5 մայիսի 2014 - 15:59 AMT
Ամերիկայի Հայ դատի ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին

Ամերիկայի Հայ դատի (ANCA) գրասենյակի արևմտյան բաժնի ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ` Լեռնային Ղարաբաղի ապագայի առնչությամբ իրենց տեսակետներն ու ակնկալիքները փոխանակելու համար, գրում է Asbarez-ը: Հանդիպմանը հայ-ամերիկյան կազմակերպության ղեկավարները մի քանի կարևոր հարց են բարձրացրել և հնչեցրել հայ համայնքի միաձայն դիրքորոշումն առ այն, որ ԼՂ խնդրի արդարացի լուծումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային լիարժեք ճանաչումն է:

Խնդրի ընդգրկուն և արդարացի լուծմանը հասնելու գործում Հայ դատի ներկայացույիչները կարևորել են բանակցություններին Արցախի մասնակցության հարցը: Քննարկվել է Բաքվի կողմից ագրեսիվ հռետորաբանության հարցը, ինչպես նաև այն, որ ԱՄՆ-ն շարունակում է լռել` թույլ տալով Ադրբեջանի իշխանություններին սպառնալիքներ հնչեցնել Արցախի և Հայաստանի հասցեին:

Շեշտվել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է բարոյական հստակությամբ խոսել հարցի վերաբերյալ և Ադրբեջանի բացահայտ ագրեսիայի հարցում չեզոք դիրքորոշում ընդունելու փոխարեն աջակցել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

Իր հերթին դեսպան Ուորլիքն աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազնիվ միջնորդի» հովանու ներքո ընթացող բանակցություններին և խոստացել գտնել տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հաստատման հարցում համապարփակ լուծում:

ANCA-ի արևմտյան բաժնի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, դեսպանը այլ երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում նաև` Հայկական երիտասարդական ֆեդերացիայի արևմտյան բաժնի և ՀՅԴ «Շանթ» ուսանողական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման է մեկնել: Այնուհետև Ուորլիքն ընդունելություն է կազմակերպել Հայկական մշակութային հիմնադրամի գլխավոր գրասենյակում:

Ջեյմս Ուորլիքն այցելել է նաև Ռոզա և Ալեքսա Փիլիբոսների անվան հայկական դպրոց, որտեղ հյուրընկալել է 4-րդ և 6-րդ դասարանցիներին, ապա մասնակցել 8-րդ, 10-րդ և 12-րդ դասարանցիների մասնակցությամբ ընդհանուր հավաքին: Հանդիպումների շարքն ավարտվել Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի Արևմտյան թեմ այցելությամբ: Արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանի հետ քննարկել են մշակութային ժառանգության պահպանման և եկեղեցիների ու գերեզմանոցների ավերման վերաբերյալ հարցեր:

Ապրիլի 11-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ մտահոգված է շարունակվող բռնությամբ հայկական ու ադրբեջանական զորքերի շփման գծում: Հակամարտության կողմերը պետք է ուշադրություն դարձնեն բռնության նվազեցմանն ու փոխեն հռետորաբանությունը բարելավելու համար բանակցային գործընթացը, ասել էր նա:

Ըստ նրա, «մահվան և վիրավորումների վերջին դեպքերը ցույց են տալիս, որ դա վտանգավոր հակամարտություն է, որտեղ հաղթողներ չկան»: Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ-ն ու դրա ինստիտուտները սատարում են խաղաղ կարգավորմանը նպաստելուն ուղղված համանախագահների ջանքերին: Ըստ նրա, տարածաշրջանում կատարվող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան կարևոր է այդ աշխատանքը: Կողմերը պետք է օգտվեն պահից խաղաղ կարգավորման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու համար: Դրանք կարող են կապված լինել վստահության միջոցների ստեղծման, ժողովրդական դիվանագիտության, ուժի կիրառումից վերջնականապես հրաժարվելու հետ:

Ինչպես ասել է Ուորլիքը, համանախագահները պատրաստ են ցանկացած օգնություն ցուցաբերել: «Ես և մյուս համանախագահներն ամբոջ ուշադրությունն ուղղել ենք ՄԱԿ Կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի, վերջին 5 տարիներին նախագահների հայտարարությունների տարրերի հիման վրա հակամարտության արդար ու կայուն կարգավորման հարցում կողմերի աջակցությանը: Մեր չեզոքությունը չափազանց կարևոր է այդ գործընթացի համար»,- ասել է Ուորլիքը: Նա հավելել է, որ համանախագահները կանոնավոր այցեր են կատարում Լեռնային Ղարաբաղ և մերձակա շրջաններ: Դրանք եզակի հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալ իրավիճակը, ասել է ամերիկացի համանախագահը: