6 մայիսի 2014 - 12:25 AMT
ԱԳ նախարարը պաշտոնական այցով Թեհրանում է. Պաշտոնական հանդիպումներ

Մայիսի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ ՆալբանդյաննԻրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Թեհրան: Նախարարին ընդունել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի նախագահն ասալ է, որ երկու երկրները 20 տարվա ընթացքում իրենց հարաբերություններում լավ ձեռքբերումներ են ունեցել, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել և կա երկուստեք ցանկություն առավել ընդլայնելու գործակցությունը, հայտնում են ԱԳՆ-ից։

Էդվարդ Նալբանդյանը Հասան Ռոհանիին փոխանցել է նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Երևան այցելելու հրավերը: ԻԻՀ նախագահը խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հաղորդել Հայաստանի ղեկավարին: Իրանի նախագահն ու ՀՀ արտգործնախարարը գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև զարգացող գործակցությունը, քննարկել բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը։

Թեհրանում կայացել են նաև Էդվարդ Նալբանդյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի բանակցությունները, որոնք մեկնարկել են առանձնազրույցով, ապա շարունակվել պատվիրակությունների մանսակցությամբ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ուրախ է իր գործընկերոջն ընդունել Թեհրանում և քննարկել բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ուղիները: Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ վերջին տարիներին արդեն իններորդ անգամ է Թեհրանում, նույն ժամանակահատվածում ԱԳ նախարարների մակարդակով Երևանում, Թեհրանում և տարբեր միջազգային հարթակներում կայացել է մոտ երեք տասնյակ հանդիպում, ինչը հնարավորություն է ստեղծել առաջ մղելու երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ քաղաքական երկխոսությունը։

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական գործակցության խթանման, տարբեր համատեղ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Նախարարներն անդրադրաձել են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին: Բանակցություններին հանգամանալից քննարկման առարկա են դարձել միջազգային օրակարգի հարցեր:

Նախարար Զարիֆը ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները: Այս առումով նախարար Նալբանդյանը, ողջունելով անցյալ նոյեմբերին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները, հույս է հայտնել, որ բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ նախատեսված ժամկետներում հնարավոր կլինի ձեռք բերել խնդրի համապարփակ կարգավորում, ինչը կարևոր ձեռքբերում կհանդիսանա Իրանի, տարածաշրջանի և ամբողջ միջազգային հանրության համար:

Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման հնարավոր ուղիների շուրջ։ Զրուցակիցները անդրադարձել են Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին։ Հայաստանի արտգործնախարարն Իրանի իր գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը` ընդգծելով այդ հարցում Իրանի հավասարակշռված դիրքորշման կարևորոությունը: Բանակցությունների ավարտին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ Ի պատիվ ՀՀ արտգործնախարարի` նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնական ճաշ է տվել արտաքին գործերի նախարարությունում:

Նույն օրը Թեհրանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը: Ալի Լարիջանին խնդրել է իր շնորհավորանքները փոխանցել ՀՀ վարչապետ նշանակված իր նախկին գործընկերոջը` Հովիկ Աբրահամյանին և ԱԺ նախագահ ընտրված հայ-իրանական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գալուստ Սահակյանին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձել մի շարք տարածաշրջանային խնդիրների: Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաև «Արարատ» մարզամշակութային համալիր, հանդիպել իրանահայ կառույցների ղեկավարներին: