2 մայիսի 2014 - 13:22 AMT
ԱՄՆ համալսարանականները դեմ են Հայոց ցեղասպանության ժխտմանը

ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Բոստոնի Սաֆֆոլկի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ղեկավարությունը որպես խոսնակ հրավիրել է Հակադիֆամացիոն լիգայի ղեկավար Աբրահամ Ֆոքսմանին՝ հարուցելով ուսանողների զարմանքն ու դժկամությունը: «Քչերն էին սպասում, որ Հոլոքոսթը վերապրած մարդը կժխտի Հայոց ցեղասպանությունը և հենց ինքը հանդես կգա այդ հարցի շուրջ: Աբրահամ Ֆոքսմանը, լինելով մի կազմակերպության ղեկավար, որը հանդես է գալիս հակասեմիթականության ու ֆանատիզմի դեմ, առաջին հայացքից անթերի մարդ է թվում: Սակայն, 1915 թ. Հայոց ցեղասպանությունը չճանաչելու նրա ձգտումը, երբ 1,5 մլն հայ է սպանվել, և Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչման դեմ ծավալած նրա քարոզարշավը զարմանալի է»,-գրում է Asbarez-ը: Ֆոքսմանի հասցեին հնչած քննադատությունը պայմանավորված է նրանով, որ Հոլոքոսթը վերապրած մարդն այժմ ժխտում է մեկ այլ ժողովրդի հանդեպ կատարված նույնանման հանցագործությունը: Շատերը Սաֆֆոլքում չեն ցանկանում մասնակցել այս երեսպաշտությանը:

Ֆոքսմանի նշանակումից հետո ուսանողները դեմ եղան այդ որոշմանը: Ըստ համալսարանի Փաստաբանների ազգային գիլդիայի նախագահ Էմի Ուիլլիսի, «Սաֆֆոլկը կողմ է բազմակարծությանը, սակայն, անկասկած, նոր խոսնակը չի մարմնավորում է այդ արժեքները», հայտնում է Boston Globe-ը:

Այդ դիրքորոշումն իր արտացոլումը գտավ միջնորդության մեջ, որով առաջարկվում է հեռացնել Ֆոքսմանին հիմնական զեկուցողի պաշտոնից և զրկել նրան արդարադատության պատվավոր դոկտորի կոչումից, որը նա մտադիր է ստանալ: Որպես միջնորդության փաստարակ բերվում է Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆոքսմանի կողմից ու աջակցությունը մահմեդական ամերիկացիներին, ելնելով «ազգային անվտանգության շահերից»:

Asbarez-ը նշում է նաև, որ Թուրքիան առաջին երկիրն էր Մերձավոր Արևելքում, որը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ և մնում է Արևմուտքի ռազմավարական դաշնակիցը: Ուստի ԱՄՆ-ն չի ցանկանում բեկել քաղաքականության նավը: Հեղինակը հիշեցնում է, որ երբ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդգրկվեց 110-րդ գումարման Կոնգրեսի օրակարգում, նախագահ Բուշը հրապարակավ դեմ հանդես եկավ: Նա առաջինը չէր և նախագահ Օբամայի լռությունն այս հարցում ենթադրում է, որ վերջինն էլ չի լինի:

Ինչ վերաբերում է Աբրահամ Ֆոքսմանին, ապա նրա ընդդիմությունը Հայաստանին, իր իսկ խոսքերով, բխում է Իսրայելի դիրքորոշումից: «Մեր նպատակն է Իսրայելը: Եթե օգնելով Թուրքիային, մենք օգնում ենք Իսրայելին, ուրեմն դա այն է, ինչ պետք է անենք»,-միշտ կրկնում է Ֆոքսմանը: Ցավոք, Սաֆֆոլկի իրավաբանական դպրոցի համար Ֆոքսմանն ու ADL-ն առաջնորդվում են սեփական բարոյականությամբ: Ֆոքսմանը միտումնավոր կուրություն է դրսևորում հանուն քաղաքական նպատակահարմարության:

Ըստ Սաֆֆոլկի համալսարանի նախագահ Ջեյմս Մաքքարթիի, Ֆոքսմանն, անկախ ուսանողների բողոքներից, «արժանի է ճանաչման»: «Բացի այդ, համալսարանը հուսով է, որ Ֆոքսմանի կյանքը պետական ծառայության ասպարեզում կոգևորի մեր շրջանավարտներին պրոֆեսիոնալ կարիերայի հարցում»,-ասել է Մաքքարթին: «Սիրիական անապատում հանգչող մեռյալներն արժանի չեն մոռացության, սակայն հազիվ թե նրանց մասին հիշատակում գտնենք Ֆոքսմանի ելույթում: Ստացվում է, որ քաղաքականությունը մարդկայնության դեմ գործած ոճրագործության ճանաչումից կարևոր է»,-գրում է պարբերականը:

2007 թվականին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդիպեց ԱՄՆ հրեական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկեց Հայոց ցեղասպանության ժխտման հարցը: «Ժամանակ առ ժամանակ կարող են տարաձայնություններ լինել բարեկամների միջև, ինչպես, օրինակ, Հակադիֆամացիոն լիգայի կողմից ցեղասպանության ճանաչումը: Սակայն այդ հարցը չպետք է հիմք ծառայի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին թիվ 106 բանաձևի ընդունման համար: Մենք կարծում ենք, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև առկա հարցերը, կապված պատմության հետ, պետք է լուծեն երկու կողմերը, ոչ թե ԱՄՆ Կոնգրեսը կամ այլ երկրների խորհդարանները: Դա քաղաքական հարց չէ, իսկ կոնգրեսականները պատմաբաններ չեն: Եթե հրեական համայնքը, ԱՄՆ ու Կոնգրեսը ցանկանում են օգնել, ապա պետք է հաշտեցնեն Թուրքիային ու Հայաստանին ապագա սերունդների համար»,-ասել է հանդիպումից հետո ADL տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը:

1906 թվականին հիմնված Սաֆֆոլկի համալսարանը մասնավոր ուսումնական հաստատություն է, որն ուսումնասիրության շուրջ 70 ոլորտ է առաջարկում: