2 մայիսի 2014 - 13:30 AMT
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են. Հուշարձանի հիմնարկեք, քննարկում, գիտաժողով

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում ապրիլի 27-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի հիմնարկեքի արարողություն, գրում է Asbarez.com-ը: Փասադենայի Հիշատակի զբոսայգում տեղակայված հուշահամալիրն ավարտին կհասցվի 2015-ին` Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ:

Օրհնության արարողոությանը, որին ներկա էր ավելի քան 700 մարդ, երաժշտական ներկայացումներով, ելույթներով են հանդես եկել Փասադենայի դպրոցի հայ ուսանողները:

Հայոց ցեղասպանության հուշակոթողի ճարտարապետական նախագծման համար հաղթող է ճանաչվել Արվեստի կենտրոնի` դիզայնի քոլեջի ուսանողուհի Քեթրին Մենարդի նախագիծը: Մենարդի դիզայնի նախագծի առանձնահատկությունը հետևյալում է` քարե ավազանում կանգնեցված է եռոտանի կառույց, որի վերևի մասից երեք վայրկյանը մեկը ընկնում է մեկ արցունքի կաթիլ, որն էլ խորհրդանշում է Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածներից յուրաքանչյուրի կյանքը. մեկ տարվա ընթացքում 1.5 միլիոն արցունք է թափվելու ավազան:

Գլենդելի Արարատ մշակութային բաժնում Ցեղասպանության տարելիցին նվիրված կազմակերպվել էր «Կարմիր կակաչ» խորագրով քննարկում՝ ի հիշատակ 1.5 միլիոն զոհված հայերի, գրում է El Vaquero-ն: 1920-ից ի վեր, կարմիր կակաչն օգտագործվում էր որպես հիշատակման խորհրդանիշ: Ելույթէ ունեցել եկել հայ ակտիվիստ Գևորգ Նազարյանը, որն անդրադաձել է ցեղասպանության իրադարձություններին. «Մենք ցանկանում ենք նշել, որ սա համընդհանուր թեմա է և չի վերաբերում միայն հայերին»:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ապրիլի 28-ին Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղարության նստավայր Բենյի պալատի կոնֆերանսների դահլիճում կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված գիտաժողով: Այն անցկացվել է Սան Մարինոյում ՀՀ դեսպանության (նստվայրը` Հռոմ) նախաձեռնությամբ` Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղարության հետ համագործակցությամբ: Գիտաժողովին մասնակցել են Սան Մարինոյի կառավարության անդամներ, խորհրդարանականներ, առաջատար կուսակցությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղար Պասքուալե Վալենտինին շնորհակալություն է հայտնել դեսպանությանը գիտաժողովի կազմակերպման նախաձեռնության համար և ընդգծել, որ մարդկության դեմ ոճիրների ճանաչումը հիմնարար նշանակություն ունի անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում: Նա նշել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը և մարդու իրավունքները նույնքան կարևոր են Սան Մարինոյի արտաքին քաղաքականության համար, որքան ճշմարտությանը ծառայելը, ինչն արժեք է և հաճախ է բախվում շահերի հետ: Պետքարտուղարը հավելել է, որ այս համատեքստում Սան Մարինոն բացառություն է և, անկախ իրավիճակներից, ծառայում է ճշմարտությանը: Համաձայն նրա` ճշմարտութանը ծառայելը նաև եվրոպական ընտանիքի անդամների պարտականությունն է, իսկ երբ այդ ընտանիքի որոշ անդամներ նախընտրում են շահերը, Եվրոպան կորցնում է իր հեղինակությունը: Նա նշել է, որ պատմական ճշմարտության ճանաչումը հարկավոր է, որ անցյալի ոճիրները չկրկնվեն, և որպեսզի ցեղասպանության զոհերին վերադարձվի իրենց արժանապատվությունը, քանի որ մինչ սպանելը, նրանց զրկել էին արժանապատվությունից: Պետքարտուղարը կարևորել է նաև փաստը, որ քրիստոնեությունը հայերի համար հատուկ արժանապատվություն է և արժեհամակարգի մաս, ինչը նույնն է նաև Սան Մարինոյի պարագայում, և իր երկրի առաքելությունն է միջազգային հանրությանը լսելի դարձնել այն բոլորի ձայները, ում մերժել են լսել: Ելույթի ավարտին նա վստահություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության պատմական իրականության փաստերը կամրագրվեն նաև Սան Մարինոյի կողմից:

Ապրիլի 29-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը, համագործակցությամբ RAI radio 3 իտալական հանրային ռադիոալիքի հետ, վերջինիս բեմական սրահում անցկացրել է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված «Լռության ճեղքերը» խորագրով միջոցառում: Այն ուղիղ հեռարձակվել է RAI radio 3 ռադիոալիքի եթերով, իսկ տեսագրությունը զուգահեռաբար ցուցադրվել RAI հեռուստառադիոընկերության էլեկտրոնային կայքէջում:

Միջոցառումը վարել է ռադիոալիքի հաղորդավար և մեկնաբան Աննա Մարիա Ջորդանոն: Բանախոսներն էին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Ժողովուրդների մշտական դատական ատյանի գլխավոր քարտուղար Ջիաննի Տոնյոնին և «ԲԱՍՍՈ» հիմնադրամի նախագահ, նախկին դատավոր, եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր, Ազգային դատավորների իտալական խորհրդի նախկին նախագահ, ԵՄ սահմանադրության հեղինակներից Էլենա Պաչիոտտին: Միջոցառումն ընթացել է հարցուպատասխանի ձևով: Աննա Մարիա Ջորդանոն անդրադարձել է մեր օրերում քեսաբահայության հետ պատահած ողբերգությանը:

Դեսպան Ղազարյանն ընդգծել է ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Հիշատակելով հայերի բնաջնջման մասին Ադոլֆ Հիտլերի տխրահռչակ հայտարարությունը` նա մեծապես կարևորել է Ցեղասպանության հիշողության պահպանումն ու տեղեկատվության տարածումը և այդ հարցում լրատվամիջոցների, այդ թվում` RAI հեռուստառադիոընկերության դերը: Ցեղասպանությունների կանխարգելման հարցում նա էական է համարել կրթության նշանակությունը: Դեսպանը խոսել է նաև միջազգային և ազգային ատյաններում ցեղասպանությունների կանխարգելման նպատակով աշխատանքների իրականացման անհրաժեշտության մասին` ներկայացնելով այդ հարցում Հայաստանի Հանրապետության գործադրած ջանքերը: Դեսպան Ղազարյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջին հայտարարությանը` այն բնութագրելով որպես ժխտողականության ավելի խորամանկ դրսևորում: Նա հավելել է, որ այդ հայտարարությունը չի կարող դիտվել որպես առաջընթաց, քանի որ դրանում դահիճներն ու զոհերը դրվել են նույն հարթության վրա, իսկ ցեղասպանությունը որակվել է որպես 1915թ. պատահած միջադեպ, ինչն անընդունելի է:

Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար:

Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. իրադարձությունները գիտական առումով հետազոտելու համար մի միասնական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչ արեց: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների համատեղ հետազոտությունը մեծ դեր կունենա 1915 թվականի իրադարձությունների լուսաբանման ու պատմության ճիշտ մեկնաբանության գործում: Ուստի մենք բացել ենք մեր բոլոր արխիվները հետազոտողների համար: Մեր արխիվներում այսօր պահպանվող հարյուր հազարավոր փաստաթղթերը ներկայացված են պատմաբանների ուսումնասիրությանը: Թուրքիան, վստահորեն նայելով ապագային, միշտ աջակցել է գիտական ու համակողմանի հետազոտություններին՝ պատմության ճիշտ ընկալման համար: Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»:

Դեսպանը բարձր է գնահատել Իտալիայում ապաստան գտած ցեղասպանության վերապրածների հանդեպ Իտալիայի մարդասիրական վերաբերմունքը և անդրադարձել 20-րդ դարում Իտալիայի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքում իտալահայ համայնքի դերին:

Photo: Asbarez