1 մայիսի 2014 - 18:37 AMT
Բաքվում կրկին դժգոհ են ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահից

«Բաքվում աննկատ չեն մնացել պարոն Ուորլիքի արտահայտությունները: Մենք նաև տեղեկություն ենք ստանում այլ աղբյուրներից, այդ թվում Վաշինգտոնից: Մեզ հայտնի է, որ ամերիկացի համանախագահը սերտ կապեր ունի ԱՄՆ հայ համայնքի հետ, որն, ինչպես հայտնի է, կոշտ դիրքորոշում ունի հակամարտության կարգավորման հարցում: Սոցցանցերում գրառումների նույնիսկ հպանցիկ ընթերցումը ցույց է տալիս, որ ամերիկացի համանախագահը գերադասում է շփվել ԱՄՆ հայ համայնքի հետ, ոչ թե ադրբեջանական: Ընդ որում Ուորլիքը չգիտես ինչու հաճույքով զետեղում է հղումներն իր հարցազրույցներին, որ տալիս է հայկական ԶԼՄ-ներին՝ լռության մատնելով իր շփումն ադրբեջանցի լրագրողների հետ», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը:

Ըստ նրա, Ուորլիքի հայտարարություններում նկատելի է միակողմանի մոտեցում, որը դրսևորվում է ինչպես հակամարտության պատմության, այնպես էլ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների էության ու ընթացքի խեղաթյուրման մեջ: «Պարոն Ուորլիքը թույլ է տալիս իրեն կամայական ձևով մեկնաբանել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որոնք կարգավորման հիմքում են, և, ի դեպ, որոշում են միջնորդների մանդատն ու հստակ շրջանակները: Այս ամենը թույլ է տալիս մեզ որոշակի եզրակացություններ անել ամերիկացի համանախագահի դիրքորոշման ու նպատակների մասին: Չնայած Ուորլիքի այն հայտարարություններին, որ համանախագահները պետք է չեզոքություն պահպանեն, իր իսկ գործունեությունը հակառակն է փաստում: Ակնհայտ է, որ պարոն Ուորլիքի արտահայտությունները պատվիրված բնույթ են կրում», -գտնում է Ազիմովը:

Մայիսի 1-ին ամերիկացի համանախագահը մտադիր է հանդես գալ Կալիֆորնիայում «Առաջընթաց ճանապարհ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշումը» թեմայով միջոցառմանը, որի կազմակերպիչն է հայ համայնքը: Մասնակցությունը նման միջոցառմանն ինքնին անթույլատրելի է միջնորդի համար, գտնում է դիվանագետը:

«Մենք բազմիս ենք դժգոհություն հայտնել Մինսկի խմբի գործունեությամբ և ամերիկացի համանախագահի հայտարարությունների առնչությամբ: Մենք չպետք է աչք փակենք պարոն Ուորլիքի նման հայտարարությունների վրա, որոնք հակասում են համանախագահների մանդատին, խարխլում են վստահությունը Մինսկի խմբի հանդեպ ու ընդհանուր առմամբ վնասում են բանակցային գործընթացին: Այդ ամենը հիմք է տալիս ադրբեջանական կողմին անվստահություն հայտնել ամերիկացի համանախագահին, հրաժարվել նրա հետ աշխատանքից ու դիմել ԵԱՀԿ գործող նախագահին պարոն Ուորլիքին համանախագահի պաշտոնից հետ կանչելու խնդրանքով: Ջ. Ուորլիքը այլընտրանք չի թողնում ադրբեջանական կողմին: Մնում է մտածել միայն ԱՄՆ համանախագահի իրական նպատակների մասին, քանի որ ԱՄՆ-ն իրեն անվանում է Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, ասել է Արազ Ազիմովը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Ապրիլի 28-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրել էր Twitter-ի միկրոբլոգում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բանակցային հերթական փուլի համար կհանդիպեն Վարշավայում հակամարտության կողմերի հետ: Նա գրել է նաև, որ մայիսին կհանդիպի Լոս Անջելեսում հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ քննարկելու համար ղարաբաղյան խնդիրը: