության հետ»:

Ըստ ֆրանսիացի քաղաքական գործչի, Էրդողանը մտահոգված է փոփոխություններով թուրքական հանրության շրջանում: «Աճում է Ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորականների թիվը, ինչպես, օրինակ, Նոբելյան մրցանակի նրանց միակ դափնեկիր Օրհան Փամուկը կամ պատմաբան Թաներ Աքչամը: Ինչ վերաբերում է նախագահ Աբդուլլահ Գյուլին, ապա նա Էրդողանից համարձակ է հայերի հետ շփման մեջ: Այդ ներքին մղումներին, որ ստիպում են նրան առաջ շարժվել, հավելվում է, այն, որ Թուրքիայի հովանավոր ԱՄՆ-ն շատ մոտ է ճանաչման, ինչը խոստացել է Օբաման: Այնտեղ լուրջ տեղաշարժ կա հասարակական կարծիքում: Իրադարձությոինների 100-ամյակից մի տարի առաջ Անկարան կարող է ավելի մեծ մեկուսացման մեջ հայտնվել: Էրդողանը երկխոսության կոչ է անում թուրք ու հայ ժողովրդներին: Երկխոսություն վարելու համար հանդիպել է պետք: Թող նա բացի սահմանը»,-ասել է Դևեջյանը: Այդ թեմային է անդրադարձել նաև ֆրանսիական Le Monde-ը: «Թուրքիայի վարչապետ Էրդողանը պատմական քայլ արեց, որը պետք չէ թերագնահատել: Առաջին անգամ ցեղասպանության 99-րդ տարելիցի շեմին թուրքական կառավարությունն իր ամենակարևոր քաղաքական դեմքի միջոցով ճանաչեց հայոց ողբերգության առկայությունը՝ պնդելով, թե կարեկցում է զոհերի ժառանգներին: Այսպիսով, դա տեղավորվում է խորհրդանշական, երկչոտ այն միջոցների շրջանակում, որոնք ձեռնարկում է կառավարությունը Արդարության ու զարգացման կուսակցության գլխավորությամբ ստանձնելով իշխանությունը 2002 թվականին՝ զատվելով քեմալականների քաղաքական ժառանգությունից, որոնք կտրականապես դեմ են ողբերգության լայնածավալ ճանաչմանը ինչ ձևով էլ դա արվի: Սակայն, այս լավ հաշվարկված քայլը չի կարող մեկնաբանվել որպես 1915 թվականի ցեղասպանության ճանաչում, նույնիսկ քողարկված: Չէ որ նա հայերին հանցագործության զոհ է ներկայացնում առանց մեղավորների: Էրդողանը ամեն կերպ խուսափեց ցանկացած հիշատակումից սպանությունների համար օսմանցի զինվորների պատասխանատվության մասին, սպանությունների, որոնց հետևանքվ մոտ մեկ միլիոն մարդ մահացավ: Բացի այդ, թուրքական պետական ապարատի նախաձեռնած, կազմակերպած ու իրագործած բնաջնջման սպեցիֆիկան լիովին բացակայում է պաշտոնական հայտարարության մեջ»,-գրում է թերթը:

Ըստ հոդվածի հեղինակների, իր հայտարարությամբ Թուրքիայի վարչապետն, անկասկած, մարտավարական «հարված» հասցրեց, որը նվազեցնում է հայկական սփյուռքի և արևմտյան բազմաթիվ երկրների ճանաչման պահանջների դիվանագիտական մասշտաբը: Այնուամենայնիվ, ճանաչելով ողբերգության իրողությունը, որը ժխտվել է տասնամյակներ շարունակ, նույնիսկ չճանաչելով պետության պատասխանատվությունը դրա համար, Էրդողանը, հավանաբար, նոր զենք տվեց ընդդիմադիրներին, մտավորականներին ու մարդու իրավունքի ոլորտի ակտիվիստներին, որոնք աշխատում են, որպեսզի Թուրքիան, վերջապես, ընդունի իր պատմության մութ էջերը:

Իրականում նա նորովի օրինականացրեց այն մարդկանց ձգտումները, որոնք ուզում են հրապարակավ բարձրաձայնել թուրքական պետության ճնշող պատասխանատվության մասին նախորդ դարի սկզբում: Կամա թե ակամա, Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Ըստ Ջոնաթան Քեյի, որը National Post-ի հեղինակներից է, թեև գրեթե մեկ դար է անցել Ցեղասպանությունից հետո, կարևոր է, որ մենք շարունակում ենք հիշել այդ իրադարձությունը, հատկապես, քանի որ ոմանք այս աշխարհում երևակայում են, թե դա իրականում դարակազմիկ հանցագործություն չի եղել մարդկայնության դեմ, այլ լոկ Առաջին համաշխարհային պատերազմի անմարդկային, բայց ոչ կանխամտածված երկրորդական հետևանք: «Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունից խուսափելն անարդարություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ մարդկության համար, չէ որ ի վերջո, չարիքից միակ օգուտն այն է, որ ավելացնում է այդ չարիքի իմացության ու խորության ընկալումը և գործիք է դառնում կանխելու համար ապագայի տառապանքները: Եվ անհնար է ձեռք բերել այդ գիտելիքն ու հասկացությունը, եթե մարդիկ, ինչպես ժամանակակից Թուրքիայում, թաքնվում են ճշմարտությունից սեփական ագային հպարտությունը պաշտպանելու կեղծ ցանկության ետևում: Ցավոք, Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը խոչընդոտում են նրանք, ով փորձում է արդարացնել մեղավորներին կամ նվազագույնի հասցնել իրենց չար մտադրությունները: Թուրքիայում հաշտեցման որոնումը նախկինի պես մշուշոտ է՝ այդ կառավարությունը նախկինի պես պնդում է, թե պետք է նոր հետազոտություններ անցկացնել, պարզելու համար, թե հատկապես ինչ է տեղի ունեցել 1915 թվականին: Դա նույնը կլիներ, եթե Գերմանիայի կառավարությունը հայտարարեր, որ նացիստներին դատելուց առաջ պետք է նոր, համոզիչ հետաքննություն անցկացնել, պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել 1930-40-ական թվականներին:

Այնուամենայնիվ, կան որոշ առաջընթացի նշաններ, նույնիսկ եթե մենք ստիպված լինենք գրեթե մեկ դար սպասել այդ առաջխաղացմանը. Որոշ թուրքեր կասկածի տակ են դնում կառավարության դիրքորոշումը: Ես ողջունում եմ նրանց, ով իրականում անկեղծ ջանքեր է գործադրում հաշտեցման համար: Ճշմարտությունը չարիքի թշնամին է: Եվ պայքարն ապագա մարդկային տառապանքների հետ սկսվում է նախկին տառապանքների ճանաչումից»,-գրում է Ջոնաթան Քեյը:

Photo: Armin Wegner